- Գլխավոր
- Նորություններ
- ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ, ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Փետրվար 21, 2019 | 20:43
Քաղաքականություն
ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ, ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 7 և ընթացիկ հարցերով այսօր տեղի ունեցավ ԵՊՀ գիտխորհրդի հերթական նիստը:
Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ ԵՊՀ ռեկտորն անդարադարձավ ՀՀ ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրությանը ՀՀ ԿԳ նախարարի՝ «Facebook» սոցիալական կայքի միջոցով արված ելույթին:
Այնուհետև նիստի ընթացքում քննարկվեց ԵՊՀ գիտխորհուրդի կողմից հայտարարություն տարածելու հարցը: Արամ Սիմոնյանը հիշեցրեց, որ դեռևս նախորդ նիստին ստեղծել էր հանձնաժողով, որը կազմել է գիտխորհրդի հայտարարությունը, և այն ներկայացնում է անդամների հաստատմանը:
ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանն ընթերցեց տեքստը, որից հետո ծավալվեց քննարկում՝ բովանդակության վերաբերյալ: ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը և ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը նշեցին, որ այն այլևս ժամանակավրեպ է:
ԵՊՀ գիտխորհրդի որոշ անդամներ էլ առաջարկեցին բովանդակային փոփոխություններ իրականացնել տեքստում, և ապա նոր միայն այն տարածել: Ծավալված քննարկման արդյունքում ԵՊՀ գիտխորհուրդը որոշեց վերանայել հայտարարության տեքստը, և հետո միայն այն ներկայացնել գիտխորհրդի հաստատմանը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը ներկայացրեց ԵՊՀ գիտական խորհրդի 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ժամանակացույցը, որը միաձայն հաստատվեց:
Այնուհետև գիտխորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահներ Նաղաշ Մարտիրոսյանը և Խաչատուր Ներկարարյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրին Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի ընտրության մասին ֆակուլտետի գիտական խորհրդի ընդունած որոշումը և պրոֆեսորի ու դոցենտի կոչումների շնորհման հայցերը:
Առաջադրված հարցերը հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով՝ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանի գլխավորությամբ, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն:
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության 2019-2021 թթ. գործունեության ծրագիրը, որը միաձայն հաստատվեց:
ԵՊՀ պրոռեկտորը հաղորդեց նաև հայաստանյան բուհերի 2018 թ. վարկանիշավորման տվյալները՝ անդրադառնալով «Webometrics»-ի կողմից հրապարակված ցուցանիշներին. «Այս տարվա հունվարին հրապարակված արդյունքների համաձայն՝ ԵՊՀ-ն աշխարհի 28 հազար համալսարանների միջև զբաղեցնում է 2600-րդ տեղը, իսկ Հայաստանի մասշտաբով այն զբաղեցնում է առաջին հորիզոնականը»:
ԵՊՀ ռեկտորը շեշտեց, որ այս արդյունքները գրանցվում են ֆինանսական սուղ պայմաններում. «Միայն դասախոսների և ուսանողների ներուժի շնորհիվ է, որ մենք առաջատար դիրքերում ենք»:
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը ներկայացրեց 2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը, որը միաձայն հասատատվեց: Ի դեպ, Ռուսաստանի հայերի միության կողմից հայաստանյան մի շարք բուհերի համար սահմանվել են կրթաթոշակներ՝ 10 ամսով, յուրաքանչյուր ամսվա համար 50 հազար դրամի չափով. «Մենք ստացել ենք առաջարկը, քննարկել և որոշել լրացուցիչ կրթաթոշակները տրամադրել ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի և սոցիոլոգիայի ֆակուլտետներին»:
Այնուհետև ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին զեկուցեց ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը՝ նշելով, որ ֆակուլտետի գիտխորհուրդը միաձայն որոշել է ֆակուլտետի կանոնադրության մեջ իրականացնել փոփոխություններ՝ անվանափոխության պայմանավորված: Հարցը միաձայն ընդունվեց:
Ընթացիկ հարցերի շրջանակում միաձայն հաստատվեցին նաև Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Վ. Բարխուդարյանի «Մոլեկուլների կառուցվածքը և հատկությունները» վերնագրով աշխատանքը հրատարակության երաշխավորելու և որպես բուհական դասագիրք հաստատելու հրացում ՀՀ ԿԳ նախարարություն միջնորդություն ներկայացնելու մասին, ինչպես նաև Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կանոնադրության նոր խմբագրությամբ նախագիծը և ԵՊՀ գույքի վարձակալության տրամադրման կազմակերպման կարգի նախագիծը:
Ստեղծված հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Հակոբյանը ներկայացրեց փակ, գաղտնի քվեարկության արդյունքները, համաձայն որոնց՝ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի ընտրության մասին ֆակուլտետի գիտական խորհրդի ընդունած որոշումը և պրոֆեսորի ու դոցենտի կոչումների շնորհման հայցերը հաստատվեցին:
Նիստի ավարտին ԵՊՀ գիտխորհուրդն անդրադարձավ հայտարարությանը: Կազմված նոր տեքստը ներկայացվեց գիտխորհրդի հաստատմանը: 3 դեմ և 2 ձեռնպահ ձայների քվեարկությամբ որոշվեց հայտարարությունը հաստատել և տարածել:
Նիստի մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյությում:
Քնար Միսակյան