- Գլխավոր
- Նորություններ
- ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԵՊՀ 2021 Թ. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Դեկտեմբեր 24, 2020 | 16:55
Հասարակություն
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԵՊՀ 2021 Թ. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի առցանց նիստը:
Օրակարգային առաջին հարցի քննարկման ժամանակ գիտխորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանը հայտնեց, որ հանձնաժողովը ստացել և քննել է դոցենտի գիտական կոչումների շնորհման 11 հայց, որից երկուսի դեպքում փաստաթղթերը լրամշակելու անհրաժեշտություն է առաջացել:
Նա ասաց, որ մնացած 9 հայցի դեպքում ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին և երաշխավորվել են հանձնաժողովի կողմից:
Գիտխորհրդի անդամներն առցանց եղանակով, փակ գաղտնի քվեարկությամբ հաստատեցին մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված դոցենտի գիտական կոչումներ շնորհելու 9 հայցը:
Այնուհետև ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ԵՊՀ 2020 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) կատարողականը (հունվար-նոյեմբեր)։ Նա տեղեկացրեց, որ 11 ամիսների ընթացքում եկամուտները նախատեսվածի նկատմամբ հավաքվել են 85 %-ով, իսկ ծախսերը կատարվել են 81 %-ով. «Կատարողականն այս պահին պրոֆիցիտային է, որը կազմում է 316 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 808 մլն դրամ»:
Կատարողականի մանրամասն ներկայացումից հետո ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն ասաց, որ դեկտեմբերը ծախսատար է, ըստ այդմ՝ բյուջեի պրոֆիցիտային մասը ծախսվելու է:
Նիստի ընթացքում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը հետաքրքրվեց, թե փաստը, որ «Բանբեր» գիտական հանդեսն այսուհետ լույս է տեսնելու միայն էլեկտրոնային տարբերակով, կապված է ֆինանսական ծախսերի հետ, թե այլ պատճառ ևս կա: Նրա կարծիքով, հանդեսը պետք է անպայման տպագիր տարբերակ ունենա, հակառակ դեպքում՝ խայտառակություն է և ոչ պատվաբեր:
Հարցին ի պատասխան՝ Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ նախ դա ընդունված տարբերակ է, հետո էլ որոշումը կայացվել է հանդեսի բոլոր սերիաների պատասխանատուների համատեղ քննարկումից հետո. «Եղել է միասնական որոշում: Դժբախտաբար, մեր հանդեսները շատ դժվարությամբ են հոդվածների համապատասխան քանակ հավաքագրում, ինչից տուժում է որակը: Էլեկտրոնային հանդեսը հնարավորություն կտա ունենալու ավելի շատ ընթերցող և ավելի հեշտությամբ տարածելու տարբերակ: Բացի դրանից՝ եթե հոդվածն ընդունվի խմբագրության կողմից, այսուհետ այն անմիջապես հրատարակվելու է»:
ԵՊՀ արհեստական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն էլ հետաքրքրվեց, թե այս ընթացքում, երբ ուսումնական գործընթացն իրականացվում է հեռավար, ինչքան խնայողություն է կատարվել: Գեղամ Գևորգյանը պատասխանեց, որ կոմունալ վճարների հետ կապված, եթե եղել են խնայողություններ, ապա համավարակի հետ կապված եղել են նաև ծախսեր և չմուտքագրված գումարներ:
«Չմուտքագրված գումարներ ունենք հանրակացարանից, հյուրերի տնից, քիչ մուտքագրված գումարներ՝ «Ծաղկաձոր» ուսումնաարտադրական բազայից, պակասել է մուտքագրումը մարզադահլիճից: Եղել են նաև ծախսեր այս առումով»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում Ռաֆիկ Գրիգորյանը հաղորդեց ԵՊՀ 2021 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին։ Նրա խոսքով, ԵՊՀ 2021 թ․եկամուտների և ծախսերի նախահաշիվը դեֆիցիտային է․ «Դեֆիցիտի լրացման աղբյուրը 2021 թ․ հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիների ընթացքում կուտակված դրամական միջոցների մնացորդն է»։
Բյուջեի նախահաշվի մանրամասն ներկայացումից հետո գիտխորհրդի անդամները հարցեր հղեցին՝ կապված տարբեր ծրագրերին ուղղված ֆինանսավորման հետ:
Հաջորդիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց 2019-2020 ուստարվա գործունեությունը։
Նրա փաստմամբ, ուսումնական տարում մասնաճյուղի գործունեությունն իրականացվել է 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի նպատակներին և նրանց իրականացման պլան-ժամանակացույցին համապատասխան՝ կարևորելով կրթության որակը և նրա շարունակական բարելավումը։
Անուշավան Մակարյանի խոսքով, ուսումնական տարում սկսել է իրականացվել բակալավրիատի կրթական 3 նոր ծրագիր՝ «Հոգեբանություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Դեկորատիվ կիրառական արվեստ», բացի դրանից՝ ԿԳՄՍՆ լիցենզավորման գործակալության կողմից տրվել է հեռակա ուսուցման «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագրով կրթություն իրականացնելու թույլտվությունը:
«Սկսվել են նաև «Տնտեսական քաղաքականություն և իրավունք» մագիստրոսական և «Մեխատրոնիկա և ռոբոտոտեխնիկա» բակալավրական կրթական ծրագրերի ներդրման հայտերի պատրաստման գործընթացները»,- ասաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարը, ապա ներկայացրեց վիճակագրական տվյալներ ուսանողների թվի, դասախոսների կազմի, իրականացված միջոցառումների և աշխատանքների վերաբերյալ։
Օրակարգային հաջորդ հարցին անցնելով՝ ԵՊՀ գիտական խորհուրդը հաստատեց մշտական հանձնաժողովների կառուցվածքն ու կազմը: Ըստ այդմ՝ ԵՊՀ գիտխորհրդում գործելու են Իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության, Որակի ապահովման, Էթիկայի և Մրցութային հանձնաժողովները:
Անցնելով ընթացիկ հարցերին՝ գիտխորհուրդը հաստատեց ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի հաշվետվությունները:
Այնուհետև որոշեց «Ֆիզիկա» աշխատանքը և «Անօրգանական քիմիա» երկհատոր դասագրքի 2-րդ հատորի «Անցումային տարրերի քիմիա» երկրորդ գիրքը հրատարակության երաշխավորելու և որպես բուհական դասագրքեր հաստատելու հարցում ՀՀ ԿԳՄՍՆ-ին միջնորդելու մասին:
Քնար Միսակյան