- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Հուլիս 17, 2019 | 15:50
Կրթություն
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ սև շենքի դահլիճում այսօր տեղի է ունեցել Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 2018-2019 ուստարվա մագիստրատուրայի և բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Բացի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից՝ միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, ԵՊՀ շրջանավարտներ ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը և ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը, ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը:
Միջոցառման սկզբում ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը ողջունեց ներկաներին ու ասաց, որ իրենց ֆակուլտետը շուրջ երեք տասնյակ մասնագիտություններ է ուսուցանում, և ֆակուլտետի պատրաստած կադրերից շատերը բարձր պաշտոններ են զբաղեցնում թե՛ պետական կառույցներում, թե՛ միջազգային հարթակներում, թե՛ գիտական աշխարհում և թե՛ բիզնեսում։
«Բարեկեցիկ հասարակության, արդյունավետ տնտեսության համար պետք են լավ մասնագետներ»,- ասաց Հայկ Սարգսյանը և շնորհավորեց բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով նրանց գտնել իրենց ուղին։
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ողջույնի խոսում նշեք, որ միջոցառմանը ներկա լինելու հրավերն ընդունել է ուրախությամբ և միանում է բոլոր շնորհավորանքներին։
«Հանրապետության առջև կանգնած են բազում մարտահրավերներ, բայց դրանցից ամենակարևորը գիտելիքի ու արհեստավարժության մարտահրավերն է։ Հիմա գիտելիքի և արհեստավարժության պակաս կա։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք ու ձեր ներկայությամբ հույս եք ներշնչում ապագայի հանդեպ»,- իր շնորհավորական խոսքը եզրափակեց ՀՀ ՊԵԿ նախագահը։
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտներին շնորհավորեց նաև ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը։
«Ես վստահ եմ, որ համալսարանը ձեզ զինել է արդիական գիտելիքներով, հմտություններով և կարողություններով: Ես հույս ունեմ, որ դուք այդ գիտելիքները, հմտություններն ու կարողությունները կծառայեցնեք ի շահ հանրությանը, Հայաստանին: Մաղթում եմ՝ այն արժեհամակարգը, որ ձևավորել է համալսարանը ձեր ուսումնական տարիներին, ձեզ բարեկեցիկ դարձնի, ձևավորի և՛ անձնական, և՛ հոգեբանական բարեկեցություն: Շնորհավորում եմ բոլորիդ»,- ասաց պրոռեկտոր Է. Ասրիյանը:
Շնորհավորական խոսքերից հետո Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 2018-2019 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները։