- Գլխավոր
- Նորություններ
- «ԲՅՈՒՐԱԿՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հոկտեմբեր 26, 2018 | 16:34
Քաղաքականություն
«ԲՅՈՒՐԱԿՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետ էին այցելել «Բյուրակն» կրթահամալիրի սաները:
ԵՊՀ այցելած աշակերտներին ֆակուլտետում դիմավորեցին Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյանը, Դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը, Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը:
Բյուրակն կրթահամալիրի 7, 8 և 9-րդ դասարանների աշակերտները Քիմիայի ֆակուլտետում ծանոթացան ֆակուլտետային կյանքին, մասնագիտական գիտելիքներին, ինչպես նաև իրականացրին գիտափորձեր Անօրգանական քիմիայի դոցենտ Ռոբերտ Ադամյանի հետ:
Աշակերտները շրջեցին լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին:
Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը: Նա նշեց, որ ֆակուլտետում կրթությունն իրականացվում է երկու հիմնական կրթական ծրագրով՝ «Քիմիա» և «Սննդի անվտանգություն»:
Ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաները հնարավորություն են տալիս պատրաստելու այդ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող բանիմաց մասնագետներ:
Երեխաները հետաքրքությամբ դիտեցին գիտափորձերը, տվեցին տարաբնույթ հարցեր:
Տիգրան Գրիգորյանը սովորում է 7-րդ դասարանում: Հետաքրքրությամբ դիտելով փորձերը՝ նա տեսանկարում էր՝ տանը դիտելու և փորձարկելու համար. «Ուզում եմ տանը փորձել և տեսնել, թե ինչ է լինում»:
«Բյուրակն» կրթահամալիրի քիմիայի ուսուցչուհի Լաուրա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կրթահամալիրում չկան համապատասխան լաբորատորիաներ՝ գործնական պարապմունքներն անցկացնելու համար. «Այդ բացը լրացնելու ենք այսօր: ԵՊՀ-ն սիրով ընդունել է մեզ: Կարծում եմ ՝ սա կնպաստի քիմիա առարկայի իմացության ամրապնդմանը»:
Անգին Խաչատրյան