- Գլխավոր
- Նորություններ
- ԹԱԼԻՇԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ՝ ԵՊՀ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ
Փետրվար 21, 2019 | 16:01
Մշակույթ
ԹԱԼԻՇԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ՝ ԵՊՀ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ
ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր տեղի ունեցավ թալիշ երաժշտագետ, ազգագրագետ, մտավորական, «Քադուս» երաժշտական համույթի ղեկավար Արմին Ֆարիդիի «Հայացք Իրանում թալիշական ազգագրական երաժշտությանը» թեմայով դասախոսությունը:
Դասախոսությանը ներկա էին Իրանագիտության ամբիոնի դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև ասպիրանտներ Էլհամ Գոլիզադեն և Յասեր Քյարամզադեն: Վերջինս, ի դեպ, «Թալիշական բանահյուսություն» գրքի հեղինակն է:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ այս միջոցառումը հիանալի հնարավորություն է ուսանողների համար՝ ծանոթանալու թալիշական մշակույթին:
Արմին Ֆարիդին իր ուրախությունն ու երախտիքը հայտնեց հյուրընկալության և թալիշական երաժշտությունը ներկայացնելու հնարավորության համար:
Ֆարիդին, ներկայացնելով թալիշական ազգագրական երաժշտությունը, նշեց դրա հնությունն ու սերնդեսերունդ փոխանցվելը:
Ըստ բանախոսի՝ երաժշտությունը ազգագրության ուսումնասիրության մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում:
Նա նաև պատմեց, որ խորհրդային տարիներից սկսած՝ ձայնագրվել են բազմաթիվ երգեր, և այդ գործընթացը շարունակվում է նաև հիմա:
Երկու տասնամյակ աշխատելով երաժշտագիտության ոլորտում՝ Ֆարիդին պատմեց, որ թալիշաբնակ շրջաններում երաժշտությունը պահպանվել է իր մաքուր տեսքով:
Թալիշական ազգագրական երաժշտության առանձնահատկություններից Ֆարիդին մատնանշեց, որ երգերը հիմնականում նկարագրում էին գյուղական առօրյան, կենցաղը, ինչպես նաև ժողովրդի հիմնական զբաղմունքը՝ անասնապահությունը:
Հիմնականում օգտագործվել են թամբուրն ու սրինգը (լալա): Ֆարիդին փաստեց, որ ինչպես դուդուկի երաժշտությունն է արտահայտում հայկական հոգեկերտվածքը, այնպես էլ լալան թալիշական հոգու երաժշտությունն է:
Ֆարիդին ասաց, որ մեծ է եղել հայերի դերը թալիշական երաժշտության զարգացման գործում:
Դասախոսության ընթացքում Ֆարիդին հատվածներ ներկայացրեց թալիշական և իրանական երաժշտությունից:
Մարի Ռաֆյան