- Գլխավոր
- Նորություններ
- «ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ՄԵՆՔ ԼԱՎ ԸՆԿԱԼԵՆՔ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐ
Մայիս 25, 2018 | 17:44
Գիտություն
«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ՄԵՆՔ ԼԱՎ ԸՆԿԱԼԵՆՔ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐ
Այսօր ԳԱԱ-ում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետություն – 100» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին:
Գիտաժողովը կազմակերպել է ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և Երևանի պետական համալսարանը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ: Նշենք, որ գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև մայիսի 26-ին ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստերի դահլիճում, որտեղ տեղի կունենա Երվանդ Փամբուկյանի կազմած «Արամ Մանուկյանի նամականին» գրքի շնորհանդեսը։
Երկօրյա միջազգային գիտաժողովի ընթացքում կներկայացվի շուրջ 70 զեկուցում Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի գիտնականների կողմից:
Գիտաժողովի թեմաներն են Հայաստանի Հանրապետության հռչակման պատմաքաղաքական նախադրյալները, Մայիսյան հերոսամարտերը, Հայաստանի առաջին Հանրապետության պետաիրավական կառուցվածքը և ներքին դրությունը, ՀՀ արտաքին քաղաքականությունը, Սևրի դաշնագիրը, 1920 թ. թուրք - հայկական պատերազմը և Հայաստանի առաջին Հանրապետության անկման հանգամանքները, Կրթական կյանքը և գեղարվեստական գրականությունը Հայաստանի առաջին Հանրապետությունում, Հայաստանի առաջին Հանրապետությունը արվեստի ստեղծագործություններում։
Նշենք, որ գիտաժողովի մասնակիցներին շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն և ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Վրաստանի Հանրապետության Թբիլիսիի համալսարանի պատմության ինստիտուտի տնօրեն Գեորգի Ճեիշվիլին։
ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով, Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ հնարավոր եղավ խափանել հայ ժողովրդի վերջնական բնաջնջման թուրքական ծրագիրը և կյանքի կոչել Հայաստանի Հանրապետությունը:
Նա խոսքով, Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնվեց ծանր պայմաններում` 12 հազար քառակուսի կմ-ի վրա, որը սակայն աստիճանաբար ամրապնդվեց և ընդարձակվեց:
«Օգոստոսի 1-ին Երևանում հանդիսավորությամբ բացվեց հայոց առաջին պառլամենտի անդրանիկ նստաշրջանը: 1919 թ.-ի դեկտեմբերի 26-ին խորհրդարանն ընդունեց հայոց լեզուն պետական ճանաչելու մասին կարևոր որոշում: Հաստատվեց հանրապետության զինանշանը, իբրև պետական հիմն գործածության մեջ մտավ «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը: Ընթացավ հայոց բանակի կազմավորման գործընթացը: Հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ ինչպես հարևան, այնպես էլ հեռավոր երկրների հետ:
Պետականության մոտ երկուսուկես տարվա ընթացքում հայ ժողովուրդն ունեցավ լուրջ առաջընթաց: Երկարատև ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը, սկսվեց հայրենադարձություն, ստեղծվեցին իշխանության մարմիններ, բավականին ուժեղ բանակ, հաստատվեց ժամանակի համար կառավարման ժողովրդավարական համակարգ, մարդկանց մեջ ամրապնդվեց պետականության գիտակցությունն ու զգացողությունը:
Թեև ընկավ հանրապետությունը, սակայն նրա գոյությունն անհետևանք չմնաց: Նրա հիմքի վրա բոլշևիկները պարտավորված ստեղծեցին նոր հանրապետություն` Խորհրդային Հայաստանը, որի շուրջ 70-ամյա պատմության ընթացքում հայ ժողովուրդն ապրեց տնտեսական ու մշակութային մեծ վերելք: Փաստորեն, առաջին հազարապետության հենքի վրա, բայց վարչաքաղաքական միանգամայն այլ համակարգի պայմաններում ստեղծված Խորհրդային Հայաստանն էլ հող նախապատրաստեց երրորդ անկախ հանրապետության ձևավորման համար: Այս է 1918 թ.-ի Մայիսյան հերոսամարտերի ու անկախ պետականության հռչակման պատմական խորհուրդը»,- իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, երկար ընդմիջումից հետո հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը, իսկ այսօր արդեն մեր պատմական հայրենիքի մի անկյունում հայ ժողովուրդը շարունակում է ցույց տալ, որ կենսունակ է և պետք է շարունակի իր ընդլայնումը, աշխարհասփյուռ հայության դեպի Հայաստան ներգաղթի ապահովումը մեզ համար պետք է դառնա առաջին քայլերից մեկը:
«Եվ մեր նորաստեղծ կառավարությունն այս կապակցությամբ պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի հայոց պետականությունը դառնա աշխարհասփյուռ հայության համար նոր ապագա կերտելու կարևոր հանգրվան: Սիրելի հայրենակիցներ, հայոց պետականության համար այս կարևոր փուլում շատ բարձր ենք գնահատում Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված այս միջոցառումը և, կարևորելով Սփյուռք-Արցախ-Հայաստան եռամիասնությունը, սիրով ուզում եմ մեր կառավարության անունից հայտնել, որ այսուհետ էլ մեր քայլերը պետք է միտված լինեն աշխարհասփյուռ հայության դեպի Հայաստան ներգրավվմանը»,- ասաց Ս. Պապիկյանը:
ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց, որ Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանը քիչ է եղել, սակայն այն ունեցել է վիթխարի նշանակություն: «Այն դարձավ հիմք, որ հետո ստեղծվեն Խորհրդային Հայաստանը և Հայաստանի երրորդ Հանրապետությունը: Հայաստանի առաջին Հանրապետությունը ստեղծվել է հայ ժողովրդի քաղաքական կամքի շնորհիվ և ունեցել է վիթխարի դեր հետագայում հայոց պետականության ստեղծման համար»,- հավելեց նա:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ հայոց պետականության վերաստեղծումը մեր ժողովրդի կյանքում դարակազմիկ իրադարձություն է եղել: Այս օրերին, երբ նշելում ենք այդ իրադարձության 100-ամյակը, մենք մտովի անդրադառնում ենք ոչ միայն այդ օրերի պատմությանը և իրադարձություններին, այլև մեր ողջ պատմության ընթացքին:
«Ըստ իս՝ շատ կարևոր է, որ Հայաստանի առաջին Հանրապետության պատմության դասերը մենք լավ ընկալենք, իսկ դրանք շատ ուսանել են, քանի որ հայրենի երկրում ապրող հայությունը միշտ գտնվել է և այսօր էլ գտնվում է աշխարհաքաղաքական բարդ ու վտանգավոր տարածքում: ՀՀ իշխանությանը և քաղաքական ուժերին այսօր պարտադրում է վարել այդ իրողությունից բխող բազմակողմանի և հիմնավորված ներքին և արտաքին քաղաքականություն:
Մեկ այլ ուսանելի դաս էլ կա, որը շատ կարևոր է մեզ համար: Մենք շատ լավ հասկանում ենք, որ հասարակական բոլոր արժեքներից ամենամնայունն ազգն է, որի անկյունաքարի վրա պետք է խարսխված լինի հայոց պետության նպատակներն ու իղձերը, որոնց իրականացմանը պետք է ձգտի ամբողջ ազգը՝առանց բացառությամբ: Կարծում եմ, որ հայ ազգային գաղափարի և նրանում ձևավորված նպատակների լայն քարոզչությունն ազգային և քաղաքական, հասարակական կազմակերպությունները, գիտության, գրականության և մշակույթի բնագավառի գործիչները, և իհարկե հայ պատմաբանները պետք է դիտեն որպես առաջնահերթ խնդիր: Շատ եմ կարևորում այս օրերին ընթացող գիտաժողովները, որոնք վերաբերում են Հայաստանի առաջին Հանրապետության պատմությանը»,- հավելեց ԵՊՀ ռեկտորը:
Վրաստանի Հանրապետության Թբիլիսիի համալսարանի պատմության ինստիտուտի տնօրեն Գեորգի Ճեիշվիլիի խոսքով, ազատությունը նախնիներից մեզ հասած ու կուտակած ամենամեծ արժեքն է, այն մեր ինքնության հիմքն է, մեր զարգացման երաշխիքը և, ի վերջո, քաղաքակիրթ աշխարհում ապրելու ամենակարևոր պայմանը:
«Դարեր շարունակ և՛ վրացիները, և՛ հայերն անկախ պետություն են ունեցել, թշնամիներից շատերը մեզ տեսել են շատ ավելի ուժեղ, քան մենք են կարծել, մենք երբեք չենք հանդուրժել նվաճողների լուծը: Այսօրվա Հայաստանն ու Վրաստանն առաջին հանրապետությունների ժառանգներ են, ուստի այսօր հայերն ու վրացիները նշում են իրենց անկախության 100-ամյակը: Անցած 100 տարիները ցույց են տալիս, որ մենք պետք է հաշվի առնենք անցյալի դասերն ապագան կերտելու համար»,- ասաց բանախոսը:
Գիտաժողովին Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին նվիրված զեկուցումներով հադես եկան ԳԱԱ անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և գիտաժողովին արտասահմանից ժամանած Միխայել Հայեզմանը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ներկայացնելով «Զանգեզուրի գոյամարտը 1918-1921 թթ. պայքար պետականության պահպանման համար» թեմայով զեկույցը, նախ անդրադարձավ Զանգեզուրի գոյամարտի պատմական փաստերին և նշեց, թե ինչ դասեր կարող ենք քաղել Զանգեզուրի և Հայաստանի առաջին Հանրապետության գոյապայքարից:
«Առաջին ուսանելի դասն այն է, որ մենք պետք է հստակ հասկանանք, որ հասարակական բոլոր արժեքներից մեզ համար ամենամնայունը հայ ազգն է, և մեր պետականությունն ուժեղացնելու յուրաքանչյուր նպատակ պետք է խարսխվի այս հիմքի վրա: Երկրոդը՝ Հայաստանը պետք է ունենա տնտեսական այնպիսիս համակարգ, որը կնպաստի երկրի բոլոր հատվածների հզորացմանը, հատկապես առանձնահատուկ ուշադրություն են պահանջում հանրապետության այն տարածքները, որը սահմանամերձ են Թուրքիային և Ադրբեջանին: Երրորդը՝ մենք՝ հայերս, մշտապես պետք է հիշենք, որ մեր երկիր քաղաքակրթության հիմնական երաշխավորողը և ժողովրդի անվտանգության ապահովման գլխավոր պայմանն ուժեղ բանակ ունենալն է: Չորրորդը՝ Զանգեզուրի և Հայաստանի առաջին Հանրապետության իրադարձությունները եկան ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ պատերազմում հաղթանակ տանելը պայմանավորված չէ կռվող կողմերի միայն զինվորների թվով և ռազմական տեխնիկայով, պակաս կարևոր չեն կռվողների բարոյական հոգին, նրանց հայրենասիրությունն ու անհուն նվիրվածությունն իրենց հայրենիքին ու ժողովրդին: Հայ ժողովուրդը թանկ է գնահատում անկախ պետականությունը, որի համար այսքան զոհեր է տվել»,- հավելեց նա:
Նադեժդա Տեր-Աբրհամյան