- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ «ՔԱՐԻՑ ԹՈՒՂԹ» ԳԱՂԱՓԱՐԸ՝ «BIG IDEA CHALLENGE» ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Հունիս 11, 2019 | 16:13
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ «ՔԱՐԻՑ ԹՈՒՂԹ» ԳԱՂԱՓԱՐԸ՝ «BIG IDEA CHALLENGE» ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնը Լոնդոնի Սիթի համալսարանի (City University) և Չենջսքուլի (Change School) հետ Երևանի պետական համալսարանում իրականացրեց Բարձրագույն կրթության ձեռներեցության «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագիրը:
«Ստեղծարար միտք» ծրագրի նպատակն է նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը և աջակցել ծրագրի մասնակից երկրների՝ ներառյալ Հայաստանի, ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը:
Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղստան), Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և Ուկրաինայում:
Ծրագրի համակարգող Ռոզա Ալավերդյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում 75 ուսանողներ և դասախոսներ հնարավորություն են ունեցել կատարելագործելու անգլերենի իմացությունը՝ դառնալով «Learn English Select» դասընթացի շահառուներ:
Ըստ Ռոզա Ալավերդյանի՝ ավելի քան 90 ուսանողներ ստացել են ձեռնարկատիրական գիտելիքներ և հմտություններ՝ մասնակցելով «Ստեղծարար ձեռներեցության» դասընթացներին, որոնք անցկացվել են Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված «Ձեռնարկատիրական հմտություններ և դասավանդում» ծրագրի շրջանակում:
Այդ դասընթացի նպատակն էր մասնակիցներին տալ բիզնես գաղափար ձևավորելու, նորարարական տեխնոլոգիաներ մշակելու և կենսունակ բիզնես մոդելներ կազմելու հմտություններ, ինչպես նաև ստանալ մենթորների խորհրդատվություն:
Ինչպես նշեց Ռոզա Ալավերդյանը, նմանօրինակ դասընթացները կարևոր են, քանի որ անկախ ընտրած ոլորտից՝ ուսանողները ձեռք են բերում ձեռնարկատիրական հմտություններ և դրանք կիրառելու կարողություն:
«Այս ծրագիրը միջազգային փորձն ու ժամանակակից մոտեցումները ԵՊՀ ուսանողներին փոխանցելու համար հիանալի հարթակ էր»,- ասաց Ռ. Ալավերդյանը:
Նշենք, որ ծրագրի տրամաբանական շարունակությունն է «Big Idea Challenge» գաղափարների մրցույթը, որի տեղային փուլում հաղթող ճանաչված 10 տեսահոլովակների շարքում էր նաև ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի թիմը՝ «Քարից թուղթ» գաղափարով:
Թիմի անդամներն են Քիմիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշաննա Վարդանյանն ու Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Արաքսյա Առաքելյանը:
Նրանք թղթի ստացման այլընտրանքային տարբերակ են առաջարկում: Ըստ նրանց գաղափարի՝ կրաքարի օգտագործմամբ թղթի ստացումը չի վնասում բնությանը և քիչ ծախսատար է:
Պատրաստեց Մարի Ռաֆյանը