- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՀԻՄՆԱԴԻՐ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Հուլիս 04, 2019 | 14:57
ԵՊՀ ՀԻՄՆԱԴԻՐ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ սև շենքի դահլիճում այսօր տեղի է ունեցել Պատմության ֆակուլտետի 2018-2019 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման սկզբում Պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը ողջունեց ներկաներին ու ասաց, որ շատ ուրախ է ԵՊՀ հիմնադիր ֆակուլտետում 100-ամյա համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունն անցկացնելու համար։
Մինչ դիպլոմների հանձնումը դեկանը հանգամանորեն ներկայացրեց ֆակուլտետի հիմնադրման պատմությունը, նրա բազմամյա գործունեությունն ու ներկայումս ունեցած նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում։
Շնորհավորելով շրջանավարտներին՝ Էդիկ Մինասյանն ասաց. «Հաջողություն եմ մաղթում ձեզ ձեր հետագա կյանքում։ Խնդրում եմ, որ ուր էլ լինեք, բարձր պահեք այս ֆակուլտետի և այս համալսարանի անունը»:
Շրջանավարտներին իրենց շնորհավորական խոսքը հղեցին նաև Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանն ու Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը։
«Կարևորն այն է, որ դուք բարձր պահեք համալսարանականի կոչումը, լինեք բարեկիրթ ու լայն հայացքների տեր մարդիկ»,- ասաց Հ․ Մարգարյանը։ Իսկ Հ․ Ավետիսյանն էլ նկատեց, որ կարմիր դիպլոմ ստացողների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը փաստում է ֆակուլտետում ուսանողների կրթության բարձր որակի մասին։
Շնորհավորական խոսքերից հետո հիմնադիր ֆակուլտետի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները։