- Գլխավոր
- Նորություններ
- 100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հուլիս 08, 2019 | 14:03
Հասարակություն
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ավանդույթի համաձայն, ամեն տարի հավաքագրում է շրջանավարտների տվյալները, որպեսզի կարիերայի զարգացմանն ուղղված միջոցառումների և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնի նրանց:
Դիպլոմների բաժնից դիպլոմները ստանալուց հետո կենտրոնի աշխատակիցները հավաքագրում են շրջանավարտների տվյալները:
Կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը նշեց, որ վերջին 2-3 տարիներին փորձ է արվում դիպլոմների հանձնման և տվյալների հավաքագրման արարողությունը առավել տոնական և հիշվող դարձնել:
«Ոչ միայն համալսարան ընդունվելը պետք է մեծ տոն լինի ուսանողի համար, այլև համալսարանական դառնալը՝ բուհն ավարտելը»,- ասաց Կարինե Նազարյանը:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս կենտրոնը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկի միջանցքում տոնական զարդարանքներ է տեղադրել: Շրջանավարտներն իրենց տվյալները կենտրոնին փոխանցելուց հետո հնարավորություն ունեն լուսանկարվելու հատուկ պատրաստված դեկորացիաների մոտ:
Տարբեր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները ysu.am-ին պատմեցին ուսումնառության տարիների, հետագա նպատակների և հարյուրամյակի շրջանավարտ լինելու հույզերի մասին:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Անի Քոչարյանը, պատմելով ուսումնառության երկու տարիների մասին, նշեց, որ դրանք համընկել են Թավշյա հեղափոխության օրերի հետ, այդուհանդերձ, նույնիսկ դասադուլները չեն շեղել նրան և կուրսընկերներին դասերից:
«Այս երկու տարիների ընթացքում ես ժամանակակից մասնագիտություն և նոր մտածողություն, ինչպես նաև շփում ձեռք բերեցի լավագույն դասախոսների հետ: Կուրսընկերներիցս եմ շատ բաներ սովորել՝ հաշվի առնելով, որ բոլորն էլ ինչ-որ չափով կայացած ու հասուն մարդիկ են, իրարից տարբեր, բայց ամեն մեկն իր տեսակի մեջ յուրովի։ Ինձ հիմա ավելի հասուն եմ զգում»,- ասաց Անին:
100-ամյակի շրջանավարտ լիենլու Անիի զգացողությունները բուռն են. «ԵՊՀ-ն ինձ չափից շատ բան է տվել։ Կյանքս բոլորովին այլ կլիներ, եթե չունենայի իմ կյանքում նրան, ի վերջո՝ ես այլ կլինեի։ Ես ԵՊՀ-ի լավագույն ուսանողը երբեք չեղա, բայց ԵՊՀ-ն իմ կյանքում լավագույնն է եղել ու մնալու է լավագույնը»:
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի շրջանավարտ Դավիթ Աքելյանը համալսարանական 4 տարիները ֆանտաստիկ որակեց. «Սիրում եմ երբեմն ասել, որ համալսարան մուտք գործելս դարձավ իմ կյանքում յուրահատուկ բաժանման պատճառ․ մինչև ԵՊՀ-ն ու ԵՊՀ-ից հետո։ Առաջին կուրսի արդեն առաջին կիսամյակից սկսած՝ այնքան հագեցած ուսանողական կյանք էի վարում, որ կարծես թե ապրելիս լինեի միաժամանակ մի քանի ուսանողի կյանքով․ դասապրոցեսով ու ակադեմիական կրթությամբ տարված ուսանողի, ուսանողական ակտիվ կյանքով զբաղվող ուսանողի, ինքնիրացման նորանոր հարթակներում ներգրավվող և դրանք ստեղծող ուսանողի և այսպես շարունակ»:
Դավիթի «ձեռքբերումների պայուսակում» հիմնարար գիտելիքներ են, սոցիալական կապիտալ, անկրկնելի փորձ:
«Մասնագիտական ուսումնառությանս ընթացքում լավագույն գաղափարներից մեկը, որին կարողացա մտահասու լինել, հեգելյան «Վերացականից դեպի կոնկրետ»-ն էր։ Այս իմաստով տևականության ընթացքում փորձել եմ վերացական ու ոչ ռեալիստիկ երազանքներս հնարավորինս բերել իրագործման տիրույթ՝ դրանք վերափոխելով ճանապարհային հստակ քարտեզ ունեցող նպատակների։ Նախատեսում եմ առաջիկա 10 տարիները նվիրել ակադեմիական կրթությանը՝ բարձրանալով այժմ ընտրածս և գուցե այլ ոլորտի ակադեմիական «աստիճանով»: Երկար հեռանկարում նպատակ ունեմ զբաղվելու գիտության հանրամատչելիացմամբ՝ աշխատելով հիմնարար գիտությունների տիրույթում»,- նպատակների մասին մեզ պատմեց Դավիթը:
«ԵՊՀ 100-ամյակը միաժամանակ և՛ վերջնակետ է, և՛ մեկնակետ, որի կենտրոնում են գտնվում իրենց ուսումն այժմ Մայր բուհում ստացող բոլոր ուսանողները։ Այս իմաստով յուրահատուկ հպարտության և պարտավորվածության զգացում կա հարյուրամյա պատմության և այն հնարավոր դարձրած մարդկանց նկատմամբ, ինչպես նաև հետևողականորեն առաջ ընթանալու նպատակադրվածություն։ Վերջինս այն առանցքային արժեքներից մեկն է, որը ստացել եմ ԵՊՀ-ում ուսումնառությանս տարիների ընթացքում»,- ասաց Դավիթը:
Պատմության ֆակուլտետի շրջանավարտներ Անի Պողոսյանը և Լուսինե Զաքարյանը նշեցին, որ համալսարան են ընդունվել 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իսկ ավարտում են 2019-ին՝ դառնալով ԵՊՀ հարյուրամյակի շրջանավարտ, ինչը շատ խորհրդանշական է, մանավանդ՝ պատմաբանի համար:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Մերի Պետրոսյանը, որն ունի սոցիոլոգի բակալավրի աստիճան, պատմեց, որ ուսումնառության տարիները հագեցած են եղել բազում միջոցառումներով, սեմինարներով, գիտաժողովներով:
Մերին առաջին կուրսից Ուսանողական խորհրդի անդամ է եղել, մասնակցել է գրեթե բոլոր միջոցառումների կազմակերպմանը:
«Ունեցել եմ ակտիվ ու հագեցած ուսանողական կյանք, մասնագիտական պրակտիկաների ընթացքում ֆակուլտետը Հայաստանի և Արցախի հանրապետություններում բազում հետազոտություններ է անցկացրել, ուստի ուսանողական տարիները լի են եղել ճամփորդություններով և արկածային իրադարձություններով»,- նշեց Մերին:
Նա կարևորեց «նեթվորքի» դերը. «Մեզ այցելել ու դասընթացներ են անցկացրել ՀՀ և օտարերկրյա լավագույն մասնագետները, և ԵՊՀ-ի շնորհիվ այսօր ունեմ մասնագիտական գործունեության ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ ծանոթ մասնագետների լայն շրջանակ: Խելահեղ արագությամբ զարգացող մեր իրականությունում «նեթվորքը» մեծ դեր ունի, հատկապես իմ մասնագիտական ոլորտում: Բայց ամենամեծ ձեռքբերումս ԵՊՀ-ում մարդիկ են՝ դասախոսները, որոնք մարդու և մասնագետի լավագույն օրինակն են, և ընկերներս, որոնք ուսանողական խենթ ու անհոգ օրերիս անբաժան մասն են ու կշարունակեն մնալ»:
Մերին պատրաստվում է մեկ տարի անց վերադառնալ ԵՊՀ՝ արդեն ասպիրանտի կարգավիճակով:
Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի շրջանավարտ Արեգ Բագրատյանը, խոսելով համալսարանի վերաբերյալ ակնկալիքների մասին, նշեց. «Դպրոցը նոր ավարտած երիտասարդը բուհ է մտնում հոլիվուդյան ֆիլմերում տեսած համալսարանների ու նրա ներսի կյանքի մասին պատկերացումներով: Քեզ թվում է՝ համալսարանական կյանքը լինելու է «Dead Poets Society» կամ «Detachment» ֆիլմերի նման… և հենց այստեղ էլ քեզ պատում է առաջին մեծ հիասթափությունը: Շատ կարևոր է ճիշտ պահի հավաքվել և նոր նպատակներով ու ցանկություններով պայքարել հանուն նոր նվաճումների»:
Արեգն ուսանողական կյանքի կարևոր ձեռքբերումներից համարեց շփումն ակադեմիական կերպար ունեցող գիտնականների հետ, որոնցից ստանում են ոչ միայն մասնագիտական մեծ գիտելիքներ, այլև կյանքի փորձություններին դիմանալու որոշակի «կոդեր»:
«Այս առումով երջանիկ է յուրաքանչյուր «Արևելքցի», քանի որ նա համալսարան մուտք գործելու առաջին օրերից հանդիպում և պատիվ է ունենում շփվելու ժամանակի մեծագույն մարդասերներից, մեծ մտածողներից պարոն Գուրգեն Մելիքյանի հետ»,- ասաց Արեգը:
Որպես հարյուրամյակի շրջանավարտ՝ Արեգին հետաքրքիր է պատկերացնել, որ այն միջավայրը, որտեղ այժմ սովորում է, կանգուն է մեկ դարից ավելի:
Մարի Ռաֆյան