- Գլխավոր
- Նորություններ
- ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ»-Ը՝ «ԲՈՀԵՄ» ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ
Հոկտեմբեր 08, 2019 | 10:56
Մշակույթ
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ»-Ը՝ «ԲՈՀԵՄ» ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ
Հոկտեմբերի 7-ին «Բոհեմ» թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնը «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ը:
Ներկայացման բեմադրությանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, գիտքարտուղար Լևոն Հովսեփյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, կենտրոնի սաներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից, ինչպես նաև Վարդգես Պետրոսյանի ընտանիքը:
Հարկ է նշել, որ «Հայկական էսքիզներ» ներկայացման հիմքում Վարդգես Պետրոսյանի համանուն ստեղծագործությունն է:
Ներկայացման սցենարի հեղինակները ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և կենտրոնի սան Անի Միքայելյանն են:
Մեզ հետ զրույցում Կարինե Դավթյանը փաստեց, որ արդեն 6-րդ անգամ է՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնն իր ներկայացումներով մասնակցում է «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնին:
««Հայ ֆեստ»-ն ինքնին նորարարական թատրոնների փառատոն է,- նշեց Կարինե Դավթյանը,- մեր թատրոնն ընդգրկվեց «Հայ ֆեստ»-ի ծրագրում, քանի որ այն համարվեց նորարարական և շատ հետաքրքիր ուսանողական թատրոն»:
Անդրադառնալով Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ին, Կարինե Դավթյանն ասաց, որ այս ներկայացման մեջ նույնպես նորարարություն կա՝ թե՛ բեմադրության, թե՛ տեքստի առումով:
«Պետք է նշեմ, որ տեքստում փոփոխություններ ենք կատարել՝ կարևորելով նոր սերնդի մտածողությունը: Բացի Վարդգես Պետրոսյանի հայտնի էսսեից՝ մենք ավելացրել ենք նաև Արցախյան ազատամարտի և Քառօրյա պատերազմի մասին հատվածները՝ նախապես ստանալով նրա ընտանիքի թույլտվությունը»:
Կարինե Դավթյանի խոսքով, Վարդգես Պետրոսյանի ընտանիքը ներկայացման պրեմիերան դիտելուց հետո ոչ միայն գոհ է մնացել կատարված աշխատանքից, այլև խոստովանել է, որ ներկայացման ընթացքում իրենց համար երբեմն դժվար է եղել հասկանալ՝ որտեղ է ավարտվում հեղինակի գրածը, ու սկսվում ավելացրած հատվածները:
«Թատրոնի սաները, որոնք այս փառատոնին առաջին անգամ պիտի մասնակցեն, շատ ոգևորված են,- ասաց Կարինե Դավթյանը,- այդ ոգևորվածությունը կիսում եմ նաև ես, որովհետև «Հայ ֆեստը» հետաքրքիր հարթակ է, և շատ կարևոր է, այդ հարթակն օգտագործելով, ևս մեկ անգամ հնչեցնել ԵՊՀ-ի անունը»:
Անի Պողոսյան