- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍՆ Է». ԵՊՀ ԹՅՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՍՏԱՑԱՆ ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Հուլիս 09, 2019 | 12:24
Ուսանողական
«ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍՆ Է». ԵՊՀ ԹՅՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՍՏԱՑԱՆ ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Այս տարի ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ծաղկաձորում գտնվող Օրբելի եղբայրների տուն-թանգարանում։
Ընտրված վայրը խորհրդանշական էր արևելագետների համար. սենյակը, որտեղ նրանց շնորհվում էր արևելագետի պատասխանատու կոչումը, պատկանում էր հայ արևելագիտական դպրոցի մեծանուն երախտավոր Հովսեփ Օրբելուն։
Միջոցառման սկզբին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց թանգարանի աշխատակազմին ջերմ հյուրընկալության համար, որից հետո շրջանավարտներին ներկայացվեցին հանճարեղ գիտնականի՝ Հովսեփ Օրբելու ընտանիքի պատմությունն ու գործունեությունը՝ ընդգծելով նրա անգնահատելի դերը հայ արևելագիտական դպրոցի կայացման գործում։
Ռուբեն Մելքոնյանը կարևորեց միջոցառման անցկացման վայրն արևելագիտական ավանդույթների պահպանման և փոխանցման տեսանկյունից, շնորհավորեց շրջանավարտներին նախ՝ համալսարանականի, հետո՝ արևելագետ-թյուրքագետի բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ։
«Դուք դառնում եք համալսարանական և հայ արևելագիտական ավանդույթների շարունակականության կրողը: Արևելագիտությունը կենսակերպ է, արևելագետ դառնում են և մնում են արևելագետ ամբողջ կյանքում, այն ձեր ինքնության բաղկացուցիչ մասն է»,- նշեց դեկանը:
Նա շնորհակալություն հայտնեց Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանին և ֆակուլտետի դասախոսներին՝ թյուրքագետների ևս մեկ փայլուն սերունդ կրթելու համար:
«Պարտավորեցնող է լինել թյուրքագետ և այն էլ հայ թյուրքագետ, քանի որ մենք ուսումնասիրում ենք մի երկիր ու ժողովուրդ, որը բարեհաճ չի եղել և չի լինելու մեր հանդեպ, ուստի թող երբեք ձեզ չլքեն իրատեսությունն ու զգոնությունը, քանի որ եթե կորցնեք այդ կարևոր հատկանիշները, դուք վնաս կբերեք ոչ միայն ձեզ, այլև ձեր հայրենիքին»,- շրջանավարտներին դիմեց պրոֆեսոր Մելքոնյանը:
Ուսանողները նույնպես իրենց երախտիքի խոսքը հայտնեցին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին հայրենակենտրոն կրթության և մասնագիտական խորը գիտելիքների լավագույնս փոխանցման համար:
Էլյա Հարությունյան