- Գլխավոր
- Նորություններ
- ՎԻԼՆՅՈՒՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ. ՎԻԼՆՅՈՒՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՐՁԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Մայիս 17, 2022 | 12:44
Կրթություն
ՎԻԼՆՅՈՒՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ. ՎԻԼՆՅՈՒՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՐՁԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Էրազմուս+ «ARMDOCT» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում մայիսի 3-5-ը Վիլնյուսի համալսարանում կայացավ «Դոկտորական կրթության ինստիտուցիոնալ կարգավորման շրջանակը. Վիլնյուսի համալսարանի փորձը» խորագրով աշխատաժողով, որին մասնակցեցին ոլորտին առնչվող ԵՊՀ ներկայացուցիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ և ՀՀ գործընկեր բուհերի, հետազոտական ինստիտուտների ավելի քան քառասուն ներկայացուցիչ:
Այցի նպատակն էր խթանել Զալցբուրգյան սկզբունքներից երեքը, մասնավորապես՝ դոկտորական ծրագրերի բազմազանությունը, նորարարական կառուցվածքները և շարժունությունը։
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան Վիլնյուսի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Արունաս Պովիլիունասը, ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ, ԵՊՀ դասախոս, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Կարեն Քեռյանը և «ARMDOCT» ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը։
Ողջունելով մասնակիցներին՝ Արունաս Պովիլիունասն ընդգծեց դոկտորական կրթության բարեփոխումների և միջազգային համադրելիության ապահովման կարևորությունը՝ նշելով, որ այս գործընթացում «ARMDOCT» ծրագիրն ունի հուսալի և պատրաստակամ գործընկեր՝ ի դեմս Վիլնյուսի համալսարանի:
Ա. Պովիլիունասն իր խոսքում նշեց. «Զալցբուրգյան սկզբունքներով խրախուսվում են Հայաստանում մեկնարկած բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները, ինչպես նաև սիներգիաների ապահովումը եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ու եվրոպական հետազոտական տարածքի միջև։ Ազգային մակարդակով արդեն իսկ իրականացված և նախատեսվող գործողություններն անշուշտ հանգեցնելու են զարգացման, դոկտորական ծրագրերի բազմազանության և նորարարական կառուցվածքների ներդրման, որոնցից մեկն էլ կարող է լինել դոկտորական դպրոցը»։
Կարեն Քեռյանի խոսքով՝ միջազգայնացման և գիտական աշխարհին համընթաց քայլելու նպատակով Հայաստանում բարձրագույն կրթության երրորդ մակարդակի բարեփոխումներն այլընտրանք չունեն։ Դոկտորը կարևորեց «ARMDOCT» ծրագրի, ինչպես նաև դոկտորական կրթության բարեփոխմանն ուղղված ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացված մյուս ծրագրերի դերը և ընդգծեց այն փաստը, որ «ARMDOCT» ծրագրի մեկնարկից ի վեր աշխատախմբի կողմից արդեն իսկ հսկայական աշխատանք է իրականացվել։
Անդրադառնալով դոկտորական կրթության առկա մարտահրավերներին՝ Կ․ Քեռյանը մտահոգիչ համարեց Հայաստանում գիտնականների բարձր տարիքն ու այն փաստը, որ ասպիրանտուրան ավարտածների հիմնական մասը չի պաշտպանում ատենախոսություններ:
«Գիտնականների միջին տարիքը Հայաստանում բավականին բարձր է, և սերնդափոխության հարցը հույժ կարևոր է ու արդիական, իսկ սերնդափոխության համար անկյունաքարային դեր ունեն ասպիրանտները։ Այդ իսկ պատճառով հարկավոր է հնարավորինս «գրավիչ» դարձնել ասպիրանտ լինելը թե՛ բովանդակային, թե՛ ֆինանսական տեսանկյունից։ Ասպիրանտներին տրվող կրթությունը պետք է պատրաստի նրանց վաղվա՝ գիտնական ու դասախոս դառնալուն։ Ընդունելությունից մինչ ատենախոսության պաշտպանություն անհրաժեշտություն կա փոփոխություններ կատարելու, որակական նոր չափանիշներ սահմանելու և նոր հնարավորություններ ստեղծելու, ինչի արդյունքում կունենանք ավելի լավ պլանավորված հետազոտություններ, պաշտպանողների բարձր տոկոս և բարձրորակ ատենախոսություններ»,- նշեց ԲՈԿ նախագահը։
Արևիկ Օհանյանը, ներկայացնելով «ARMDOCT» ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված աշխատանքների ընթացքը և ակնկալվող արդյունքը, ասաց. «Ըստ Զալցբուրգյան սկզբունքների՝ երրորդ աստիճանի կրթական ծրագրերի բազմազանությունն առանցքային առավելություն պետք է ունենա:
Նորարար կառուցվածքների ներդրմամբ հնարավոր կլինի խթանել միջառարկայական ուսուցումը, փոխանցելի հմտությունների զարգացումը, ինչպես նաև աշխարհագրական, միջառարկայական, միջբնագավառային և միջազգային շարժունության հնարավորությունները՝ բուհերի, գիտական կազմակերպությունների և այլ գործընկերների կայուն համագործակցությամբ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում գործող երրորդ աստիճանի գրեթե բոլոր ծրագրերը թիրախավորում են մեկ ոլորտ, տարածված չէ միջդիսցիպլինար ծրագրերի փորձը, սահմանափակ են միջբուհական, բուհ-ԳԱԱ ինստիտուտներ, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն համագործակցությունները:
«ARMDOCT» ծրագրի շրջանակում ոչ միայն վերոհիշյալ համագործակցությունների համար համապատասխան իրավական բազա կստեղծվի, այլ նաև օրինակելի դոկտորական ծրագրեր՝ կոնսորցիումի անդամների սերտ համագործակցությամբ»:
Լիտվայի կառավարության, եվրոպական համալսարանների ներկայացուցիչների և ՀՀ ԲՈԿ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ նպատակ հետապնդելով բացահայտելու դոկտորական կրթության կազմակերպման լավագույն փորձը, վերջինս տեղայնացնելու հայաստանյան բուհերում, ինչպես նաև իրականացնելու բարեփոխումներ ազգային և ինստիտուցիոնալ մակարդակներում:
Այցի շրջանակում մասնակիցների համար կազմակերպվել էին շրջայցեր, փորձի փոխանակման նպատակով հանդիպումներ Վիլնյուսի համալսարանի դոկտորական դպրոցներում և կառուցվածքային այլ միավորներում (ինկուբատորներ, գրադարաններ, հետազոտական կենտրոններ, լաբորատորիաներ և այլն)։
Աշխատաժողովին մասնակցում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ և ՀՀ գործընկեր բուհերի, հետազոտական ինստիտուտների ավելի քան քառասուն ներկայացուցիչ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ, ԲՈԿ նախագահ, ֆիզմաթ. գիտ․դոկտոր Կարեն Քեռյանը, ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը, ԵՊՀ ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի կրթական կենտրոնի տնօրեն, դոցենտ Արմեն Սարգսյանը, սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը, կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը: