- Գլխավոր
- Նորություններ
- ՓՈՓՈԽՎՈՂ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՎՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Հունվար 14, 2019 | 16:55
ՓՈՓՈԽՎՈՂ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՎՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Ինչպիսի՞ մարտահրավերներ է ստիպված հաղթահարել ժամանակակից լրագրությունը, ինչպիսի՞ նոր պայմաններ են ստեղծվել լրագրության զարգացման համար, և ինչպիսի՞ն պետք է լինի լրագրողների դերը ստեղծված իրավիճակում:
2016-ին, երբ լրագրությունն ամեն վայրկյան դրամատիկորեն փոխվում էր, գերմանացի լրագրողներ Կառլ Նիկոլաուս Ռեները, Տանև Շուլցը և Յուրգեն Վիլկեն որոշեցին զբաղվել արձանագրված փոփոխությունների ուսումնասիրությամբ և հրատարակեցին «Լրագրությունն ինքնավարության և օգտակարության միջև» էսսեների գիրքը:
Գրքում հեղինակները հստակ հարցադրում են, թե արդյոք լրագրողները շարունակում են մնալ ինֆորմացիայի ստացման անաչառ աղբյուր, թե նրանք էլ որոշակի քաղաքական հետաքրքրություն և քաղաքական գործառույթ ունեցող աղբյուրներ են, որոնք օր օրի կորցնում են իրենց նկատմամբ ունեցած վստահությունը հասարակության շրջանում:
Ըստ հեղինակների՝ ԶԼՄ-ներին այլևս չվստահող մարդիկ չեն վստահում նաև ծավալվող դեմոկրատական գործընթացներին, քանի որ համարում են, որ իրենց կարծիքը հասարակական քննարկումներում բավականաչափ կամ ընդհանրապես ներկայացված չէ:
Բացի դրանից՝ կասկածի տակ է դրվում նաև լրագրության օգտակարությունը, քանի որ ժամանակակից տեղեկատվական դաշտում մի օգտատիրոջ գրած կարծիք կամ վարած անձնական բլոգ կարող է մարդկանց մոտ ավելի շատ վստահություն ունենալ, քան լրագրողի արհեստավարժ աշխատանքը:
Եվ վերջում, երբ այս ամենին գումարվում են որոշ լրագրողների կասկածելի աղբյուրները, չստուգված և ոչ հավաստի նյութերը, արդյունքում ունենում ենք այն ճգնաժամը, որը հիմա կա ոլորտում:
«Բրենդային» լրագրություն, երբ միմյանց են հատվում հանրային կապերը, գովազդն ու լրագրությունը
«Բրենդային» լրագրությունը տեղեկատվություն է որոշակի ապրանքանիշի կամ ծառայության մասին: Այն սպասարկում է տվյալ ապրանքանիշի շուկայական հետաքրքրությունները և շահերը:
Այսօր գնալով ավելանում է այն ձեռնարկատերերի քանակը, որոնք վճարում են լրագրողներին մասնագիտական ծառայություններ մատուցելու համար:
Այդ ամենի գլխավոր նպատակն է լրագրողական «գործիքներով» կազմակերպել սեփական ձեռնարկության գովազդը:
Խմբագիրներն սկսել են իրենց նյութերը հարստացնել արդեն իսկ հովանավորված արտադրանքի մասին տեղեկույթով, որը հաճախ մատուցվում է որպես լրագրողական նյութ՝ ընթերցողին գնորդ դարձնելու նպատակով:
Շատ հաճախ նմանօրինակ ձեռնարկություններում լրագրողական ծառայություններն ավելի բարձր են վարձատրվում, քան ավանդական մեդիաձեռնարկություններում, ինչն էլ լրագրության այդ տեսակն առավել գրավիչ է դարձնում:
«Deutsche Welle» ակադեմիայի դասախոս Կատյա Շուպն իր էսսեներից մեկում հարցադրում է, թե ի վերջո ինչի՞ է հանգեցնելու «ապրանքանշային» լրագրությունը՝ դեմոկրատիայի բարելավմա՞ն, թե՞ընկերությունների շահույթի ավելացման:
Իր սահմանման մեջ հեղինակն օգտագործում է անգլերեն «բրենդային» բառը՝ նպատակ ունենալով մարդկանց ցույց տալու այն տնտեսական ուղղվածությունը, որն առաջին հայացքից դժվար է տարբերել ավանդական, տեղեկույթ հաղորդող լրագրությունից:
Այսպիսով՝ գովազդը, հանրային կապերը և լրագրությունը սկսում են քայլ առ քայլ իրար ձուլվել:
«EC=MC» բանաձևը, ինչը նշանակում է ՝ ամեն ընկերություն մեդիա ընկերություն է, նոր երևույթ չէ: Ըստ Կատյա Շուպի՝ մեդիա մարքեթինգի խնդիրն այն է, որ «լրագրություն» տերմինն այս գործընթացում իրավաբանորեն պաշտպանված չէ:
Երբ բրիտանական «The Guardian» օրաթերթն ընթերցողին խնդրում է իր ֆինանսական աջակցությունն ունենալ որակյալ լրագրության ստեղծման գործընթացում, նշում է նաև, որ իր մատուցած տեղեկույթը հեռու է ապրանքանշային լրագրությունից, չի սպասարկում որևէ քաղաքական ուժի շահ, ոչ ոք չի խմբագրում իրենց խմբագիրներին:
Կառուցողական լրագրությունն ու էյֆորիայի չափաբաժինը
Լուրերը հիմնականում վատ իրադարձությունների մասին են: Այս երևույթն այնքան սովորական է դարձել, որ հակառակ մոտեցումը սկզբում զարմանք, իսկ հետո ծիծաղ է առաջացնում:
Այդուհանդերձ, եթե փորձենք խնդիրը ոչ միայն ներկայացնել, այլև վերլուծել, ակամայից կանդրադառնանք նաև լուծման ճանապարհներին: Լուծումը կամ լուծման տարբերակն էլ հենց կդառնա լավ նորությունը:
Բայց այդ ամենը մի քիչ աշխատատար է, գիտելիքներ և ուսումնասիրություն է պահանջում, իսկ մարդիկ աշխատանքի հեշտ տարբերակն են նախընտրում:
Սակայն այս հարցում նույնպես չարժե ծայրահեղությունների գիրկն ընկնել: Այնտեղ, որտեղ դրական կողմեր չկան, պետք է ներկայացնել միմիայն իրականությունը, հակառակ դեպքում դրական «սոուսը» կփչացնի անգամ ամենաարժանահավատ հոդվածը կամ նյութը:
«Լրագրությունն ինքնավարության և օգտակարության միջև» էսսեների գրքում հեղինակներն անդրադառնում են նաև տպագիր մամուլին՝ նկարագրելով վերջինիս ֆինանսական ծանր վիճակը, որն ամեն օր ավելի զգալի է դառնում՝ հատկապես առցանց լրատվամիջոցների հետ համեմատելիս:
Ճգնաժամ են ապրում ոչ միայն տպագիր լրատվամիջոցները, այլև լրատվական դաշտում մատուցվող տեղեկույթի բովանդակությունը:
Գնալով աճում է այն լրատվամիջոցների թիվը, որոնք նախընտրում են «հեշտամարս» նյութերը լրագրողական հետազոտություններից և հետաքննություններից:
Շուկայական պահանջները դառնում են առաջնային:
Մի քանի անգամ խմբագրված և խմբագրվող տեղեկույթն էլ վերջում «անատամ» նյութ է դառնում՝ առանց լուրջ քննադատական մտքի:
Ինչևէ, կասկածից վեր է, որ ժամանակակից լրագրությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Թվարկվածներն սառցաբեկորի տեսանելի հատվածի միայն մի մասն են:
Անի Պողոսյան