- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՅԺՄ ԵՍ ՈՒՆԵՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԴԻՊԼՈՄ ԵՎ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ, ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ՝ ՔԻՄԻԱ ԵՎ ՖԱՐՄԱՑԻԱ». ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԱԴԱՆԱ ՔԵՇԻՇՅԱՆ
Հուլիս 08, 2019 | 15:59
Ուսանողական
«ԱՅԺՄ ԵՍ ՈՒՆԵՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԴԻՊԼՈՄ ԵՎ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ, ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ՝ ՔԻՄԻԱ ԵՎ ՖԱՐՄԱՑԻԱ». ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԱԴԱՆԱ ՔԵՇԻՇՅԱՆ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը հնարավորություն է ընձեռում միաժամանակ ուսումնառելու երկու բուհում՝ ստանալով մագիստրատուրայի երկու դիպլոմ: Ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայի շրջանավարտ Ադանա Քեշիշյանն ինստիտուտի պատմության մեջ առաջին անգամ Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի համալսարանի (РУДН) «Քիմիա» մասնագիտացմամբ ստացել է մագիստրատուրայի դիպլոմ:
ysu.am-ը զրուցել է Ադանա Քեշիշյանի հետ՝ հետաքրքրվելու ուսումնառության տարիների, ուշագրավ հիշողությունների, ձեռքբերումների և հետագա ծրագրերի մասին:
Մեր զրուցակիցը ԵՊՀ-ում ուսումը շարունակելու որոշումը կայացրել էր դեռ «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրում ուսումնառելու տարիներին: «Երևանի պետական համալսարանը եղել է, անտարակույս, ամենաառաջին որոշումս բուհ ընդունվելիս, և այդ որոշումը նախատեսել էի դեռ «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրում ուսանելիս: Իմ անփոխարինելի դասախոսներից մեկը՝ Ժաննա Սարգսյանը, առաջարկեց ինձ ընդունվել նշված ֆակուլտետ և ապագաս կերտել դեղագիտության ասպարեզում, քանի որ նա գնահատում էր իմ հետաքրքրվածությունը քիմիայի նկատմամբ և ինձ հնարավորություն էր տվել մասնագիտորեն կայանալու»,- պատմում է Ադանան:
Վերջինս նշեց նաև, որ Ֆարմացիայի ինստիտուտի ստեղծումը տեղի է ունեցել հենց իր ուսումնառության ժամանակահատվածում. «Իմ ուսումնառության հինգ անփոխարինելի տարիներն անցել են Ֆարմացիայի ինստիտուտում, որի ընթացքում ես զինվել եմ այնպիսի գիտելիքներով և համարձակությամբ, որ այժմ կարող եմ վստահորեն դիմել դեղագործական ոլորտի հզորներին՝ համալրելով վերջիններիս աշխատանքային թիմը»:
Ուսանողական ակտիվ կյանքն Ադանան պայմանավորում է ինչպես ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի կազմում լինելով, այնպես էլ արտաուսումնական ծրագրերին ու մրցույթներին մասնակցելով. «Հետաքրքիր հիշողություններս մեծամասամբ կապում եմ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողական գիտական ընկերության նախագահ եղած տարվա հետ, որի ընթացքում ինստիտուտի ուսանողների հետ մասնակցել ենք բազմաթիվ միջոցառումների, գնացել էքսկուրսիաների և այլն»:
Նշենք նաև, որ 2016 թ. նոյեմբերին համալսարանական ակտիվության շնորհիվ Ադանան արժանացել է ԵՊՀ «Լավագույն ուսանող» կոչմանը, իսկ 2018 թ. հանրապետական մրցույթում կենսաբժշկության ոլորտում դարձել է «ՀՀ լավագույն ուսանող» (հղում):
«Հույս ունեմ, որ ապագայում կդառնամ այնպիսի դեղագետ, որ կարդարացնեմ հաջողություններս և չեմ սահմանափակվի դրանցով»,- ընդգծեց Ա. Քեշիշյանը:
Ադանան 2017 թ. հոկտեմբերից Մոսկվա է մեկնել Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի համալսարանի (РУДН) «Քիմիա» դեղագործական անալիզ դեղերի արտադրության և որակի հսկման մեջ մասնագիտացմամբ մեկամյա ծրագրով, որն առաջինն էր ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի պատմության մեջ:
«Ծրագիրը կոչվում է «ԱՊՀ երկրների ցանցային համալսարան» և գլխավորվում է «РУДН»-ի կողմից՝ հնարավորություն տալով տարբեր ազգերի ուսանողներին մեկնելու ՌԴ և ուսանելու սիրելի մասնագիտությամբ»,- տեղեկացրեց շրջանավարտը:
Վերջինս ընդգծեց ծնողների ունեցած թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական աջակցությունն իր՝ Մոսկվա մեկնելու և կրթությունը շարունակելու գործում. «Մեկ տարվա ընթացքում ես նոր ընկերներ ձեռք բերեցի, սովորեցի ինքնուրույն հաղթահարել բազմաթիվ արգելքներ և, միևնույն ժամանակ, գերազանց սովորել: ՌԴ-ում ավարտելով մեկամյա ուսումս՝ տեղափոխվեցի ԵՊՀ և շարունակեցի սովորել ևս մեկ տարի՝ավարտելով մագիստրատուրան գերազանցությամբ: Այժմ ես ունեմ գերազանցության երկու դիպլոմ և, միաժամանակ, երկու մասնագիտացում՝ քիմիա և ֆարմացիա»:
Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ Ադանան նշեց, որ բազում նպատակներ ունի, որոնք ցանկանում է իրագործել: «Առայժմ փորձում եմ աշխատանքային բազմաթիվ առաջարկություններից ընտրել այն, որն ինձ կտանի իմ նպատակների ճանապարհով, և ինչու ոչ, ապագայում կդառնամ հայտնի դեղագետ ու կապահովեմ հասարակությանը դեղերի մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ»,- զրույցն ամփոփեց Ադանա Քեշիշյանը:
Պատրաստեց Անգին Խաչատրյանը