- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՎ ՀՀ ԱԱԾ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Փետրվար 05, 2021 | 15:59
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՎ ՀՀ ԱԱԾ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի պետ Հովհաննես Կարումյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ իրավական հիմք հաղորդելով երկու կառույցների միջև համագործակցությանը:
Հուշագրի ստորագրման արարողությանը, որին ներկա էին երկու կառույցների ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ասաց, որ այս նախաձեռնությունը կարևոր փուլ է հանդիսանալու համագործակցության համար. «Մենք այսօր մեր համագործակցությանն իրավական հիմք ենք տալիս, որի հիման վրա պետք է շարունակենք խորացնել այն»:
Գագիկ Ղազինյանը նշեց, որ համագործակցության հուշագրի նախագիծը մի քանի անգամ փոխանակվել է, ուսումնասիրվել, լրացվել և այսօր ստորագրվող բովանդակությամբ լիովին բավարարում է այն առաջնահերթությունների պահանջներին և ցանկություններին, որոնք այս պահին առկա են երկու կառույցներում:
Իրավագիտության ֆակուլտետի դեկանը փաստեց, որ հուշագրով հաստատված համագործակցության ուղղություններն այս պահի դրությամբ ամբողջական են, բայց դրանք հետագայում կարող են լրացվել և իրականացվել:
Գագիկ Ղազինյանը նշեց, որ ինչպես կենտրոնն ունի ֆակուլտետի ներուժի կարիքը, այնպես էլ ֆակուլտետը՝ կենտրոնի. «Գաղտնիք չէ, որ մեր ֆակուլտետն արդեն բավական երկար ժամանակ որդեգրել է ուսանողներին պատշաճ տեսական գիտելիքների հիման վրա գործնական հմտությունների մատուցման քաղաքականություն, և կարծում եմ՝ կենտրոնի հետ մեր համագործակցությունը նպաստելու է այդ նպատակի իրականացման արդյունավետությանը»:
ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի պետ Հովհաննես Կարումյանը նշեց, որ համագործակցության հուշագիրը կարևոր է, քանի որ երկու կառույցները պատրաստում են երիտասարդ իրավաբաններ, իրավական համակարգի աշխատակիցներ, որոնց իրավական գիտելիքների բարձր որակը պետք է հավուր պատշաճի ապահովել:
«Հիմնական ուղղությունը, որով աշխատում է ԱԱԾ-ն, օպերատիվ աշխատանքն է, այդ աշխատանքը կատարելիս երբեք և ոչ մի օր չի կարելի մոռանալ, որ այն պետք է իրականացնել միայն օրինական ճանապարհներով»,- ասաց Հովհաննես Կարումյանը և վստահեցրեց, որ հուշագրի ստորագրումից հետո երկու կառույցների միջև համագործակցությունը կլինի շատ ավելի համակարգված և արդյունավետ:
Տեղեկացնենք, որ համագործակցության հուշագրի համաձայն՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնը համատեղ իրականացնելու են ազգային անվտանգության ապահովման ոլորտում գործող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի ու դրանց առանձին դրույթների իրավական փորձաքննություն, վերլուծություն, դրանց վերաբերյալ գիտականորեն հիմնավորված եզրակացություն, կազմակերպելու են ոլորտում գործող օրենսդրության կատարելագործման հարցերով քննարկումներ, խորհրդատվություններ և այլ միջոցառումներ:
Բացի դրանից՝ երկու կառույցների մասնագետները ներգրավվելու են ուսումնական աշխատանքներին՝ հնարավորություն ստանալով առանձին թեմաներով հանդես գալու դասախոսություններով: Ըստ հուշագրի՝ Իրավագիտության ֆակուլտետի դասախոսները ներգրավվելու են կենտրոնում դասավանդվող դասընթացների մշակման, դրանց համար անհրաժեշտ ուսումնաօժանդակ նյութերի պատրաստման, կենտրոնի համար կադրեր պատրաստելու և վերապատրաստելու աշխատանքներին:
Իրավագիտության ֆակուլտետը, հուշագրի համաձայն, կենտրոնի կողմից երաշխավորված աշխատակիցներին որպես գիտական աստիճանի հայցորդ ձևակերպելու կամ ասպիրանտուրայի ընդունելության գործընթացում ցուցաբերելու է մեթոդական օժանդակություն:
Քնար Միսակյան