- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԽԱՄԱՃԻԿ ՉԷ».ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Փետրվար 19, 2019 | 19:30
Քաղաքականություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԽԱՄԱՃԻԿ ՉԷ».ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Այսօր կայացավ ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստը:
Նիստի ընթացքում ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ, ինչից հետո ռեկտորը խոսքը փոխանցեց գիտխորհրդի անդամներին՝ լսելու նրանց տեսակետները:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, դատապարտելով նմանօրինակ վերաբերմունքը ԵՊՀ-ի հանդեպ, նշեց, որ պատկան մարմինները նմանօրինակ գործողությունները պետք է անել հանդարտ, խնամքով և իրավական գործընթացների շրջանակներում:
«Պատահական չէ մեր վարչապետի ակնարկն ԱԺ-ում, որ ժամկետից շուտ դատավճիռներ են կարդում, ձևակերպումը հստակ չեմ հիշում, իմ ընկալմամբ, վերաբերում էր ՊՎԾ ղեկավարին և համալսարանի շուրջ ստեղծված իրադրությանը»,- ասաց Հայկ Սարգսյանը:
Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, նշելով, որ պետք է հստակ տարանջատել վերաբերմունքը ռեկտորի և ԵՊՀ-ի վերաբերյալ, ճշգրտեց՝ արդյոք հնարավոր է, որ կառավարական հանձնաժողովի մակարդակով համալսարանին նվիրված միջոցառումները տեղի չունենան զուտ այն պատճառով, որ ռեկտոր այդ պահին մնալու է Արամ Սիմոնյանը:
Ռեկտորը հաստատեց, որ իրեն հասկացրել են՝ մինչև հիմա չի կազմվել հանձնաժողով, որովհետև ինքն է ռեկտորը:
«Ինձ հորդորել են հրաժարական տալ, որ սկսվեն հարյուրամյակի տոնակատարությունները, բարեփոխումները, որոնք ես իբրև թե չեմ անում: Կա այսպիսի կարծիք, որ ես, համալսարանի ղեկավարությունն իբր թե լճացել ենք և չենք կատարում բարեփոխումներ, մինչդեռ ամենամեծ բարեփոխումները կատարվում են հենց համալսարանում, և մենք զարգացման ծրագիր ունենք, որով կետ առ կետ առաջնորդվում ենք: Եթե ուշադրություն դարձնեք համաշխարհային մասշտաբով վերջին ամիսներին կրթության բնագավառի տոնայնությանը, ապա կտեսնեք, որ բոլոր երկրները մտահոգված են. կրթությունն է այն հիմքը, որի վրա այսուհետ պետք է զարգանա մարդկային քաղաքակրթությունը: Անգամ տնտեսական բարդ կացության մեջ գտնվող երկրները մեծ գումարներ են ծախսում կրթության և գիտության ոլորտում, որովհետև լավ հասկանում են, որ համալսարաններն են շարժիչ ուժերը: Հայաստանում բարեփոխումներից խոսում են առանց գումարներ տրամադրելու: Բազային ֆինանսավորման վերացման հետ կապված համալսարանականների դժգոհությունները հասան երկրի ղեկավարությանը, և մեր տեսակետն ընդունվեց: Եթե համալսարանը չպաշտպաներ իր գիտաշխատողներին, ես չգիտեմ, թե ինչ կլիներ», - նշեց ռեկտորը:
Հաջորդը խոսեց Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
«Համալսարանը նախ ազգային արժեք է, և առաջին հերթին պետք է հաշվի առնվեն համալսարանի շահերը, խնդիրները: Այսօր, ըստ էության, այդ ամենն անտեսվում է: Պաշտպանում և ճիշտ եմ համարում ռեկտորի տեսակետը: Եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է իրավական հարթության վրա լուծել: Չի կարելի ամեն մի հարց ամբոխավարությամբ լուծել կամ ուսանողությանն օգտագործել խնդիրներ լուծելու համար: Մենք պետք է մեր դիրքորոշումն արտահայտենք այս հարցում»,- ասաց Էդիկ Մինասյանը:
Իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը նշեց, որ պետական բարձրաստիճան այրի կողմից արված նման հայտարարությունը հարված է համալսարանի և առավել ևս պետության վարկին: Անձի գործոնով պայմանավորված պետության չմասնակցելը համալսարանի հարյուրամյակին նվիրված պետական միջոցառումների կազմակերպմանը չմտածված քայլ է: Համալսարանը պետք է հանդես գա նախաձեռնությամբ, որտեղ պետք է նշվի Կառավարության, լիազոր մարմնի և համալսարանի կոլեկտիվի պարտականությունները մայր բուհի հանդեպ:
Գագիկ Ղազինյանը նաև հավելեց. «Մենք անձի խնդիր չենք դնում, և կարծում ենք, որ ռեկտորի մնալ չմնալու հարցի շահարկումը, չի կարելի օգտագործել համալսարանը վարկաբեկելու համար:
Յուրաքանչյուր համալսարանական պաշտոնյա` լինի դա ռեկտոր, թե դեկան, պարտավոր է հեռանալ, եթե դա է պահանջում համալսարանի շահը: Այս պարագայում ես խիստ կասկածում եմ նշված շահի առկայության հարցում:
Ցանկացած նախորդ և այսօրվա իշխանություն հայտարարել է գիտությունահենք, կրթությունահենք հասարակության կառուցման մասին, սակայն իրականությունը, ինչպես տեսնում ենք բոլորովին այլ է:
Նման գործելաոճի դեպքում ԵՊՀ-ն վարկաբեկվում է և կորցնում հեղինակությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Մենք սխալ ենք վարվել՝ չլինելով պահանջատեր համալսարանի շահերից բխող մեր իրավունքների նկատմամբ: Մենք ընդամենը եղել ենք իշխանություններին լսողի և չհակառակվողի դերում: Երրորդ Հանրապետության առաջին իսկ տարիներից համալսարանը անշեղորեն կորցրել է իր երբեմնի բարձր հեղինակությունը, ինչը հնարավորություն է տվել բոլոր իշխանություններին իրենց ցանկացած ձևով վարվելու համալսարանի հետ: Համալսարանի ունեցած խղճուկ բյուջեով համալսարանը ի պատիվ իր կոլեկտիվի կարողացել է ոչ միայն գոյատևել, այլ նաև որոշակի զարգացում ապահովել, ինչը գնահատելու և համալսարանին օժանդակելու փոխարեն, այն վարկաբեկվում է:
Անգամ անուններ են շրջանառվում, կանոնակարգ փոխելու լուրեր կան, միայն թե ցանկալի մարդ լինի այդ պաշտոնում: Առաջարկս ուժի մեջ է՝ ներկայացնել առաջարկնել նշվածս սուբյեկտներից յուրաքանչյուրի կողմից համալսարանի նկատմամբ ունեցած պարտավորությունների վերաբերյալ» ,- ամփոփեց Գագիկ Ղազինյանը:
Ռեկտորը հիշեցրեց, որ ըստ միջազգային ռեյտինգային սանդղակ Վեբոմետրիքսի՝ ԵՊՀ-ն աշխարհի լավագույն համալսարանների 10%-ի մեջ է՝ անգամ այսպիսի խեղճ ֆինանսավորման պարագայում:
«Այս դեպքում անգամ մարդիկ շարունակում են վատաբանել, ասել, որ համալսարանը վատն է, հետամնաց է, չկա նորմալ բարձրագույն կրթություն և այլն: Հարց է առաջանում, թե մարդիկ ինչ նպատակ են հետապնդում՝ մամուլում և սոցիալական ցանցերում վատաբանելով համալսարանը: Համալսարանը խամաճիկ չէ, այն լուրջ կրթական, գիտական կենտրոն է»,- ասաց ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, հարցնելով, թե արդյոք իրեն նկատի ուներ ռեկտորը, երբ խոսում էր ուսանողական որոշ խմբերի հետ քննարկումներ անցկացնելու մասին և ստանալով ռեկտորի կողմից դրական պատասխան հիշեցրեց, որ տարիներ առաջ՝ մարտի 1-ից հետո, երբ ուսանողները ցույցեր էին անում, մեծ ջանասիրությամբ դատապարտում էին այդ երևույթը:
«Այդ ժամանակ հնչեց մի միտք, թե՝ բա ինչ պետք է լինի, եթե ուսանողների հետ զբաղվում է Նիկոլ Փաշինյանը: Այդ նույն Նիկոլ Փաշինյանն այնքան զբաղվեց, որ երկրում իրավիճակ փոխվեց, և դրա հետ հաշվի նստեց Սերժ Սարգսյանը և ոչ միայն: Ես հիշեցի, որ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովը պաշտոնից ազատվեց վստահության կորստի պատճառով: Ես կարծում եմ, որ պետք է հանդիպել բոլոր ուսանողների հետ, որովհետև բոլորն էլ մերն են: Ես կրկնում եմ այն, ինչ ասել եմ, երբ հավաքվել էին ուսանողական առաջին ցույցերի ժամանակ: Խնդիրն այն է, որ եթե հունվարին Հոգաբարձուների խորհրդին հաշվետվություն եք տվել, ինչո՞ւ հիմա չեք հրավիրում նիստ և բարձրացնում վստահության խնդիր: Շատ է խոսվում ՊՎԾ-ի մասին: Մենք տեղյակ չենք ո՛չ նրանց, ո՛չ Ձեր գրածներից, բայց ներքաշվում ենք այդ խոսակցության մեջ: Մենք աբսուրդ վիճակում ենք, ես դատապարտում եմ իրավիճակը, մեզ չի կարելի դնել խամաճիկի տեղ, բայց որոշողը մենք չենք: Եկեք այս վիճակից այլ կերպ դուրս գանք: Դիմենք խորհրդին, շատ է ձգվում այս թեման, այս անորոշությունը: Կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ: Ես չեմ սպասում Ձեր հրաժարականին, ես սպասում եմ իրավիճակի հանգուցալուծմանը, որ կարողանանք առաջ գնալ»,- ասաց Վահրամ Դումանյանը:
