- Գլխավոր
- Նորություններ
- ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐ ՀԵՏ ՏԱՆԵԼՈՒ Է ԱՐԵՎԵԼՔԻՑ ՄԻ ՄԱՍՈՒՆՔ. ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՍՏԱՑԱՆ
Հուլիս 04, 2019 | 09:52
Հասարակություն
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐ ՀԵՏ ՏԱՆԵԼՈՒ Է ԱՐԵՎԵԼՔԻՑ ՄԻ ՄԱՍՈՒՆՔ. ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՍՏԱՑԱՆ
ԵՊՀ Եղ. Չարենցի անվան լսարանում այսօր տեղի է ունեցել Արաբագիտության և Իրանագիտության ամբիոնների 2018-2019 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտների ծնողներ և ընկերներ:
Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ողջունելով հավաքվածներին, շնորհավորեց համալսարանն ավարտելու կապակցությամբ:
«Այս տարիների ընթացքում դուք ձեռք բերեցիք շատ հետաքրքիր կոչում՝ համալսարանականի՝ Հայաստանի ամենահին ու ամենակայացած բուհի շրջանավարտ լինելու կոչումը, որը ձեզ ուղեկցելու է ամբողջ կյանքի ընթացքում: Հետադարձ հայացք նետելով՝ պետք է փաստեմ, որ համալսարանն այն եզակի ինստիտուցիոնալ կառույցներից է, որն ունի հարյուրամյա չընդհատվող պատմություն: Մենք ունենք 1718 տարվա պատմությամբ Հայ առաքելական եկեղեցի և հարյուրամյա համալսարան»,- ասաց պրոֆեսոր Մելքոնյանը:
Ֆակուլտետի դեկանը հավելեց, որ արևելագիտությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև կենսակերպ է, մտածելակերպ. «Հայ արևելագետ լինելով՝ դուք կրկնակի պատասխանատվություն եք զգալու, քանի որ հայերս ոչ միայն ուսումնասիրում, այլև գտնվում ենք արևելքում և հաճախ կոնֆլիկտների ոչ թե դիտորդ ենք, այլ, ցավոք, դրանց կիզակետում ենք»:
Շնորհավորական խոսքով հանդես եկան և շրջանավարտներին բարի երթ մաղթեցին Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը և Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, ինչպես նաև ամբիոնների դասախոսներ:
Արաբագիտության ամբիոնի շրջանավարտ Մելանյա Նազարյանը, ուսանողների անունից երախտիքի խոսք հայտնելով ֆակուլտետի ղեկավարությանը և դասախոսներին, նշեց. «Ներկաներից յուրաքանչյուրն իր հետ տանելու է Արևելքից մի մասունք»:
Մեզ հետ զրույցում Իրանագիտության ամբիոնի շրջանավարտ Արեգ Բագրատյանը պատմեց ուսումնառության չորս տարվա մասին. «Արևելագիտության ֆակուլտետ գալով՝ քո առջև բացվում են Արևելքի գաղտնիքները, դու քեզ զգում ես «Հազար ու մի գիշեր» հեքիաթում, որտեղ ամեն մի տարր նոր է, անծանոթ, և մեծ հետաքրքրությամբ ու ամենակարևոր բանալիի՝ պարսկերենի միջոցով բացում ես այդ աշխարհի դռները: Անգնահատելի են մեր դասախոսների աշխատանքն ու նվիրումը»:
Արաբագիտության ամբիոնի շրջանավարտ Սիմա Գորոյանը, պատմելով իր ուսումնառության մասին, կարևորեց ոչ միայն տեսական բաղադրիչը, այլև գոհունակությամբ նշեց մեծաքանակ գործնական պարապմունքների մասին, որոնք թույլ են տալիս հետագայում իրացնել ստացած գիտելիքները:
Ելույթներին հաջորդեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: