- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է». ԱՐՇԱԿ ԲԱԼՅԱՆ
Հունիս 14, 2018 | 15:22
Հասարակություն
«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է». ԱՐՇԱԿ ԲԱԼՅԱՆ
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը սկսում է նոր, ոչ ֆորմալ հարցազրույցների շարք, որը հագեցած կլինի ամենասիրելի դասախոսների մասին պատմող ամենահետաքրքիր բացահայտումներով։ Մեր առաջին հյուրն է պ․գ․թ դոցենտ Արշակ Յուրիի Բալյանը։
- Ծննդյան թիվը և վայրը …
- Ծնվել եմ 1980 թ.-ի ապրիլի 10-ին Երևանում:
- Կրթությունը …
-Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։
- Ձեր «երկրորդ կեսը» …
- Մի քանի բառով եթե բնութագրեմ՝ նվիրված, կանացի, բարի: Մարդը, ով պատրաստ է իր ամբողջ կյանքը կիսել հենց ինձ հետ:
- Ձեր զավակները …
- Ունեմ երկու երեխա՝ տղա և աղջիկ։ Տղաս շուտով կդառնա 4 տարեկան, իսկ աղջիկս՝ 2։ Իմ հրեշտակներն են, իմ կյանքը լուսավորող էակներն են, ովքեր լցնում են մեր օրը։
- Ձեր կյանքի մեծագույն նպատակը …
- Մեծագույն նպատակս ընտանիքիս բարեկեցությունն է, երեխաներիս վաղվա օրն ապահովելը։
- Փոքր տարիքում երազում էիք դառնալ …
- Ցանկանում էի բժիշկ դառնալ:
- Ամենաթանկ խորհուրդը, որը ստացել եք:
- Ընդհանրապես իմ կյանքի խորհրդատուները ծնողներս են, բայց հիմնականում հայրս, ով ինձ համար միշտ լավ օրինակ է։ Նրա բոլոր խորհուրդներն էլ թանկ են ինձ համար։
- Զգացողություն, որ կուզենայիք կրկնվեր:
- Երեխաների ծնունդը, որը յուրաքանչյուրի կյանքում, կարծում եմ, ամենանվիրական պահն է, և այդ զգացողությունը կցանկանայի կրկնվեր։
- Սիրած քաղաքը …
-Միանշանակ Երևանը (ժպտում է):
- Երևանում սիրած վայրը …
-Սիրում եմ Օղակաձև այգին, Աբովյան փողոցը, Կասկադը, իսկ ընդհանրապես սիրում եմ գիշերային Երևանը (ժպտում է):
- Ինչի՞ց եք վախենում:
-Վախենում եմ անել այնպիսի սխալներ, որոնք հետագայում չեմ կարող շտկել։
- Ձեր հաջողության բանաձևը …
- Իմ կարծիքով, հաջողության բանաձևը յուրաքանչյուրի աշխատասիրությունն է, ինչպես նաև որոշ չափով բախտի գործոնը:
- Սիրած եղանակը …
- Սիրում եմ տարվա չորս եղանակներն էլ, բայց առանձնացնում եմ գարունը, որովհետև այն նոր, դրական լիցքեր է հաղորդում:
- Սիրած ուտեստը …
- Ես ընդհանրապես սիրում եմ համեղ սնվել։ Սիրում եմ մայրիկիս պատրաստածը, բայց կինս ևս չի զիջում նրան։
- Սիրած ֆիլմը …
- Շատ սիրում եմ «Տրոյա», «Բեն Հուր», «Գլադիատոր» և «Երկնային արքայություն» ֆիլմերը, ինչպես նաև հայկական սովետական շրջանի ֆիլմերը։
- Ո՞ր ֆիլմում և ո՞ւմ կցանկանայիք մարմնավորել։
- «Տրոյա» ֆիլմում կցանկանայի մարմնավորել Հեկտորի կերպարը։
- Նախընտրած փոխադրամիջոցը …
- Սեփական ոտքերս` 11 համարը (ժպտում է):
- Ձեզ երջանիկ համարում ե՞ք:
- Այո՛, ես երջանիկ եմ։ Երջանկությունը յուրաքանչյուր ապրածդ րոպեն ու վայրկյանն է, որ տրվել է քեզ Աստծու կողմից։ Իմ երջանկությունն իմ ընտանիքն է, ինձ շրջապատող հարազատ մարդիկ։