- Գլխավոր
- Նորություններ
- «CHAINPOINT 19» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հոկտեմբեր 04, 2019 | 16:42
«CHAINPOINT 19» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ «ChainPoint 19» ամենամյա միջազգային համաժողովի վերաբերյալ։
«Nooor» բլոկչեյնի ասոցիացիայի կողմից կազմակերպված «ChainPoint 19» համաժողովը, որը ոլորտի ամենաազդեցիկ միջազգային միջոցառումներից է, անցկացվելու է հոկտեմբերի 14-ին և 15-ին և այս տարի ընդունելու է մոտ 500 մասնակից և 50 խոսնակ 30-ից ավելի երկրներից:
«Nooor» բլոկչեյնի հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները ֆակուլտետի ուսանողներին և դասախոսական կազմին ծանոթացրին իրենց կազմակերպության գործունեությանը, խոսեցին վերջինիս կողմից ներկայացված կրիպտոակտիվների կարգավորման օրենսդրության մասին, որը եզակի հնարավորություններ է ընձեռում թե՛ տեղական շուկայի ներկայացուցիչների, թե՛ միջազգային շուկայի խաղացողների համար։
Հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները ներկայացրին երկօրյա համաժողովի ծրագրի մանրամասները, գրանցվելու կարգը, պատմեցին նաև այն մասին, թե Հայաստանից մասնակիցների համար մասնակցության ինչպիսի հատուկ պայմաններ են գործում։
Համաժողովի նպատակն է համաշխարհային բիզնես համայնքին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը:
Խոսնակների շարքում են լինելու ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, «Bitcoin.com»-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Ռուստը, Հոնգ Կոնգի Ֆինտեխ ասոցիացիայի նախագահ և «PWC»-ում կրիպտո և ֆինտեխ ուղղությունների համաշխարհային առաջնորդ Հենրի Արսլանյանը, «Bitfury» ընկերության համաշխարհային դեսպան Մարկ Տավերները, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Էմին Գյուն Սիրերը և շատ այլ փորձագետներ:
Պանելային քննարկումներին և շնորհանդեսներին զուգահեռ անցկացվելու է «CP19 Startup Battle»-ը. 12 ընտրված ստարտափեր տարբեր երկրներից պայքարելու են մրցանակային ֆոնդի համար:
Պատրաստեց Անի Պողոսյանը