- Գլխավոր
- Նորություններ
- 100-ԱՄՅԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ. ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՅՑ ԳՅՈՒՄՐԻԻ № 1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Մայիս 20, 2019 | 14:32
Հասարակություն
100-ԱՄՅԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ. ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՅՑ ԳՅՈՒՄՐԻԻ № 1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի մի խումբ ուսանողներ, ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանի ղեկավարությամբ, մայիսի 18-ին այցելել են Գյումրիի №1 ավագ դպրոց և աշակերտներին ներկայացրել ԵՊՀ կառուցվածքը և գործունեությունը:
Մեզ հետ զրույցում Արթուր Իսրայելյանը փաստեց, որ ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված այցի նպատակն ապագա ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը նպաստել և նրանց դեպի ԵՊՀ ուղղորդելն էր: Դպրոցի ընտրությունը, Արթուր Իսրայելյանի հավաստմամբ, պայմանավորված էր չինագիտության ոլորտում տնօրեն Նաիրա Թադևոսյանի հետ ունեցած գործնական հարաբերությունների ամրապնդմամբ և երկու կառույցների միջև համագործակցության հաստատելու պատրաստակամությամբ:
«ԵՊՀ 100-ամյակի շրջանակում ես և արեբերենի խմբի իմ ուսանողները որոշեցինք հանդիպել ավարտական դասարանների աշակերտներին, ծանոթացնել ԵՊՀ-ի գործունեությանը, ներկայացնել մասնավորապես Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և պատասխանել նրանց հարցերին: Ի դեպ, դպրոցն ունի չինարենի դասարան»,- ասաց Արթուր Իսրայելյանը:
Աշակերտների հետ հանդիպմանը, որին ներկա էին նաև ծնողները, Արթուր Իսրայելյանը ներկայացրել է ԵՊՀ պատմությունը, մանրամասնորեն խոսել կառուցվածքի և գործընկեր համալսարանների հետ հաստատված համագործակցության մասին:
Բացի դրանից՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալն աշակերտներին պատմել է, թե ինչ լեզուներ են դասավանդվում ԵՊՀ-ում, ինչ մեթոդներով և ծրագրերով են դրանք ուսուցանվում:
Խոսելով Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մասին՝ Արթուր Իսրայելյանը փաստել է, որ այն մասնագետներ է պատրաստում դիվանագիտական ծառայության, միջազգային կազմակերպությունների, հանրապետության պետական իշխանության մարմինների, ինչպես նաև ոչ պետական հաստատությունների ու առանձին կազմակերպությունների հետազոտական-վերլուծական բաժինների համար:
Նա աշակերտներին պատմել է, թե ինչ ամբիոններ են գործում ֆակուլտետում՝ մանրամասնորեն խոսելով դրանց գործունեության մասին, ներկայացնելով դասախոսներին և դասավանդվող առարկաներին, ինչպես նաև ֆակուլտետի արտաքին կապերը:
Անդրադառնալով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետին՝ Արթուր Իսրայելյանն աշակերտներին ներկայացրել է Արաբագիտության, Իրանագիտության և Թյուրքագիտության բաժինները՝ փաստելով, որ ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել արտասահմանյան արևելագիտական նշանավոր կենտրոնների հետ և հաջողությամբ զարգացնում է գիտական շփումներն Իրանի, Եգիպտոսի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի համալսարանների համապատասխան ամբիոնների և առանձին գիտնականների հետ:
Հանդիպման ընթացքում ապագա ուսանողները ծանոթացել են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի» գործունեությանը, հիմնական խնդիրներին, գործառույթներին, ինչպես նաև կազմակերպվող ծրագրերին և միջոցառումներին:
Դեկանի տեղակալն աշակերտներին ներկայացրել է ԵՊՀ կայքը՝ մանրամասնորեն անդրադառնալով դրա բաժիններին և դիմորդներին անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու գործիքներին:
Մեզ հետ զրույցում Արթուր Իսրայելյանն ասաց, որ այցի ձևաչափի առանձնահատկությունն ուսանողների ներգրավվածությունն էր. «Բացի նրանից, որ ուսանողներն ավելի լավ կներկայացնեին ուսանողական կյանքի յուրահատկությունները, նրանց ներկայությունն աշակերտներին ավելի անկաշկանդ էր դարձնում»:
Հանդիպման մասնակից ուսանողներ Աննա Գևորգյանը, Աննա Աթաբեկյանը, Դիանա Տեր-Զաքարյանը, Մարան Միլիտոնյանը և Վենետիկ Չականդարյանն աշակերտներին պատմել են ուսանողական կառույցների, ինքնադրսևորման տարբեր հարթակների մասին, ներկայացրել են գործող ռազմական և սպորտային ակումբների գործունեությունը, խոսել արտասահմանում վերապատրաստման ծրագրերի և այլ հնարավորությունների մասին:
Արթուր Իսրայելյանը փաստեց, որ այցի շրջանակում այցելել են նաև Գյումրիի պատմամշակութային վայրեր: Նա ասաց, որ նմանօրինակ հանդիպումները շարունակական կլինեն:
Պատրաստեց Քնար Միսակյանը