- Գլխավոր
- Նորություններ
- «ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ԴՈՒՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՎ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԳԻՏԵԼԻՔ ԿՍՏԱՆԱՔ». ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
Սեպտեմբեր 02, 2019 | 16:38
Հասարակություն
«ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ԴՈՒՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՎ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԳԻՏԵԼԻՔ ԿՍՏԱՆԱՔ». ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը հանդիպման մասնակից ուսանողներին տեղեկացրեց, որ Արման Բաբաջանյանը, որը նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է և ակտիվ գործունեություն է ծավալում այդ ուղղությամբ, ցանկություն է հայտնել հանդիպելու ֆակուլտետի առաջինկուրսեցիների հետ:
«Դուք գիտեք, որ 1919 թվականին Հայոց ազգային ժողովը գործադիր մարմին էր, իսկ Ազգային ժողովը՝ օրենսդիր մարմին: Նշանակալի է, որ այդ թվականի հենց այսօր Ազգային ժողովը ստեղծել էր Արտաքին հարաբերությունների բաժին, որը ղեկավարում էր Ավետիս Ահարոնյանը»,- տեղեկացրեց Գեղամ Պետրոսյանը:
Արման Բաբաջանյանն իր ելույթի ժամանակ փաստեց, որ օրը նշանակալի է նաև, քանի որ այսօր նշվում է Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձը. «Սա հիանալի առիթ է հենց այստեղ խոսելու, մատնանշելու և հասկանալու Արցախյան հիմնահարցի կարևորությունը, որին կապված և որից կախված է լինելու ձեր հետագա մասնագիտական գործունեությունը: Հարցի լուծման համար դուք՝ որպես ուսանող և հետագայում արդեն որպես մասնագետ, պետք է կիրառեք ձեր գիտելիքները և հմտությունները»:
«Մեզ համար չափազանց կարևոր է գիտակցել, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ Արցախը՝ Հայաստանի անվտանգության պարիսպը: Հենց այս հայեցակարգի շուրջ դուք պետք է կառուցեք ձեր գիտելիքները, հմտությունները և միջազգային հարաբերությունների մեջ ձեր առաքելությունը»,- ասաց ՀՀ ԱԺ պատգամավորը:
Նրա հավաստմամբ, Արցախյան հիմնահարցը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության ու աշխարհի հետ մեր հարաբերությունների առանցքը. «Սակայն մենք պետք է կարողանանք այդ շրջանակը լցնել բովանդակային այլ ուղղություններով՝ հետևելով միջազգային միտումներին»:
Արման Բաբաջանյանն առաջինկուրսեցիներին խորհուրդ տվեց մասնագիտացում ընտրելիս ուշադիր լինել հարևան պետությունների հետ ունեցած հարաբերությունների զարգացմանը. «Հարևան երկրների հետ հարաբերությունների ճիշտ կարգավորման համար մեզ անհրաժեշտ են մասնագետներ, որոնց գիտելիքները կուղեկցվեն քաղաքացիական գիտակցությամբ և դիրքորոշմամբ»:
ՀՀ ԱԺ պատգամավորի խոսքով, Հայաստանը թևակոխում է կարևոր շրջան՝ պայմանավորված անցած տարվա հայտնի իրադարձություններով. «Ամենամեծ ձեռքբերումը, որ գրանցել է Հայաստանն այս մեկուկես տարվա ընթացքում, ժողովրդավարությունն է: Եվ կարևոր է, որ մենք կարողանանք այն դարձնել աշխարհի հետ մեր շփումների անկյունաքարը»:
Արման Բաբաջանյանն առաջինկուրսեցիներին հորդորեց հաստատակամ լինել ընտրած մասնագիտության հարցում և մաղթեց, որ նրանք դառնան արհեստավարժ մասնագետներ՝ հետագայում արժանիորեն լրացնելու կադրային բացը. «Հուսով եմ՝ դուք միջազգային մարտահրավերներին համապատասխան և համահունչ գիտելիք կստանաք»:
ՀՀ ԱԺ պատգամավորը հույս հայտնեց, որ ֆակուլտետը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կհամագործակցեն՝ ուսանողներին գործնական գիտելիքներ և հմտություններ փոխանցելու համար:
Քնար Միսակյան