- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՁԵԶ ՏՎԵԼ Է ԳԻՏԵԼԻՔ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ. «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Հուլիս 15, 2019 | 16:58
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՁԵԶ ՏՎԵԼ Է ԳԻՏԵԼԻՔ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ. «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի 2018-2019 ուստարվա շրջանավարտներն այսօր ստացան իրենց դիպլոմները:
Շրջանավարտներին ողջունեց ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը՝ նշելով, որ մեծ պատիվ է համալսարանական լինելը: Նա արդեն նախկին ուսանողներին բարի երթ ու մասնագիտական մեծ հաջողություններ մաղթեց՝ վստահություն հայտնելով, որ դեռևս լսելու է նրանց ձեռքբերումների մասին:
«Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանը, վերհիշելով շրջանավարտների հետ անցկացրած 2 տարին, ընդգծեց, որ դրանք եղել են հետաքրքիր և արկածային իրադարձություններով լի:
«Այն գիտելիքը, որ ունեք, այսօր շատ կարևոր և արդիական է: Հաղորդակցության մասնագետները պահանջված են բոլոր ոլորտներում, և ես գիտեմ, որ տեսնելու եմ ձեզ այնտեղ, իմանալու եմ, որ դուք իրականացրել եք բազում ֆանտաստիկ արշավներ: Մեր ճանապարհները շատ են խաչվելու՝ արդեն որպես գործընկերներ»,- շնորհավորեց Նվարդ Մելքոնյանը:
«Համալսարանը ձեզ տվել է գիտելիք, հմտություն և, որ ամենակարևորն է, արժեհամակարգ: Երբեք մի՛ արեք քայլեր, որ դեմ են ձեր արժեհամակարգին»,- ասաց ծրագրի դասախոս, Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Յուլիանա Մելքումյանը:
Դեկանի տեղակալն ու ծրագրի ղեկավարը շրջանավարտներին հանդիսավոր հանձնեցին դիպլոմները: