- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱԶՄԱՎԷՊ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ 175-ԱՄՅԱԿԻՆ
Հոկտեմբեր 19, 2018 | 16:46
Գիտություն
ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱԶՄԱՎԷՊ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ 175-ԱՄՅԱԿԻՆ
Այս տարի լրանում է «Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյակը։ Այս առիթով ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Մխիթարյան միաբանությունը 2018 թ.-ի հոկտեմբերի 19-ին Երևանում կազմակերպել են գիտաժողով:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ գիտաժողովի բացումը, որի կազմկոմիտեի նախագահն էր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
Գիտաժողովին ներկա էր նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, Ակադեմիկոս Հր. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ Սերժ Սրապիոնյանը և այլ դասախոսներ:
Գիտաժողովի բացմանը ցուցադրվեց Մխիթարյան միաբանության մասին պատմող ֆիլմ, որը ներկայացրեց միաբանության պատմությունը, ծավալած գործունեությունը:
ՀՀ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր Մագդա Մկրտչյանի կատարմամբ հնչեցին Մխիթար Սեբաստացու շարականները:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը:
Ներկաներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
«Շնորհավորում եմ բոլորիս Մխիթարյան միաբանության պաշտոնական ամսագրի՝ «Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյա հոբելյանի կապակցությամբ: Անգնահատելի են հայ պարբերականների դերը և առաքելությունը մեր պատմության մեջ, հոգևոր-մշակութային կյանքում, ազգային ինքնության պահպանման գործում: Մխիթարյան միաբանությունը, գիտական և մշակութային գործունեություն ծավալելու հետ մեկտեղ, ստանձնելով նաև հայ լրագրության զարգացումը խթանելու պատվաբեր առաքելությունը, 175 տարի առաջ դարձավ հայ մամուլի ստեղծման հիմնաքարերից մեկը»,- ասաց Մխիթար Հայրապետյանը՝ գիտաժողովին մաղթելով արգասաբեր աշխատանք:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնության խոսքը փոխանցեց Գերաշնորհ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Իսկ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Կաթողիկոսի օրհնության խոսքը փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կրթական-հայագիտական կենտրոնի տնօրեն Ժիրայր Դանիելյանը:
Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Նորին Սրբություն Գրիգոր Պետրոս Ի-ի օրհնության խոսքը փոխանցեց Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց եկեղեցու Հայաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:
Մխիթարյան միաբանության Քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը հատկանշական համարեց, որ «Բազմավէպ»-ի 175-ամյակը զուգադիպում է ՀՀ ԳԱԱ 75-ամյակին և Մխիթարյան միաբանության 300-ամյակին:
Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վինչենցո Դել Մոնակոն ելույթի ընթացքում կարևորեց «Բազմավէպ» պարբերականի և Մխիթարյան միաբանության դերը թե՛ հայագիտության, թե՛ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի ողջույնի խոսքը փոխանցեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանը:
Այնուհետև ««Բազմավէպ»՝ նահապետ և ռահվիրա» զեկուցմամբ հանդես եկավ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը:
««Բազմավէպ»-ի մատենագիտությունը» զեկուցմամբ ներկայացավ Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծ.վարդապետ Օհանյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Հայր Վահան ծ. վարդապետ Օհանյանը պարգևատրվեց ոսկե մեդալով:
««Բազմավէպ»-ի պատմագիտական նշանակությունը» զեկուցումը ներկայացրեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Ընդմիջմանը մատուցվեց Մխիթարյան միաբանության դարավոր «Մխիթարին» խմիչքը, որը պատրաստվում է Մխիթարյան հայրերի կողմից:
Այնուհետև գիտաժողովը շարունակվեց երկու բաժանմունքներով՝ ««Բազմավէպ»-ի պատմագիտական արժեքը» և «Լեզվաբանության և գրականության հարցերը «Բազմավէպ»-ի էջերում» խորագրերով:
Նշենք, որ գիտաժողովը շարունակվելու է նաև հոկտեմբերի 20-ին:
Հիշեցնենք, որ 1843 թ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում լույս տեսնող «Բազմավէպ»-ը հայերեն ամենաերկարակյաց պարբերականն է։ Այն իր պատմության ընթացքում ազգային կյանքի կարևորագույն ու հրատապ խնդիրներին արձագանքելու հարթակ է հանդիսացել։ Պարբերականի էջերում լույս են տեսել բազմաթիվ հայագիտական նյութեր։