- Գլխավոր
- Նորություններ
- ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Հուլիս 10, 2019 | 16:27
Կրթություն
Մշակույթ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտների ընկերներ և հարազատներ:
Մինչև դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աննա Մաքսուդյանը շնորհավորեց շրջանավարտներին, անդրադարձավ մագիստրոսական ծրագրին, ուսանողների հետ իրականացրած լայնածավալ աշխատանքներին, թվացյալ դժվարություններին և ձեռքբերումներին:
«Ի սկզբանե անհավանական էր թվում մագիստրոսական այս ծրագրի մեկնարկը: Ես տարբեր ֆակուլտետներ էի գնում հասկանալու՝ ում հետ է հնարավոր այն իրագործել: Ի վերջո, խոսելով ֆակուլտետի ղեկավարության հետ, հասկացանք, որ հենց այստեղ էլ պետք է սկիզբ դրվի ծրագրին»,- նշեց ծրագրի ղեկավարը:
Ա. Մաքսուդյանն ընդգծեց, որ շրջանավարտների հաջողությունները նկատելի են, քանի որ նրանցից շատերն արդեն ունեն աշխատանք և կիրառում են ֆակուլտետում ստացած գիտելիքները. «Մենք ունեցել ենք անմոռանալի հիշողություններ, հետաքրքիր պահեր, թվացյալ խնդիրներ, բայց այսօր ես ուրախ ու հպարտ եմ, որ դուք կայացել եք իբրև լավ մասնագետներ»:
Շրջանավարտներին շնորհավորեցին, անձնական ու գործնական հաջողություններ մաղթեցին նաև Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանն ու Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը:
Շրջանավարտներից Մելինե Գևորգյանը, որը սովորել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատում, կարևորեց այս ծրագրի արդիականությունն ու նոր չափորոշիչներով աշխատաոճը:
Մագիստրոսական այս ծրագրի ընտրությունը Մելինեն պայմանավորում է ինչպես իր նեղ մասնագիտական պահանջներով, այնպես էլ աշխատաշուկայում HR մասնագետի պահանջով:
Խոսելով մագիստրոսական ծրագրի մասին՝ նա նշեց, որ այն նորույթ էր իր բովանդակությամբ և դասավանդման մեթոդիկայով:
«Մասնագիտական կրթական ծրագրերի կառավարումը շատ ճկուն է, դասավանդման մեթոդիկան ունի նոր ոճ և կազմված է բացառապես գործնական գիտելիքների հենքի վրա, այս ամենի հետ մեկտեղ կա նաև ուսանողների մեծ ներգրավվածություն»,- ասաց ուսանողուհին:
Շնորհակալական և գովեստի խոսքերին հաջորդեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: