- Գլխավոր
- Նորություններ
- «ՉԿԱ ԼԱՎ ԴԱՍԱԽՈՍ ԱՌԱՆՑ ՀԱՋՈՂ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԵՎ ՉԿԱ ՀԱՋՈՂ ԳԻՏՆԱԿԱՆ ԱՌԱՆՑ ԼԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՄՈԶԵԼԻՈ ՇԵԽՏԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ՝ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ»
Սեպտեմբեր 13, 2019 | 17:29
Գիտություն
«ՉԿԱ ԼԱՎ ԴԱՍԱԽՈՍ ԱՌԱՆՑ ՀԱՋՈՂ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԵՎ ՉԿԱ ՀԱՋՈՂ ԳԻՏՆԱԿԱՆ ԱՌԱՆՑ ԼԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՄՈԶԵԼԻՈ ՇԵԽՏԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ՝ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ»
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանն արժանացել է Ամերիկայի մանրէաբանական ընկերության (ASM, www.asm.org) 2020 թվականի մրցանակներից մեկին՝ «Մոզելիո Շեխտերի մրցանակին՝ զարգացող երկրների մանրէաբանների ճանաչմանհամար»:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ մրցանակն անվանակոչվել է աշխարհի խոշորագույն գիտական ընկերության՝ «ASM»-ի նախկին նախագահ, ականավոր պրոֆեսոր Մոզելիո Շեխտերի պատվին և տրվում է այն գիտնականներին, որոնք զարգացող երկրներում ցուցաբերել են օրինակելի առաջնորդություն և նվիրվածություն, նպաստել են մանրէաբանության՝ որպես մասնագիտության, մանրէաբանական գիտության, կրթության և տեխնոլոգիաների առաջընթացին:
Այս առթիվ ysu.am-ը զրուցել է Արմեն Թռչունյանի հետ: Վերջինս հայտնեց մրցանակին արժանանալու մասին անակնկալ իմանալու, տպավորությունների և հետագա անելիքների մասին:
«Անսպասելի և ուրախալի լուր էր, միաժամանակ՝ պատվաբեր և պարտավորեցնող, քանի որ խոսքը վերաբերում է աշխարհում մանրէաբանության զարգացմանը»,- նշեց ամբիոնի վարիչը:
Վերջինիս տեղեկացմամբ, մրցանակի համար իրեն ներկայացրել էին ամերիկացի մանրէաբան մասնագետները. «Որոշումը կայացվել է բազմաթիվ կարծիքների արտահայտման և քննարկումների արդյունքում: Իհարկե, ինձ տեղեկացրել են միայն վերջնական արդյունքի մասին»:
Արմեն Թռչունյանը նշեց, որ անցյալ տարի այս մրցանակը շնորհվել է Նեպալից մի մանրէաբան- համաճարակաբան պրոֆեսորի:
Տեղեկացնենք, որ մրցանակն Արմեն Թռչունյանին կհանձնեն 2020 թվականի հունիսին Չիկագոյում:
«Մանրէաբանությունն այսօր ամենազարգացող ուղղություններից մեկն է, որը բժշկագիտության և կենսատեխնոլոգիաների համար ունի ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական բնույթ»,- ասաց Ա. Թռչունյանը:
Պրոֆեսորն իր գրանցած հաջողությունները պայմանավորում է մի քանի հանգամանքով. «Ինձ օգնում է իմ խառնվածքին բնորոշ գիծը՝ անընդհատ որոնումների մեջ լինելը: Ես փնտրում եմ այնպիսի հարցեր, որոնց լուծումներն ունեն միջազգային նշանակություն»:
Վերջինս գիտության մեջ հաջողություններ գրանցելը պայմանավորում է ինչպես միջազգային մակարդակով զեկուցումներ և դասախոսություններ կարդալով, այնպես էլ գիտության և կրթության ուղղությունները զուգորդելով:
«Չկա լավ դասախոս առանց հաջող գիտության, և չկա հաջող գիտնական առանց լավ դասախոսության,- պնդեց պրոֆեսորը և հավելեց,- ես պատասխանատվությամբ եմ վերաբերում իմ կարդացած դասախոսություններին: Իմ բազմավաստակ փորձն ինձ ցույց է տվել, որ կայացած են այն դասախոսությունները, որոնք խնդրահարույց են և ունենում են ուսանողների ակտիվ մասնակցություն»:
Օրեր անց Ա. Թռչունյանը մեկնելու է Հունաստան՝ եվրոպական դպրոցում երիտասարդ դասախոսների համար դասախոսությամբ հանդես գալու. «Իմ դասախոսությունն ունկնդրող մասնագետները, որոնք աշխարհի տարբեր երկրներից են, մասնակցել են մրցույթի: Ես կարծում եմ, որ դա մեծ փորձ է լինելու իմ հետագա գործունեության համար»:
Պատրաստեց Անգին Խաչատրյանը