- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ. ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆԱԵՎ «ԱՄԵՐԻԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Դեկտեմբեր 09, 2021 | 17:39
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ. ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆԱԵՎ «ԱՄԵՐԻԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ-ում այսօր տեղի են ունեցել Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հանդիսավոր բացումը և «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկը:
ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնը ստեղծվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ԵՊՀ-ի միջև կնքված երկկողմ համագործակցության արդյունքում։ Կենտրոնի ստեղծման և «Ամերիկագիտություն»կրթական ծրագրի մշակման ու ներդրման աշխատանքներն իրականացվել են ԵՊՀ երկարամյա գործընկեր Արիզոնայի պետական համալսարանի hետ փոխգործակցության շրջանակում։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վահագն Ագլյանն ասաց, որ կենտրոնը լինելու է ԱՄՆ հասարակաքաղաքական իրողությունների վերաբերյալ հետազոտությունների ու վերլուծությունների կարևոր կառույց, որն ունենալու է գործունեության մի քանի ուղղություն՝ կրթական, հետազոտական, ինչպես նաև ընձեռելու է դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու հնարավորություն:
Ամերիկյան հետազոտությունների ծրագրի ղեկավար Ալեքսանդր Մարգարովն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ծրագիրը միջգիտակարգային է, որն առաջարկում է ԱՄՆ-ի ուսումնասիրության համալիր մոտեցում՝ ներկայացնելով ոչ միայն երկրի տարբեր ոլորտների ու գործընթացների վերաբերյալ գիտելիք, այլև համատեքստը, որը կարևոր է դրանք հասկանալու համար:
Կենտրոնի հանդիսավոր բացման և մագիստրոսական կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումներն այսօր սկսվեցին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանի աշխատասենյակում, որտեղ վերջինս հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը, Արթուր Իսրայելյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Հովհաննես Հովհաննիսյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրեց այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք ուղղված են բուհի գործունեության բարելավմանը, զարգացմանն ու միջազգայնացմանը:
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին բարձր գնահատեցին երկու կառույցների միջև համագործակցությունը և հույս հայտնեցին, որ այն կընդլայնվի և նոր նախագծեր ու ծրագրեր կյանքի կոչելու հնարավորություններ կընձեռի:
Հանդիպումից հետո Հ. Հովհաննիսյանը և Լ. Թրեյսին հանդես եկան մամուլի համատեղ ասուլիսով և պատասխանեցին լրագրողների հարցերին: Մամուլի ասուլիսի ժամանակ ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն ասաց, որ Ամերիկյան հետազոտությունների ծրագիրը հրաշալի հնարավորություն է ուսանողների և հետազոտողների համար՝ հասկանալու և վերլուծելու ԱՄՆ-ի տարբեր ոլորտների համակարգերը, քանի որ ամերիկագիտությունը միջազգային հարաբերությունների կարևոր և արդիական ուղղություններից մեկն է:
Նա տեղեկացրեց, որ «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրին դիմել և արդեն սովորում է 11 ուսանող. «Ես վստահ եմ, որ նրանք աշխատաշուկայում կգտնեն իրենց տեղը և իրենց ստացած գիտելիքները կկիրառեն հայ-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու գործում»:
«Այս մագիստրոսական կրթական ծրագիրը հայ ուսանողներին հնարավորություն է տալիս այստեղ՝ Հայաստանում, ուսումնասիրելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսությունը, հասարակությունը, որի արդյունքում նրանք ձեռք կբերեն այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանան ավելի լավ պատկերացնել ու հայ հասարակությանը պարզաբանել ամերիկյան հասարաքաղաքական իրողությունները»,- իր խոսքում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
Մամուլի ասուլիսի ժամանակ Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ կենտրոնի բացման կապակցությամբ շնորհավորական ուղերձ են հղել Արիզոնայի պետական համալսարանի գործընկերները՝ վստահություն հայտնելով, որ երկու համալսարանների միջև համագործակցությունը շարունակվելու է: Նրանք հույս են հայտնել, որ նոր կենտրոնը դառնալու է կարևոր կառույց, որի շնորհիվ ի հայտ են գալու նոր մասնագետներ, և իրականացվելու են արժեքավոր հետազոտություններ:
Այնուհետև միջոցառման մասնակիցներն այցելեցին Ամերիկյան հետազոտությունների կենտրոն, որտեղ Հ. Հովհաննիսյանը և Լ. Թրեյսին կտրեցին կարմիր ժապավեն՝ այդ կերպ խորհրդանշական ձևով ազդարարելով կենտրոնի բացումը: Արդեն կենտրոնում Վահագն Ագլյանը դեսպանին ներկայացրեց ծրագիրը և նոր նախագծերը: Դեսպանն էլ կենտրոնին նվիրեց «American writers at home» գիրքը:
Մեզ հետ զրույցում Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի ուսանող Լիլիթ Մուրադյանն ասաց, որ տեղեկանալով «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի մասին և ծանոթանալով դրա ընձեռած հնարավորություններին՝ որոշել է դիմել և հետագայում իր ներդրումն ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում: