- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՂՋԻԿՆԵՐԸ՝ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԻՏԱՐՇԱՎԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
Հոկտեմբեր 10, 2018 | 14:30
Գիտություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՂՋԻԿՆԵՐԸ՝ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԻՏԱՐՇԱՎԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակիցները սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանի հարավային հատվածում մասնակցել են հայ-գերմանական համատեղ գիտարշավին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Կենդանաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Աստղիկ Ղազարյանը:
ԵՊՀ դասախոսը պատմեց, որ Կենդանաբանության ամբիոնը դեռևս 2013 թվականից համագործակցում է Բեռլինի պետական բնության թանգարանի կաթնասունների բաժնի վարիչ Ֆրեդեր Մայերի և գերմանացի գիտաշխատող Քրիստիան Դիտցի հետ:
«Նրանց հետ համագործակցության արդյունքում Հայաստանում արդեն իսկ անցկացվել է համատեղ գիտարշավ, որի արդյունքում հրապարակվել է ծավալուն գիտական հոդված: Այդ համագործակցությունից հետո նրանք որոշեցին այս տարի կենսաբանների մեծ խմբով այցելել Հայաստան: Նրանց են միացել Շվեյցարիայից Նիկոլաս Ֆասելը, Թուրքիայից Էմրահ Չորամանը, Գերմանիայից Ռոբերտ Բրիկմանը, Ուրլիխ Ռուդոլֆը և Ֆրիդրիխ Քրեշմարը»,- պատմեց ԵՊՀ լաբորանտը:
Ա. Ղազարյանը հայտնեց, որ այս տարի գիտարշավին մասնակցել են նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողները:
Նրա խոսքով, գիտարշավի ընթացքում իրականացվել է ձեռնաթևավորների ուսումնասիրման աշխատանքներ Ծափաթաղ, Մադինա գյուղերի շրջակայքում, Գնդեվանքի, Նորավանքի, Որոտանի կիրճերում, «Սոսու պուրակ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում: «Գիտարշավի ընթացքում բռնվել է 250 չղջիկ: Բոլոր բռնված կաթնասունները լուսանկարվել են, իրականացվել են ձևաբանական չափումներ, ինչպես նաև ԴՆԹ վերլուծության համար կատարվել է նմուշառում, որից հետո չղջիկները բաց են թողնվել իրենց բնակատեղեր»,- ասաց Ա. Ղազարյանը:
Նա հայտնեց, որ ստացված արդյունքները հրապարակվելու են գիտական հոդվածերի տեսքով, ներկայացվելու են միջազգային տարբեր գիտաժողովներում, ինչպես նաև տվյալների թարմացման համար տրվելու են Բնապահպանության նախարարություն:
Աստղիկ Ղազարյանը նշեց, որ գիտարշավի ընթացքում համատեղ իրականացված դաշտային աշխատանքների վերաբերյալ նկարահանվել է փոքր ֆիլմ, որը կներկայացվի հոկտեմբերի 25-27-ը Երևանում կայանալիք Արևելյան Եվրոպայի ձեռնաթևավոների մասին առաջին գիտաժողովի ժամանակ:
Նադեժդա Տեր-Աբրահամյան