- Գլխավոր
- Նորություններ
- ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Հունվար 29, 2021 | 17:05
Հասարակություն
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 8 և ընթացիկ հարցերով:
Երկրորդ գումարման Հոգաբարձուների խորհրդի թիվ 3 նիստը, կանոնակարգի համաձայն, վարում էր տարիքով ավագ անդամը՝ ԵՊՀ դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Անահիտ Չուբարյանը:
Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ նիստի մասնակիցները նրա առաջարկությամբ մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհվածների հիշատակը, որից հետո քննարկեցին ներկայացված օրակարգը:
Հնչեց հարց, թե ինչու նիստի օրակարգում ներառված չէ ԵՊՀ բյուջեի և զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականի հաշվետվությունը, որին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը պատասխանեց, որ այս նիստում ներառվել են հրատապ հաստատում պահանջող հարցերը: Նա նշեց, որ Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն հանդես գալ օրակարգում ցանկացած հարց ներառելու առաջարկությամբ:
Հաստատելով օրակարգը և անցնելով դրա առաջին հարցի քննարկմանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը նշեց, որ Հոգաբարձուների խորհրդի անխափան աշխատանքն ապահովելու անհրաժեշտությամբ առաջարկվում է ՀԽ աշխատակարգում ավելացնել նոր կետ՝ հետևյալ ձևակերպմամբ.
«Խորհրդի նախագահի բացակայության պայմաններում խորհրդի քարտուղարը, եթե տվյալ բուհում սովորող չէ, ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները՝ մինչև խորհրդի հաջորդ նիստում նախագահի ընտրության մասին որոշման կայացումը: Ե՛վ նախագահի, և՛ քարտուղարի բացակայության պայմաններում խորհրդի նախագահի լիազորությունները խորհրդի առաջին նիստի իրավական համանմանության հիմքով իրականացնում է տարիքով ավագ անդամը, իսկ քարտուղարում՝ կրտսեր անդամը»:
Միքայել Մալխասյանի հավաստմամբ, այս փոփոխությունն անհրաժեշտ է, քանի որ Հոգաբարձուների խորհուրդն արդեն երրորդ անգամ բախվում է խնդրի, երբ հստակ չէ, թե ով պետք է կազմակերպի նիստը, եթե այն դեռևս նախագահ չունի: Նա փաստեց, որ ձևակերպումը համապատասխանում է օրենսդրությամբ և այլ կանոնակարգերով սահմանվող դրույթներին:
Բացի դրանից՝ այս ձևակերպումը կյանքի կոչելու համար նիստի մասնակիցներին առաջակվեց նաև ՀԽ աշխատակարգի 2.3 կետից հանել «Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող կամ սովորող» ձևակերպումը:
Հոգաբարձուների խորհուրդը 16 կողմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց առաջարկվող փոփոխությունը:
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության շրջանակում նիստը նախագահող Անահիտ Չուբարյանն առաջադրեց Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ. դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը, իսկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը։
ՀԽ նախագահի թեկնածուները Խորհրդի անդամներին ներկայացրին իրենց գործունեությունը, համալսարանի զարգացման գործում ՀԽ-ի դերի իրենց պատկերացումները և պատասխանեցին նիստի մասնակիցների հարցերին։
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի առաջարկությամբ և Հոգաբարձուների խորհրդի ներկա անդամների մեծամասնության համաձայնությամբ, քվեարկությունն անցկացվեց փակ գաղտնի ձևով: Քվեարկության արդյունքների համաձայն՝ Հայկազ Նավասարդյանը հավաքեց 14, իսկ Կառլեն Խաչատրյանը՝ 15 ձայն, ինչը, ըստ կանոնակարգի, բավարար չէ նախագահ ընտրվելու համար:
Այնուհետև ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը ՀԽ անդամների հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ 2021 ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը: Նրա խոսքով, ԵՊՀ 2021 թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը դեֆիցիտային է. «Դեֆիցիտի լրացման աղբյուրը 2021 թ. հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիների ընթացքում կուտակված դրամական միջոցների մնացորդն է»։
Բյուջեի նախահաշվի մանրամասն ներկայացումից հետո Գեղամ Գևորգյանը պատասխանեց նիստի մասնակիցների հարցերին:
Նախահաշվի հաստատումից հետո Հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկեցին օրակարգային 4-րդ հարցը, որով առաջարկվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի «Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժին», ««Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի խմբագրություն» և ««Գիտական տեղեկագիր» հանդեսի խմբագրություն» կառուցվածքային ստորաբաժանումների միացումը «Գիտական քաղաքականության վարչություն» կառուցվածքային ստորաբաժանմանը: Խորհրդի անդամները կողմ քվեարկեցին առաջարկությանը:
Այնուհետև քննարկվեց ԵՊՀ 2021 թվականի հաստիքացուցակը: ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն նշեց, որ էական փոփոխություններ չեն եղել այս ցուցակում, եղել է օպտիմալացում տնտեսական բլոկում, ըստ որի՝ կատարվել է կառուցվածքային և հաստիքների փոփոխություն: Այս հարցի վերաբերյալ ծավալվեց քննարկում՝ կապված մասնավորապես աշխատավարձերի տարբերության հետ:
Կառլեն Խաչատրյանն առաջարկեց ստեղծել հանձնաժողով, որը կքննարկի և կփորձի կանոնակարգել այս հարցը: Նրա առաջարկը որոշվեց ներառել օրակարգի ընթացիկ հարցերի մեջ:
Այնուհետև ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հերթականությամբ քննարկեց և հաստատեց ԵՊՀ կարիքների համար աշխատակիցների առողջության ապահովագրման ծառայությունների մատուցման գնման, անվտանգության ապահովման ծառայության մատուցման պետական գնման և սանիտարական մաքրության ծառայության մատուցման գնման պայմանագրերը:
Օրակարգային հարցերի սպառումից հետո ընթացիկ հարցերի շրջանակում ՀԽ-ն որոշեց ստեղծել 5 անդամից բաղկացած հանձնաժողով, որը կզբաղվի աշխատավարձերի չափերի ուսումնասիրմամբ:
Քնար Միսակյան