- Գլխավոր
- Նորություններ
- «ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍԱՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ». ԷՆԵՐԳԵՏԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբեր 27, 2018 | 18:30
«ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍԱՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ». ԷՆԵՐԳԵՏԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր դասընթացաշար, որի շրջանակում ներկայացվեցին հարավկովկասյան տարածաշրջանի երկրների ներքաղաքական և արտաքին քաղաքականությունների առանձնահատկությունները:
Առաջին դասընթացի թեման «Թուրքիա-Վրասատան-Ադրբեջան եռակողմ համագործակցություն»-ն էր:
Դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Էրիկ Դավթյանը:
Դասախոսության սկզբում բանախոսը պարզաբանեց, թե ինչու է հենց այս թեման ընտրվել, ինչով է այն արդիական և ինչու հատկապես հայ հետազոտողները պետք զբաղվեն վերջինիս ուսումնասիրմամբ:
«Թեման մեզ համար կարևոր է այսպես կոչված «կոշտ անվտանգության» տեսանկյունից, քանի որ միմյանց հետ համագործակցում են մեր հարևան երեք երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը, և բնականաբար հարց է առաջանում՝ արդյո՞ք այս համագործակցությունը դաշինք է, թե՝ ոչ»:
Բացի դրանից՝ ըստ բանախոսի՝ թեմայի ուսումանսիրությունը հնարավորություն կտա ուսանողներին պարզելու, թե գերտերությունները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, ինչպիսի քաղաքական ծրագրեր են մշակում Հարավային Կովկասում:
Այնուհետև բանախոսն անդրադարձավ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ համագործակցության պատմությանը:
Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհաքաղաքական դաշտում շատ կարևոր նշանակություն ունի էներգետիկ ոլորտը:
«Եռակողմ համագործակցության ձևավորման հիմքում էներգետիկ պաշարներն են, որոնք կան Ադրբեջանում: Այս համագործակցության շնորհիվ կառուցվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը նախատեսված է նավթը Եվրոպա մատակարարելու համար»:
Բայց այս եռակողմ համագործակցությունից առաջ՝90-ականներին, ամեն ինչ այդքան միանշանակ չէր, և նավթի արտահանման մի քանի տարբերակներ էին քննարկվում, ինչպես օրինակ՝ նավթի մատակարարումը Միջերկրական ծովի միջոցով:
«Ինչքան էլ որ զարմանալի թվա, բայց քննարկվող տարբերակներից մեկն էլ Հայաստանն էր: Նախատեսվում էր, որ այս տարբերակի շնորհիվ կկարգավորվի նաև Արցախի խնդիրը, որովհետև երկրները կունենան միմյանց հետ համագործակցելու հնարավորություն»,- ասաց բանախոսը:
Բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ տարբերակն այդպես էլ կյանքի չկոչվեց, փոխարենը 2006 թվականին շահագործման հանձնվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը:
«Այստեղ կարևոր է նշել, որ այսպես կոչված նավթային դիվանագիտության մեջ մեծ դեր ունեն նաև էներգետիկ կազմակերպությունները, որոնք կարող են ազդել երկրների միջև դիվանագիտության զարգացման հեռանկարի վրա»,- նկատեց բանախոսը:
Վերջում Էրիկ Դավթյանը խոսեց նաև այն մասին, թե ինչ առնչություն ունի ընտրված թեման Հայաստանի անվտանգության հետ:
«Բնականաբար, մեր հարևան երեք երկրների՝ այս էներգետիկ համագործակցությունը չի կարող շրջանցել նաև Հայաստանի անվտանգության թեման,- նշեց բանախոսը,- այս հարցում պետք է մեր արտաքին քաղաքականությունը հնարավորինս ճիշտ մշակել՝ անհրաժեշտության դեպքում հավասարակշիռ պատասխան տալու համար»:
Անի Պողոսյան