- Գլխավոր
- Նորություններ
- ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
Հունիս 21, 2018 | 16:03
Հասարակություն
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության միջև համագործակցությունը սկսվել է դեռևս երեք տարի առաջ, երբ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում բացվել է ընկերության սննդի կետը, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում էլ «Արտ Լանչ» ընկերության համահիմնադիր Բակուր Մելքոնյանը հաստատեց, այդ ճաշարանի տարածքի փոքր լինելու պատճառով ընկերությունը չէր կարողանում ներկայանալ ամբողջ տեսականիով:
Համալսարանում հարմարավետ սննդի կետ ունենալու համար ուսանողական ներկայացուցիչները մոտ երեք ամիս առաջ հանդիպել էին և՛ Բակուր Մելքոնյանի, և՛ ԵՊՀ ռեկտորի հետ, ներկայացրել իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, որից հետո ԵՊՀ-ի և ընկերության համագործակցության արդյունքում որոշվել է տրամադրել առավել մեծ տարածք և ստեղծել ճաշարան, որն ուսանողներին հատուկ զեղչեր կտրամադրի:
Նոր սննդի կետի համար տարածքն ընտրվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում, որի վերանորոգումն իրականացնում է հենց ԵՊՀ-ն: Բակուր Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն լիովին համապատասխանում է ցանկալի չափորոշիչներին. «Մենք մեզ հետ կբերենք շարժական գույքը և կներկայանանք մեր ամբողջական համեղ տեսականիով»:
Փոխհամագործակցության արդյունքում ԵՊՀ-ն մատչելի գներով տարածքը կտրամադրի վարձակալության, իսկ «Արտ Լանչ» ընկերությունն էլ համալսարանականների համար հատուկ գնային քաղաքականություն կվարի: Մեզ հետ զրույցում Բակուր Մելքոնյանն ասաց, որ նախնական հաշվարկներով զեղչերը կլինեն 15-20 %-ի սահմաններում: Ի դեպ, ճաշարանը բաց կլինի բոլորի համար:
Առողջ սննդի երաշխավորության մասին ընկերության համահիմնադիրն ասաց, որ համագործակցելով մի շարք հեղինակավոր ընկերությունների, կազմակերպությունների հետ և ունենալով Հայաստանում ճաշարանների ամենամեծ ցանցը՝ «Արտ Լանչ»-ն առաջնորդվում է իր սկզբունքներին համապատասխան, որոնցից ամենակարևորը թարմ և տեղական սննդամթերքից պատրաստվող որակյալ ուտեստների տրամադրումն է:
«Մեր առաջին պայմաններից մեկը կիսաֆաբրիկատներ չօգտագործելն է, որի պատճառով է նաև, որ Քիմիայի ֆակուլտետում տեղակայված ճաշարանում չենք կարողանում առավել բազմազան տեսականիով ներկայանալ: Չենք օգտագործում համային հավելումներ: Այժմ էլ փորձում ենք հացը նույնպես մեր ճաշարաններում թխել»,- ասաց ընկերության համահիմնադիրը:
Բակուր Մելքոնյանն ասաց նաև, որ ընկերությունը բաց է նոր առաջարկների համար. «Ի դեպ, սիրով կընդունենք նաև նոր սննդի կետի դիզայնի վերաբերյալ առաջարկներ և կփորձենք հետաքրքիր լուծումներ գտնել»:
Քնար Միսակյան