- Գլխավոր
- Նորություններ
- «ԿԱՌՈՒՑԵԼ ԱԶԳԵՐ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ». ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 08, 2018 | 15:28
Հասարակություն
«ԿԱՌՈՒՑԵԼ ԱԶԳԵՐ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ». ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկեց «Կառուցել ազգեր և պետություններ ցնցումների համատեքստում» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ-ի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովի առաջին օրվա ընթացքում զեկուցումներով հանդես եկան Հայաստանի ամերիկյան, Ջորջ Վաշինգտոն, Հարվարդի, Սան Դիեգոյի, Կանադայի ՄակԳիլի պետական համալսարանների, ինչպես նաև Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի ներկայացուցիչները:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ գիտաժողովին իրենց մասնակցությունը ցուցաբերելու համար: Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ գիտաժողովի թեման շատ արդիական է, և համոզված է՝ զեկուցումներից հետո ծավալվելու են հետաքրքիր քննարկումներ:
Ներկաների ելույթները վերաբերում էին տարածաշրջանային անվտանգությանը, առաջնորդությանը, երկրների հակազդեցությանը, ինչպես նաև այդ ամենի ընթացքում պետությունների կառուցման գործընթացին: Անդրադարձ եղավ նաև Ղրիմի, Դոնբասի, Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև համագործակցության թեմաներին:
Կանադայի ՄակԳիլի համալսարանի ներկայացուցիչ Ջուլիետ Ջոնսոնը հանդես եկավ զեկուցմամբ՝ խոսելով Եվրամիության դրոշի և վերջինիս «շահարկման» թեմայից:
«Եթե մենք դիտարկենք ուկրաինական զարգացումները, ինչպես նաև այնտեղ տեղի ունեցած հեղափոխությունը, ապա շատ հաճախ կարող ենք հանդիպել այն դեպքերին, երբ ցուցարարները թափահարում էին Եվրամիության դրոշը: Երբ Սահակաշվիլին Վրաստանի նախագահն էր, Եվրամիության դրոշը ծածանվում էր կառավարության շենքի դիմաց՝ Վրաստանի պետական դրոշի կողքին»,- նկատեց Ջուլիետ Ջոնսոնը:
Ըստ բանախոսի՝ այնպիսի տպավորություն է, որ Եվրամիության դրոշը ցուցարարներին պետք է իրենց ընդդիմադիր կերպարն ամբողջացնելու համար և կառավարությանը ցույց տալու, որ վերջինս չի ընդունում կամ լավ չի հասկանում եվրոպական արժեքները:
Բանախոսը, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած քաղաքացիական և քաղաքական շարժումներին, նշեց, որ վերջին իրադարձությունների ժամանակ առհասարակ չի նկատվել, որ ցույցի մասնակիցները հանդես գան Եվրամիության դրոշով:
«Ինձ հետաքրքիր էր «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ տեղի ունեցած դեպքը, երբ բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չտվեցին ներկաներից մեկին բարձրացնել Եվրամիության դրոշը»,- նկատեց Ջուլիետ Ջոնսոնը:
Բանախոսները հանդես եկան նաև տարածաշրջանի մյուս երկրներին վերաբերող զեկուցումներով՝ մատնանշելով այդ երկրների անվտանգությանը, առաջնորդներին, ազգային ռեժիմին, քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերը:
Գիտաժողովը շարունակվելու է նաև վաղը Սլավոնական համալսարանում
Անի Պողոսյան