- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՐԱԲԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԹԵՄԱՏԻԿ ԲԱՌԱՐԱՆԻ ՀԱՎԵԼՎԱԾ
Մայիս 31, 2019 | 17:10
Կրթություն
ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՐԱԲԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԹԵՄԱՏԻԿ ԲԱՌԱՐԱՆԻ ՀԱՎԵԼՎԱԾ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում ստեղծված Արաբերեն-հայերեն թեմատիկ բառարանի հավելվածի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Բառարանի հեղինակներն են ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոսներ Աննա Դանիելյանը և Մարգարիտա Սարգսյանը, ինչպես նաև նույն ամբիոնի նախկին դասախոս Ալվինա Հովհաննիսյանը, որն այժմ ապրում է արտերկրում: Իսկ հավելվածի հեղինակը Սարգիս Մխիթարյանն է:
ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոս Աննա Դանիելյանը, ներկայացնելով «Արաբերեն-հայերեն» թեմատիկ բառարանը, նշեց, որ այն պատրաստվել է 2018 թ. «Աբդուլազիզ Սաուդ Ալ-Բաբտեյն» մշակութային հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի շրջանակում։
«Այն նախատեսված է արաբերենով հետաքրքրվող կամ ուսումնասիրող հայախոս անձանց համար, թեև ունի երկկողմանի թարգմանություն կատարելու հնարավորություն։ Բառարանում տեղ գտած համառոտագրություններն ու բառերին առնչվող մեկնաբանությունները հայերեն են և համապատասխանում են հայերենի քերականության տրամաբանությանը»,- հավելեց նա։
Բառարանում ընդգրկված են ավելի քան 8000 բառ և արտահայտություն՝ ամփոփված 9 թեմայի 22 ենթաթեմայում, որոնք էլ իրենց հերթին բաժանված են 197 բաժինների։
ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը նշեց, որ առաջին անգամ ամբիոնի կողմից փորձ է արվել վիրտուալ տիրույթում ստեղծել Արաբերեն-հայերեն թեմատիկ բառարանի հավելված: «Քանի որ նոր տեխնոլոգիաներն անընդհատ զարգանում են, ուստի ուսանողների համար հարմար է իրենց հեռախոսներում ներբեռնել նման բառարան»,- ասաց Հայկ Քոչարյանը և հավելեց, որ առաջիկայում հնարավոր է՝ բառարանում ընդգրկված բառերի թիվն ավելանա:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ողջունեց Արաբագիտության ամբիոնի կողմից իրականացվող այս ձեռնարկը, որը միտված է ուսանողների ուսումնառության գործընթացը դյուրացնելուն՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ: ««Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն» մշակութային հիմնադրամի միջոցները, որոնք ուղղված են Արաբագիտության ամբիոնում նմանաբնույթ ձեռնարկներ իրականացնելու համար, արդարացված են: Ողջունելի է նաև այն, որ Արևելագիտության ֆակուլտետը միջոցներ է բերում ԵՊՀ՝ դրանք օգտագործելով ուսանողների տարբեր խնդիրները դյուրացնելու համար»,- հավելեց դեկանը:
ԵՊՀ արաբագիտության ամբիոնի նախկին դասախոս Ալվինա Հովհաննիսյանը, որն արտերկրից տեսակապի միջոցով հետևում էր միջոցառմանը, նշեց, որ ուսանողներին արաբերեն դասավանդելիս միշտ զգացվում էր թեմատիկ բառարանի անհրաժեշտությունը: «Այժմ «Արաբերեն-հայերեն» թեմատիկ բառարանի հավելվածի կիրառումը դասավանդման գործընթացում մեծ փոփոխություններ է մտցնելու՝ դյուրացնելով ուսանողների սովորելու գործընթացը: Մեր նպատակն էր այս բառարանում կիրառել այն բառապաշարը, որը շատ է օգտագործվում դասավանդման գործընթացում»,- ասաց նա:
ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոս Մարգարիտա Սարգսյանի խոսքով, լինելով թեմատիկ, ընդգրկելով կյանքի ամենաառանցքային ոլորտներին առնչվող խիստ գործածական բառամթերք հայերենով և արաբերենով, բառարանն իր ձևաչափով առաջինն է վիրտուալ տիրույթում։
Նա նշեց, որ Արաբերեն-հայերեն թեմատիկ բառարանի հավելվածն առաջիկայում տեղադրվելու է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի ֆեյսբուքյան էջում, և ուսանողները կարող են այն ներբեռնել իրենց հեռախոսների մեջ:
Նադեժդա Տեր-Աբրահամյան