- Գլխավոր
- Նորություններ
- ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԴԱՍԱԽՈՍ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱԻԴԱ ԻՍԿՈՅԱՆԸ
Նոյեմբեր 09, 2021 | 13:15
Հասարակություն
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԴԱՍԱԽՈՍ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱԻԴԱ ԻՍԿՈՅԱՆԸ
Մարդու կողմից իր կյանքի որոշակի ուղու ընտրությունն առավելապես պայմանավորված է արժեքային համակարգով, այդ ուղով առաջ շարժվելու հաստատակամությամբ։ Աիդա Իսկոյանն ընտրել էր կրթելու, դաստիարակելու և հետազոտելու ստեղծարար ու շնորհակալ ուղին, իսկ նրա ձեռքբերումներն արդյունք են եղել քրտնաջան աշխատանքի, պարկեշտության և անկոտրունության։
Կյանքում ոչ մի արհավիրք ի զորու չեղավ ստվերելու գիտությամբ զբաղվելու և կրթելու՝ համալսարանականի նրա ընտրած ճանապարհը, որը նա անցավ պարտքի բարձր գիտակցմամբ։ Աիդա Իսկոյանը վաստակաշատ դասախոս էր, հարգված գործընկեր և ընտանիքի սիրված մայր։ Հենց գնահատելի այդ հատկություններն էին նրան վաղուց ճանաչելի դարձրել ինչպես Մայր բուհում, այնպես էլ hանրապետությունում և արտասահմանյան գիտական շրջանակներում։
Աիդա Իսկոյանի իմաստալից կյանքի մեծագույն մասը կապված է եղել Երևանի պետական համալսարանի հետ, և ինչպես ԵՊՀ-ն է ունեցել իր մեծ ներդրումն օրինակելի մտավորականի նրա կերպարի կերտման գործում, այնպես էլ պրոֆեսորը նվիրաբերել է իր կարողությունները՝ ի սպաս և նպաստ Մայր բուհի կրթող ու դաստիարակող ունակության պահպանման և զարգացման։
ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտից, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոսից, այնուհետ Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչից մինչև Էկոլոգիական իրավունքի կենտրոնի տնօրենի պատասխանատու աշխատանքի ստանձնումը պայմանավորված է եղել գիտնականի և հոգենվիրումով գործող մարդու նրա արժանապատիվ կեցվածքով: Ընդ որում՝ հատուկ պետք է շեշտել, որ Աիդա Իսկոյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում առաջին կին դասախոսն է եղել և ՀՀ էկոլոգիական իրավունքի ակունքներում կանգնած մասնագետը:
Էկոլոգիական իրավունքի զարգացումը Հայաստանում առավելապես պայմանավորված է եղել նրա ջանասիրությամբ և նպատակասլաց գործունեությամբ, իսկ Էկոլոգիական իրավունքի կենտրոնի ստեղծումը հետազոտական և գիտակրթական ուրույն մշակույթ է ձևավորել աշխատանքի կազմակերպման, իրականացման և վերահսկման առումներով: Անուրանալի է Աիդա Իսկոյանի վաստակը ՀՀ հողային և էկոլոգիական իրավունքների զարգացման, արդիականացման, մասնագիտության յուրացման գործնական առաջադեմ մեթոդների ներդրման և կիրառման գործում:
Նրա հանդեպ տածվող հարգանքը զուտ աշխատանքային ունակություններով չէր պայմանավորված. այդ հարցում մեծ դեր ունեին պրոֆեսորի անձնային հատկանիշները, գործընկերներին գնահատելու նրա մոտեցումը, երիտասարդ հետազոտողներին աջակցելու պատրաստակամությունը, ունակ և բանիմաց սովորողների ճակատագրի ու մասնագիտական աճի հանդեպ հոգածությունը:
Աիդա Իսկոյանի ձեռքբերումները քրտնաջան աշխատանքի ու հանրությանը մատուցած ծառայությունների դիմաց պետական, հասարակական ու մտավորական շրջանակների շնորհակալության արտահայտությունն են: Այդ մասին են վկայում «Մխիթար Գոշի», ՀՀ բնապահպանության նախարարի, ՀՀ կրթության և գիտության նախարարի գերատեսչական մեդալներով պարգևատրումները: Դրանք ցանկացած համալսարանականի և յուրաքանչյուր մարդու համար սրտանց ուրախանալու և հպարտանալու առիթներ են:
Հատկանշական է, որ «Դուք» տիտղոսից, կոչումից և պարգևից առավել Աիդա Իսկոյանն արժևորել է աշխատանքն ինքնին, դրա արդյունքը՝ որպես մնայունության և սերունդներին փոխանցվող արժեք: Իսկ նրա կերպարն ամբողջացրել է կանացի էությունը՝ հեզությունը, հոգատարությունը, լրջությունն ու իմաստությունը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցներն ու ուսանողներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Աիդա Իսկոյանի ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին ու ընկերներին անդառնալի կորստի համար:
Պրոֆեսորի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ ժամը 18:00-20:00-ն: Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին Երևանի քաղաքային պանթեոնում:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