Ռեկտորը նշեց, որ բացի գործընթացի հետ անմիջական կապ ունեցող պրոռեկտորներից, հաշվապահից և մի քանի վարչության պետերից՝ ուրիշ ոչ ոք չի ներքաշվել գործընթացի մեջ, քանի որ իր համար շատ կարևոր է ուսումնագիտական մթնոլորտի պահպանումը: Ռեկտորը հավելեց, որ իրավասու չէ Հոգաբարձուների նիստ հրավիրելու և որևէ խնդիր բարձրացնելու: Ըստ կանոնակարգի՝ նախատեսված չէ ռեկտորին անվստահություն հայտնել, եթե նրա հաշվետվությունը միաձայն դրական է գնահատվել:
Անդրադառնալով ուսանողների որոշ խմբերի հետ հանդիպումներին՝ ռեկտորը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ նրանք ոչ մի կառուցողական քննադատությամբ հանդես չեն գալիս:
«Դուք տեսաք, որ համացանցում տարածվեց, որ նրանց Սորոսի երևանյան գրասենյակը գումար է հատկացրել համալսարանում վարչական վերահսկողության համար: Այստեղ ոչ ոք միամիտ չէ: Ես պատմաբան եմ, ես այս ամենը շատ լավ հասկանում եմ և գիտեմ՝ ինչ է արվում ու ինչպես: Մենք պետք է հանդիպենք նաև մնացած ուսանողների հետ, ոչ թե որոշ հատվածների: Նրանց տարածած նամակներն ընթերցել ու պատասխանել եք, որ պետք է քննարկել, սակայն այստեղ է քննարկման, քննադատման տեղը: Եկեք ու ասեք՝ արժանի չես, որովհետև սա պետք է այսպես անել: Ինչո՞ւ եք երկչոտ դառնում: Ամբողջ ուսանողության կարծիքը 20 հոգի՞ են արտահայտում: Ամեն ոք իրավունք ունի կարծիք արտահայտելու»,- ասաց ռեկտորը՝ հավելելով, որ պատրաստ է և փորձում է լսել բոլորին:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը նշեց, որ իրեն նախևառաջ հուզում է համալսարանի պատիվը:
«Համալսարանը ոչ միայն գիտության, կրթության օջախ է, այլև հասարակական-քաղաքական մտքի զարգացման կենտրոն: Չարաշահումների, կոռուպցիայի մասին պետք է ոչ թե հայտարարել, այլ ստուգումների ավարտից հետո պատժել մեղավորներին: Այն շոուն, որ ստեղծվում է համալսարանի շուրջ, վարկաբեկում է համալսարանը: Ինձ համար ցավ է, որ մինչ օրս մենք չունենք կառավարական հոբելյանական հանձնաժողով: Մենք պետք է դիմենք ԱԺ-ին, արտախորհրդարանական քաղաքական ուժերին, Սփյուռքի մեր քաղաքական ուժերին՝ օգնելու պատվով կազմակերպել և անցկացնել ԵՊՀ-ի հարյուրամյակը: Եկեք միասնական լինենք համալսարանի անունն ու պատիվը փրկելու համար»,- ելույթով հանդես եկավ Մարատ Գրիգորյանը:
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը հիշեցրեց, որ չգիտես ինչու համալսարանը միշտ հայտնվել է քաղաքական ինտրիգների կիզակետում:
«Համալսարանի հարյուրամյակը կարելի է նշել շատ ճոխ նաև մեր ֆակուլտետներում: Խնդիրը, վերջիվերջո, հարյուրամյակը չէ: Արդյո՞ք համալսարանը՝ որպես ազգային կրթօջախ, կպահպանի իր դեմքը, թե՞ դառնալու է շարքային բուհերից մեկը»,- ասաց Ալեքսան Բաղդասարյանը:
Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանն ասաց. «Քառասուն տարուց ավելի է, որ աշխատում եմ համալսարանում: Մեր բոլոր ռեկտորները եղել են ամենաբարձր մակարդակ ունեցող մարդիկ»:
Նա մտահոգություն հայտնեց ԿԳ նախարարի գիտական վաստակի վերաբերյալ՝ նշելով, որ իր վստահությունը նախարարը չի վայելում:
Վահրամ Դումանյանը կոչ արեց բաց խաղալ, ներքին քննարկումների փոխարեն հանդիպել մեդիայի ներկայացուցիչների հետ՝ հանրայնացնելով սեփական դիրքորոշումները և տեսակետները:
Գագիկ Ղազինյանը, անդրադառնալով անհատական շփումներին, առաջարկեց գիտխորհրդի անունից հայտարարություն տարածել:
65 կողմ, 3 ձեռնպահ ձայների քվեարկությամբ որոշվեց ստեղծել հանձնաժողով, որը կազմելու է գիտխորհրդի հայտարարությունը և հինգշաբթի ներկայացնելու է գիտխորհրդի հաստատմանը:
Մարի Ռաֆյան