- Գլխավոր
- Նորություններ
- ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է. ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հուլիս 23, 2019 | 16:20
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է. ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը, Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը, դասախոսներ, շրջանավարտներ և ծնողներ:
Հանդիսավոր արարողության սկզբում բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, որը նախ ողջունեց ներկաներին, ապա իր խոսքն ուղղեց ուսանողներին:
«Սիրելի՛ ուսանողներ, դուք այս ընթացքում ոչ միայն հաղթահարել եք շատ խոչընդոտներ, այլև ապրել եք բերկրանքի և ցնծության պահեր,- ասաց պարոն Բարսեղյանը,- այսօր հենց բերկրանքի նման պահերից մեկն է, քանի որ դուք ստանում եք ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտի դիպլոմ, որը ձեզ կօգնի մասնագիտական կյանքում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ գրանցել»:
Այնուհետև ներկաներին ողջունեց պրոռեկտոր Էլինա Ասրիյանը՝ նշելով, որ այսօր ուսանողները ստացել են ոչ միայն իրենց դիպլոմները, այլև ձեռք են բերել համալսարանական անձնագիր, որը լինելու և համարվելու է նրանց մրցակցային առավելությունը:
Ուսանողներին շնորհավորեցին նաև Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը և Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը, որոնք իրենց հերթին ուսանողներին մաղթեցին կատարելագործել ձեռք բերած հմտությունները և չմոռանալ, որ կրթությունը շարունակական գործընթաց է:
Ողջույնի խոսքից հետո տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:
Շրջանավարտներին դիպլոմները հանձնեց Էլինա Ասրիյանը: