- Գլխավոր
- Նորություններ
- «ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԴԵՌԵՎՍ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՌՀԱՎԱՏՉՅԱ ՉԷ: ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԿԱՄ ՀԱՆՈՒՆ ԴԻՊԼՈՄԻ». ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մարտ 05, 2021 | 14:56
Կրթություն
«ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԴԵՌԵՎՍ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՌՀԱՎԱՏՉՅԱ ՉԷ: ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԿԱՄ ՀԱՆՈՒՆ ԴԻՊԼՈՄԻ». ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Ալեքսանդր Հայրապետյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Խորը ուսուցման ոլորտում մասնագիտացող Ալեքսանդրի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտական հետաքրքրությունների շրջանակի, կրթության և ֆիզիկայի բնագավառի հիմնախնդիրների և դրանց լուծման եղանակների մասին:
- Ալեքսանդր, ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք ընդունվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ:
- Դեռ մանկուց ինձ հետաքրքրել են շրջակա աշխարհը և դրանում տեղի ունեցող երևույթները։ Ավելի հասուն տարիքում, երբ սկսեցի ուսումնասիրել բնագիտական առարկաները, ֆիզիկան ինձ մոտ առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց, և ես սկսեցի այս ոլորտով ավելի խորը հետաքրքրվել։ Ինձ առանձնահատուկ հետաքրքրեց օպտիկայի բաժինը՝ իր մեջ ներառված բազում երևույթներով։ Բուհ ընդունվելիս, երբ պետք էր ընտրություն կատարել բնագիտական մասնագիտությունների միջև, իմ որոշումը միանշանակ էր՝ ֆիզիկա, և ես ընդունվեցի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ։ Այս ֆակուլտետում ուսումնառությունս ցույց տվեց, որ այստեղ կարելի է ձեռք բերել ոչ միայն բավականաչափ գիտելիքներ ֆիզիկայի վերաբերյալ, այլ նաև բարելավել մաթեմատիկական հմտությունները և ձևավորել յուրօրինակ աշխարհայացք։
- Ինչպե՞ս իմացաք մրցույթի մասին և որոշեցիք մասնակցել դրան:
- Մրցույթի մասին պատահական իմացա և որոշեցի ծանոթանալ դրա չափորոշիչներին։ Արդյունքում որոշեցի մասնակցել և հասկանալ, թե որքանով կգնահատվի ակադեմիական առաջադիմությունս բնագիտական ոլորտում։
- Մասնակցե՞լ եք այլ մրցույթների: Կարևորո՞ւմ եք դրանք:
- Առիթ եմ ունեցել զեկուցմամբ հանդես գալու միջազգային երկու գիտաժողովներում։ Բացի դրանից՝ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ պատիվ եմ ունեցել պարգևատրվելու ԵՊՀ բրոնզե մեդալով՝ ուսման մեջ գրանցված հաջողությունների, Ուսանողական գիտական ընկերության զարգացման գործում ունեցած դերակատարության համար։
Ըստ ինձ՝ ցանկացած այսօրինակ արդյունք կարող է մոտիվացնել ուսանողին և դրդել վերջինիս էլ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել իր ոլորտում, որոնք, բացի հետագա գործունեությունն առավել արդյունավետ դարձնելուց, կարող են նպաստել արտասահմանյան այլ բուհերի հետ որոշակի կապերի ձևավորմանը։
- Այս մրցույթին մասնակցելու չափորոշիչներից մեկը գիտական աշխատանքների առկայությունն է: Ի՞նչ թեմաներով եք իրականացնում հետազոտություններ: Ո՞րն է գիտական Ձեր հետաքրքրությունների շրջանակը:
- Գիտական իմ հետաքրքրությունների շրջանակը ներառում է հեղուկ բյուրեղների ֆիզիկան և լազերային ֆիզիկան, մասնավորապես լազերային ճառագայթման ղեկավարումը հեղուկ բյուրեղական թիթեղների միջոցով։ Համահեղինակ եմ գիտական երկու հոդվածների, որոնք տպագրվել են «Journal of Contemporary Physics» (Armenian Academy of Sciences) գիտական ամսագրում։
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է փոխել հայաստանյան կրթական համակարգի մեջ այն բարելավելու համար:
- Հարցը չափազանց բարդ է և ծավալուն, սակայն գտնում եմ, որ առաջին քայլը կարող է լինել որակյալ կրթության արժևորումը և վերջինիս ընկալման փոփոխությունը։ Բարձր գնահատականը դեռևս կրթության որակի առհավատչյա չէ: Կրթությունը երբեք չպետք է լինի ինքնանպատակ կամ հանուն դիպլոմի։ Այնպիսի միջոցառումները, ինչպիսիք են «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը, անշուշտ խթանում և մոտիվացնում են ուսանողներին, սակայն ուսանողներին էլ ավելի մոտիվացնելու համար պետք է ավելացնել և՛ անվանական կրթաթոշակի չափը, և՛ ստացողների քանակը, հատկապես բնական գիտությունների ասպարեզում, որոնք ռազմավարական կարևորություն ունեն մեր երկրի համար։ Քանի որ համավարակով պայմանավորված առցանց կրթությունն արդեն իսկ արմատավորվել է մեր մշակույթի մեջ, ապա կարելի է դիտարկել օտարերկրյա առաջատար մասնագետների կողմից հրավիրյալ բանախոսությունների կազմակերպումը, որը ցանկալի կլիներ՝ պարբերական բնույթ կրեր։
- Ձեր սահմանմամբ՝ ի՞նչ է ֆիզիկան: Ինչո՞ւ է այն կարևոր:
- Ֆիզիկան գիտություն է, որն ուսումնասիրում է բնության ֆունդամենտալ օրենքները՝ փորձելով բացատրել դրանք։ Ֆիզիկան կարևոր դեր ունի մարդու կյանքում, քանի որ այն կարող է տալ լուծումներ մեծ քանակությամբ խնդիրների՝ սկսած բժշկական սարքերի ուսումնասիրություններից և բարելավումից, մինչև տիեզերքին առնչվող ֆունդամենտալ խնդիրների լուծումներ։ Ավելին, հարկ է նշել, որ Ֆիզիկայի ֆակուլտետում ուսանողը կարող է ստանալ այնպիսի գիտելիքներ, որոնք հետագայում հնարավորություն կտան վերաորակավորվելու հարակից ոլորտներում և լավագույնս դրսևորվել:
- Ըստ Ձեզ՝ ճշգրիտ գիտությունները պե՞տք է ավելի գիտահանրամատչելի դառնան: Ի՞նչ է պետք անել դրա համար:
-Գաղափարը վատը չէ, սակայն այն չպետք է լինի աշխատությունների գիտականության հաշվին։ Կարծում եմ, որ հանրությունն ավելի հաղորդակից կդառնա ճշգրիտ գիտությունների ոլորտում տեղի ունեցող զարգացումներին և հայտնագործություններին գիտահանրամատչելի ամսագրերի միջոցով։
- Ի՞նչ մարտահրավերներ կան այսօր Ձեր բնագավառում: Ի՞նչ լուծումներ կառաջարկեիք Դուք:
- Հարցը բավականին ծավալուն պատասխան է պահանջում, քանզի ֆիզիկան այն ոլորտն է, որտեղ ամեն օր նոր մարտահրավերներ են առաջանում: Դրանց լուծման համար ոլորտի մասնագետներին տարիների քրտնաջան աշխատանք է պահանջվում։ Ես ինքս դեռ նոր եմ առաջին քայլերն անում այս ոլորտում, ուստի չեմ կարող ինչ-որ լուծումներ առաջարկել: Պարզապես կասեմ, որ ջանք ու եռանդ չեմ խնայի ապագայում իմ համեստ դերն ունենալ ՀՀ-ում օպտիկայի զարգացման գործում։
- Կպատմե՞ք Ձեր հետագա նպատակների ու երազանքների մասին:
- Նպատակ ունեմ խորն ուսուցման (deep learning) ոլորտում ունենալ արժանի ներդրում։ Ուստի ներկայումս մասնագիտանում եմ այդ ոլորտում և փորձում եմ այն ավելի լավ ուսումնասիրել և հասկանալ։ Ոլորտի ուսումնասիրման գաղափարն առաջացել է մարդու ուղեղի կառուցվածքի ավելի խորն ուսումնասիրելու ժամանակ։ Երբ մենք ավելի լավ կհասկանանք մարդու ուղեղի կառուցվածքը, այդժամ կկարողանանք ավելի լավ մոդելներ կառուցել և հեշտացնել մեր կյանքը։
Քնար Միսակյան