- Գլխավոր
- Նորություններ
- «ՉԻՆԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Նոյեմբեր 30, 2018 | 15:59
Կրթություն
«ՉԻՆԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր կազմակերպել էր հերթական դասընթացը` «Չինաստանի քաղաքականությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի միջուկային հիմնահարցի շուրջ» խորագրով:
Թեմայի մասին դասախոսություն կարդաց Չինաստան-Եվրասիաքաղաքական և ռազմավարական հետազոտական խորհրդի ղեկավար,Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, «Չինաստանի«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հայաստանը» գրքիհեղինակ, ք․գ․թ․ Մհեր Սահակյանը:
Բանախոսը ներկայացրեց Իրանի միջուկային հիմնախնդրի ծագման պատմությունը, միջուկային ոլորտում չին-իրանական համագործակցությունը, պատմեց ՄԱԿ-ի ԱԽ-ում իրանական հիմնահարցի շուրջ Չինաստանի վարած քաղաքականության մասին:
Դեռևս 1980-1988 թվականներին՝ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ, Չինաստանն այն երկրներից էր, որն ակնհայտորեն զենք էր վաճառում Իրանին:
Ըստ բանախոսի՝ Չինաստանն Իրանի հարցում քաղաքական մի քանի հետաքրքրություն ունի: «Իհարկե այս հետաքրքրվածության ամենակարևոր պատճառներից մեկն Իրանի էներգետիկ պաշարներն են: Չինաստանի համար չափազանց կարևոր է նաև Իրանի կայունությունը, քանի որ աշխարհագրական դիրքի առումով Իրանը գտնվում է էներգետիկ հաղորդակցման սրտում»,-նշեց Մհեր Սահակյանը:
Այս ամենից զատ՝ Չինաստանի համար կարևոր է նաև, որ Իրանը լինի հզոր և զարգացած, քանի որ վերջինիս հզորությունը տարածաշրջանում հակադարձ համեմատական է Միացյալ Նահանգների ազդեցությանը:
2006 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իրանի միջուկային հիմնահարցի շուրջ քննարկումներ սկսվեցին, որոնց արդյունքում բանաձևեր ընդունվեցին, որոնք պատժամիջոցներ էին սահմանում Իրանի նկատմամբ:
«Այդ բոլոր բանաձևերին էլ Չինաստանը կողմ է քվեարկել, քանի որ քննարկման սեղանին դրված էր Մերձավոր Արևելքում միջուկային անվտանգության խնդիրը: Չէր բացառվում, որ Իրանին միջուկային ազատություն տալու դեպքում առիթից կօգտվեին նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներ՝ Թուրքիան, Իրաքը և այլն,- ասում է բանախոսը և հավելում,- բայց միևնույն ժամանակ Չինաստանն ու Ռուսաստանը դեմ էին, որ այդ պատժամիջոցները տարածվեն Իրանի էներգետիկ ոլորտների վրա, քանի որ նշված ոլորտները վերջիններիս համար տնտեսական կարևորություն ունեն»:
Չինաստանը կարևոր և կառուցողական դերակատարում ունեցավ 2015թ. հուլիսի 16-ին մի կողմից՝ Իրանի, իսկ մյուս կողմից` ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի կողմից կնքած «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» գործում։ Նույնիսկ 2018 մայիսի 8-ից հետո էլ, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ այդ ծրագրից Չինաստանը շարունակում է պաշտպանել կնքված պայմանագրը։ Չին ղեկավարները նշում են, որ իրանական միջուկային հիմնախնդիրը պետք է լուծվի միմիայն դիվանագիտության, ստորագրված պայմանագրի և ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի շրջանակներում։
Դասախոսության վերջում ներկաները բանախոսին հարցեր տվեցին: