- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ԵՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ
Հոկտեմբեր 27, 2018 | 13:03
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ԵՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կողմից ներկայացրած «Հայաստանի պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգային ծրագրերի իրականացման համար կենսացուցիչների որոշում» գիտական թեման:
Մեզ հետ զրույցում վերոնշյալ գիտական թեմայի ղեկավար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սիրանուշ Նանագյուլյանը նշեց, որ Հայաստանը կենսաբազմազանության և մշակութային առումով աշխարհի հարուստ տարածաշրջաններից մեկն է:
«Բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) կենտրոնացված է և պահպանվում է ՀՀ ֆաունայի, ֆլորայի և սնկերի բիոտայի տեսակային կազմի 60-70 տոկոսը, այդ թվում նաև հազվագյուտ, կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված և էնդեմիկ տեսակների ճնշող մեծամասնությունը: Շրջակա միջավայրի բազմազան էկոհամակարգերի փոփոխությունների գնահատման համար օգտագործվում են բազմաթիվ կենսացուցիչներ»,- հավելեց ամբիոնի վարիչը:
Նրա խոսքով, գիտական ծրագրի հիմնական նպատակն է մշակել և ներկայացնել կենսաբազմազանության լավագույն կենսացուցիչները, որոնց միջոցով հնարավոր կլինի գնահատել ՀՀ պահպանվող տարածքների էկոհամակարգերում տեղի ունեցած կարևոր փոփոխությունները, ինչպես նաև հայտնաբերել, գնահատել և հրապարակել գործող հիմնական վտանգները:
Գիտական ծրագիրն իրականացնող խմբում ընդգրկված են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի սնկաբանության, բուսաբանության ու կենդանաբանության ոլորտների 5 մասնագետ և երիտասարդ ասպիրանտ, որի ատենախոսության թեման վերաբերում է ՀՀ ԲՀՊՏ-ների կենսաբազմազանության ուսումնասիրությանը և մոնիթորինգին:
Ս. Նանագյուլյանը հայտնեց, որ ծրագիրն իրականացնող խմբի 7-ամյա փորձը, որը վերաբերում է ՀՀ տարբեր շրջաններում կենսաբազմազանության և դրանց վրա մարդածին գործոնի ազդեցության ուսումնասիրություններին, հիմք է դառնալու ներկայացված ծրագրի իրականացման համար. «Նախորդ ծրագրերի ընթացքում խումբը Հումբոլդի, Լայպցիգի, Սիենայի և Տարտուի համալսարանների հետ ձեռք է բերել միջազգային համագործակցություն»:
ԵՊՀ բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչն ընդգծեց, որ ծրագրի արդյունքները մեծ նշանակություն են ունենալու ԲՀՊՏ-ներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման համար. «Արդյունքները ներկայացվելու են ՀՀ բնապահպանության նախարարությանը, ինչպես նաև ԲՀՊՏ-ների վարչակազմերին, գիտական ստորաբաժանումներին՝ տրամադրելով տեղեկություններ լավագույն կենսացուցիչների վերաբերյալ»:
Ըստ Ս. Նանագյուլյանի՝ նախագիծը նպաստելու է բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանը, որը ուղղված է լինելու որսագողության դեմ պայքարի, անտառահատումների և այլ անօրինական գործողությունների կանխարգելմանը. «Այն նաև օգնելու է կենսաբազմազանության ոլորտում կրթական մակարդակի և տվյալ բնագավառի աշխատակիցների իրազեկման բարձրացմանը»:
Նադեժդա Տեր-Աբրահամյան