- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ Է ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆԸ
Մայիս 22, 2018 | 18:32
Քաղաքականություն
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ Է ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆԸ
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ, 32 կողմ և 3 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է վերընտրվել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը:
Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստին մասնակցում էին գիտխորհրդի 36 անդամներից 35-ը: Նիստին ներկա էր նաև ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: Ֆակուլտետի 6 ամբիոնների կողմից դեկանի պաշտոնի համար առաջադրվել էր Արծրուն Ավագյանը:
Նշենք, որ Հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանին ֆակուլտետի երկու 2 ամբիոն նույնպես առաջադրել էին ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար: Այսօր՝ գիտխորհրդի նիստից առաջ, Յուրի Ավետիսյանը դիմում է գրել և ինքնաբացարկ հայտնել:
Ֆակուլտետի գիտխորհրդի նիստ նախագահող, Հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը նշեց, որ Յուրի Ավետիսյանը, ելնելով ֆակուլտետի շահերից, ինքնաբացարկ է հայտնել: «Սա ապացուցում է մեր ֆակուլտետի միասնականությունը»,- հավելեց նա:
Մինչ ծրագրային ելույթը ներկայացնելը՝ Արծրուն Ավագյանը շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի բոլոր ամբիոններին դեկանի պաշտոնում իր թեկնածության առաջադրման համար:
Ա. Ավագյանը, ներկայացնելով իր ծրագրային ելույթը, նշեց, որ ֆակուլտետը արել և անելու է ամեն ինչ տարիներով ստեղծված ավանդույթները շարունակելու համար:
«Մեր առաջնահերթ նպատակն է Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի և կառավարման խորհրդի կողմից հաստատած 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի դրույթների աստիճանական և հիմնավոր իրականացումը, մի բան, որը նպաստելու է ինչպես ողջ համալսարանի, այնպես էլ մեր ֆակուլտետի գիտական ու կրթական առաջընթացին։ Վերոհիշյալ ծրագրի հիման վրա ֆակուլտետում ստեղծվել են մի շարք օրինակելի կանոնադրություններ, որոնք ևս ուղենշային պետք է լինեն մեզ համար»,- հավելեց նա:
Նրա խոսքով, այսօր ֆակուլտետի վեց ամբիոններում ընթացքի մեջ են ժամանակակից հայոց լեզվին, լեզվաբանությանը, հայոց լեզվի պատմությանը, գրականությանն ու նրա տեսությանը վերաբերող մի շարք կարևոր գիտական, կրթական ծրագրեր ու հետազոտություններ։ «Այս առումով պետք է ամեն ջանք ներդրվի այդ աշխատանքների արդյունքներն ուսանողությանն ուսանելու և գրքի տեսքով ներկայացնելու համար, որոնք և պետք է լինեն ֆակուլտետի նորընտիր ղեկավարի գործունեության նպատակներից։ Նույնքան կարևոր են բուհական դասագրքերի, ձեռնարկների ստեղծման աշխատանքները:
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին, սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով նվազել է ֆակուլտետ դիմողների (թե՛ առկա և թե՛ հեռակա) թիվը։ Մանավանդ անհանգստացնող է կրթական երկրորդ ու երրորդ աստիճաններ ստանալ ցանկացողների թվի նվազումը։ Այստեղ մեծ անելիքներ կան՝ դպրոցների ու կրթական այլ կառույցների հետ կապերի ընդլայնում, հեռուստաեթերի և մամուլի օգտագործում, դասավանդվող առարկաների և դասախոսական անձնակազմի որակական բարձրացում, ուսանողական կյանքի և նրանց գիտական ուսումնառության արդյունավետ կազմակերպում, մագիստրոսական ծրագրերի խորացում ու մշտական արդիականացում և այլն։ Դիմորդների քանակի մեծացմանը կարող է նպաստել նաև ուսանողների և շրջանավարտների նյութական վիճակների բարելավումը՝ կրթաթոշակների բարձրացում, մանկավարժի ու բանասերի աշխատավարձերի բարձրացում և այլն»,- նշեց Ա. Ավագյանը:
Բանախոսի խոսքով, մասնագիտական կրթություն տալուց զատ՝ ֆակուլտետի առաջնահերթ խնդիրը եղել ու մնալու է երիտասարդ սերնդի ազգային ու մարդկային նկարագրի ձևավորումը:
Ըստ Ա. Ավագյանի՝ կրթության որակի բարձրացումն ամենագլխավոր առաջադրանքն է, որին պետք է ձեռնամուխ լինի ֆակուլտետը։ «ԵՊՀ-ում իրականացված մի շարք ծրագրերն, անշուշտ, նպաստել են այդ գործին, սակայն դեռ կան անելիքներ: Մասնագիտական որակների բարձրացման կարիք կա հենց դասախոսական կազմում։ Ունենք դասախոսներ, ովքեր լսարան են մտնում հին իմացություններով, անտարբեր են, թե ուսանողը հաճախո՞ւմ է դասերին, հանձնարարությունները կատարո՞ւմ է, մտահո՞գ է իր իմացությունների կատարելագործմամբ: Մեր խնդիրը պետք է լինի բարձր առաջադիմություն ունեցողների թիվը մեծացնելը, որը, իհարկե, արհեստական չպետք է լինի»,- ասաց նա:
Ըստ նրա՝ շատ բարձր մակարդակով չի անցնում նաև ուսումնական պրակտիկան։ «Պատճառներից մեկը դպրոցների այսօրվա վիճակն է։ Բայց կան նաև այլ խանգարող գործոններ՝ պրակտիկա անցնող ուսանողներ ունենք, որոնք չեն սիրում իրենց մասնագիտությունը, կան ուսանողներ, որոնք ունեն գիտելիքների պակաս և այլն»,- փաստեց Ա. Ավագյանը:
Ա. Ավագյանը նշեց, որ այսօր խնդիր է շարունակում մնալ ֆակուլտետի դասախոսների կողմից օտար լեզուների տիրապետման հարցը, որի պատճառով համալսարանական որոշ պայմանագրեր, որոնք կնքվում են այլ երկրների բուհերի հետ, մնում են կիսատ։ «Ցավալին այն է, որ երիտասարդ դասախոսների մեծ մասը ևս չի տիրապետում երկրորդ օտար լեզվի, այդ թվում՝ ռուսերենի։ Անհրաժեշտ է ֆակուլտետում խթանել նաև ուսուցման ժամանակակից մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառումը և հեռաուսուցման ձևի ներդրումը: Ընդլայնվելու միտումներ են դրսևորում կուրսային աշխատանքների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի արտագրության, ինչպես նաև այլ անձանց և անգամ գրասենյակների կողմից գրվող դեպքերը»,- հավելեց պրոֆեսորը։
Նրա խոսքով, ամբիոններն ավելի ուշադիր և հոգատար վերաբերմունք պետք է ցուցաբերեն ասպիրանտների և հայցորդների ընտրության գործում։ Ա. Ավագյանը նաև նշեց, որ մեծ անելիքներ ունի ֆակուլտետի ՈւԽ-ն ուսանողների կարգապահական և առաջադիմության ոլորտներում, իսկ ՈւԳԸ գործունեությունը վերջին տարիներին մեծ ծավալների է հասել, ֆակուլտետը մրցանակային տեղեր է զբաղեցրել ԵՊՀ-ում։ «Պետք է էլ ավելի սատարել ուսանողների ընդգրկմանն այդ ոլորտում, նպաստել զեկուցումների քանակի ու որակի բարձրացմանը»,- ասաց նա։
Առաջիկայում նշվելու է ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակը: Բանախոսի խոսքով, այն պետք է առիթ դառնա համալսարանի հեղինակությունը բարձրացնելու համար:
Պրոֆեսոր Ա. Ավագյանը հայտնեց, որ ընդամենը մի քանի օր առաջ ֆակուլտետում բացվել է Սայաթ-Նովայի անվան լսարանը։ «Նախատեսվում է ամռան ամիսներին վերանորոգել և կահավորել պրոֆեսորներ Մանվել Ասատրյանի և Ալբերտ Շարուրյանի անվան լսարանները, մասնաշենքի առաջին հարկում տեղադրվել են պրոֆեսորներ Մկրտիչ Մկրյանի և Հովհաննես Բարսեղյանի կիսանդրիները, ռեկտորատը ծրագիր ունի մեր մասնաշենքի բակում տեղադրելու նաև Լևոն Ներսիսյանի նկարագիրը խորհրդանշող կոմպոզիցիա, իսկ Հովհ. Թումանյանի և Գրիգոր Նարեկացու լսարանների կահավորման գործը ընթացքի մեջ է»,- հավելեց նա:
Ա. Ավագյանի խոսքով, ֆակուլտետի գիտական ներուժի տեսանկյունից կարևոր է դասախոսների գիտական աստիճանների բարձրացման խնդիրը։ «Սակայն մեր մի շարք ունակ դասախոսներ չեն ձեռնարկում գրել իրենց դոկտորական աշխատանքները։ Որոշ պատճառներ, իհարկե, կան, օրինակ, վճարվող հավելավճարի ցածր լինելը և այլն։ Կարծում ենք, որ մասնագետը պարտավոր է ամեն օր աշխատել իր մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ»,- նշեց նա:
Ըստ բանախոսի՝ վերջին տարիներին մի շարք պատճառներով իջել է դասախոսների հեղինակությունը, որը ոչ մի կերպ չի կարող նպաստել համալսարանի հեղինակության բարձրացմանը: Ա. Ավագյանի խոսքով, անհրաժեշտ է անել ամեն ինչ, դասախոսի ընկած հեղինակությունը բարձրացնելու համար, նրա անձի նկատմամբ ուսանողների մեջ հարգանք սերմանել, քանի որ առանց այդ հեղինակության բարձրացման ոչնչի հնարավոր չէ հասնել:
Ելույթի վերջում Ա. Ավագյանը նշեց, որ անելիքներ շատ կան, սակայն այդ ամենը հնարավոր է իրականություն դարձնել, եթե ֆակուլտետում տիրի աշխատանքային և բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, որին և պիտի ձգտեն բոլորը։
Բանախոսի ելույթից հետո՝ ֆակուլտետի գիտական խորհրդի նիստի ընթացքում, անդրադարձ եղավ ֆակուլտետում երիտասարդ կադրերի ներգրավման կարևոր խնդրին, ուսումնական պրակտիկաները ավելի արդյունավետ կազմակերպելու, դասախոսների ծանրաբեռնվածության, ինչպես նաև դասախոսների դասավանդման մեթոդիկայի փոփոխության և դասախոսների աշխատավարձերի բարձրացման հարցերին: ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, հանգամանալից անդրադառնալով վերոնշյալ հարցերին, ներկայացրեց ԵՊՀ ղեկավարության դիրքորոշումը:
Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի՝ ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։ Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում փակ, գաղտնի քվեարկությամբ` 5 տարի ժամկետով։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը 1964 - 1968 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի պաշտոնն Ա. Ավագյանը զբաղեցնում է 2000 թվականից: Ա. Ավագյանը ՀՀ գիտության վաստակավոր գործիչ է, արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրի, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության «Վիլյամ Սարոյան» մեդալների:
Նադեժդա Տեր-Աբրահամյան