- Գլխավոր
- Նորություններ
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ
Հոկտեմբեր 25, 2018 | 15:09
Կրթություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ
Այսօր մեկնարկեց Արևելյան Եվրոպայի չղջիկների վերաբերյալ առաջին միջազգային գիտաժողովը, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 27-ը ներառյալ:
Գիտաժողովը կազմակերպվել է Երևանի պետական համալսարանի, «Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի (ՆԱԲՈՒ-Հայաստան) և «EUROBATS» կազմակերպության համատեղ ջանքերով:
Գիտաժողովին ներկա էին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը, կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը, նույն ամբիոնի աշխատակիցներ Աստղիկ Ղազարյանը, Տիգրան Հայրապետյանը, Գեորգի Պապովը, ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սևակ Բալոյանը:
Գիտաժողովին մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Բելառուսից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Չեխիայից, Սլովակիայից, Իրանից, Բուլղարիայից, Վրաստանից ժամանած անվանի գիտնականներ, ովքեր զբաղվում են ձեռքաթևավորների ուսումնասիրությամբ:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում նման միջազգային գիտաժողով, որին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած անվանի գիտնականներ. «Այս գիտաժողովը կնպաստի հայ և հրավիրյալ գիտնականների միջև փորձի փոխանակմանը, համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ձեռքաթևավորների ուսումնասիրության զարգացմանը»:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանն էլ իր խոսքում շեշտեց, որ ԵՊՀ կենդանաբանության ամբիոնը շուրջ 50 տարի զբաղվում է ձեռքաթևավորների ուսումնասիրությամբ. «Մեր ցանկությունն է ամբիոնի աշխատակիցների կողմից երկար տարիներ կատարած գիտական ուսումնասիրությունները ներկայացնել այլ երկրների գիտնականներին, ինչպես նաև ծանոթանալ նրանց կատարած ուսումնասիրություններին: Մեր ամբիոնը այս բնագավառում կատարել է բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ, քանի որ Հայաստանը հարուստ է չղջիկներով: Մենք միշտ մասնակցել ենք եվրոպական երկրներում կազմակերպված չղջիկների վերաբերյալ տարբեր գիտաժողովների, սակայն Արևելյան Եվրոպայի չղջիկների մասին առաջին միջազգային գիտաժողովը իր բնույթով աննախադեպ է Հայաստանում»:
Միջոցառման կազմակերպիչներ, ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի աշխատակիցներ Աստղիկ Ղազարյանը, Տիգրան Հայրապետյանը և Գեորգի Պապովը հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով ձեռքաթևավորների մասին իրենց կատարած ուսումնասիրությունները:
Հյուրերին նաև ցուցադրեցին կարճ տեսաֆիլմ Հայաստանում տարածված ձեռքաթևավորների ուսումնասիրությունների վերաբերյալ:
Գիտաժողովի ընթացքում տարբեր երկրներից ժամանած գիտնականները կներկայացնեն ձեռքաթևավորների կենսաբանական առանձնահատկությունների մասին իրենց կատարած գիտական ուսումնասիրությունները, կքննարկվեն նաև ձեռքաթևավորների պահպանության հիմնահարցերը:
Նշենք, որ գիտաժողովի ընթացքում հյուրերը կծանոթանան Հայաստանի տեսարժան վայրերին: