- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԱՇԽԱՐՀԱԳԵՏ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Հուլիս 18, 2019 | 13:38
Ուսանողական
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԱՇԽԱՐՀԱԳԵՏ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, փոխդեկան Սարգիս Քելյանը, ամբիոնների վարիչներ, դասախոսներ, շրջանավարտների ծնողներ և ընկերներ:
Բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:
Վերջինս շնորհավորեց շրջանավարտներին և նշեց, որ նրանք այսօրվանից համարվում են դասախոսների գործընկերները. «Դուք նոր կյանք եք մտնում և հնարավորություն ունեք կիրառելու ձեր ստացած գիտելիքները՝ այսկերպ նպաստելով երկրի և տնտեսության զարգացմանը»:
Դեկանի հավաստմամբ, ԵՊՀ-ն ուսանողներին ոչ միայն զինում է փորձով ու գիտելիքներով, այլև դառնում է քաղաքական մտքի զարգացման կենտրոն:
«ԵՊՀ-ն ոչ միայն գիտական, այլև հասարակական-քաղաքական մտքի զարգացման կենտրոն է, կարևորագույն միջոցառումների նախաձեռնողն ու կազմակերպիչը»,- նշեց Մարատ Գրիգորյանը:
Ողջույնի խոսքից հետո տեղի ունեցավ դիպլոմների հանձնումը:
Շրջանավարտներին դիպլոմները հանձնեցին ֆակուլտետի դեկանը և ամբիոնների վարիչները:
Ստելլա Հակոբյանն Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի բակալավրիատի շրջանավարտ է:
Ստելլան նպատակ ունի կրթությունը շարունակելու մագիստրատուրայում՝ խորացնելով տեսական և գործնական գիտելիքները:
Նա գերազանց է գնահատում չորս տարիների ընթացքում ստացած գիտելիքները, դասախոսների փոխանցած փորձն ու մասնագիտական հմտությունները:
«Հիանալի անձնակազմ, հրաշալի ընկերներ, որոնք ինձ աճելու և զարգանալու հնարավորություն են տվել»,- ամփոփեց Ստելլան:
Պատրաստեց Անգին Խաչատրյանը