- Գլխավոր
- Նորություններ
- «Մտքի խնդիրներ. մտածողությունը արհեստական բանականության դարաշրջանում»․ մտորումների ֆորում
Ապրիլ 09, 2025 | 11:29
Գործընկերներ
Կոնֆերանսներ
Հասարակություն
«Մտքի խնդիրներ. մտածողությունը արհեստական բանականության դարաշրջանում»․ մտորումների ֆորում
«ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամը «SmartGateVC» վենչուրային հիմնադրամի «Հերո հաուս» տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում ս․թ․ ապրիլի 3-ին կազմակերպել էր «Մտքի խնդիրներ. մտածողությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով մտորումների ֆորում, որը մեկ հարթակում համախմբեց ավելի քան 120 մասնակիցների, այդ թվում՝ ԵՊՀ շրջանավարտների:

Մտորումների ֆորումի բանախոսներն էին «SmartGateVC»-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը, «GritGen Therapeutics և Proone Labs»-ի համահիմնադիր Լուսինե Աբգարյանը, տեխնոլոգիական ղեկավար, «Meta»-ի և «Netflix»-ի նախկին աշխատակից Լիլիթ Ենոքյանը։ Ֆորումի մոդերատորն էր «SmartGateVC»-ի՝ Հյուսիսային Ամերիկայի գործառնությունների ղեկավար և գլխավոր ներկայացուցիչ Արմինե Գալստյանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «ԵՊՀ բարեկամներ» հիմադրամի խորհրդի նախագահ, դեսպան Արմեն Բայբուրդյանը։ Նա ընդգծեց արհեստական բանականության կարևորությունն ու արագ զարգացումը՝ նշելով, որ ԵՊՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտում կատարվող հետազոտություններին:
Այնուհետև տեսաուղերձի միջոցով ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով այսօրինակ միջոցառումների կարևորությունը։
«Ձեր մասնակցությունը վկայում է այն մասին, որ դուք համամիտ եք մեր տեսլականի հետ, ըստ որի՝ Հայաստանի երկարաժամկետ զարգացումը հիմնված է նրա ինտելեկտուալ ներուժի վրա։ Այդ ներուժն ապահովելու միակ ուղին հետևողական աջակցությունն է կրթությանն ու գիտությանը։ Այս առաքելության առաջատար հաստատությունը՝ ԵՊՀ-ն, առանցքային դեր է խաղում՝ ապահովելով Հայաստանի հասարակությանն անհրաժեշտ մասնագիտական և մտավոր ռեսուրսի մեծ մասը։ Ուստի աջակցել ԵՊՀ-ին նշանակում է երկարաժամկետ և կայուն ներդրում կատարել Հայաստանի ապագայի մեջ»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։
Քննարկման ընթացքում բանախոսները բարձրաձայնեցին արհեստական բանականության վերաբերյալ իրենց մտահոգություններն ու կանխատեսումները՝ ներկայացնելով յուրահատուկ տեսակետներ ոլորտի զարգացման ուղղությունների և ապագայում դրանց հետևանքների վերաբերյալ:

Ֆորումի մասնակիցների ուշադրությունը սևեռելով արհեստական բանականությանն առնչվող տարաբնույթ հարցերին՝ Արմինե Գալստյանը մատնանշեց Երևանի պետական համալսարանի կարևոր դերակատարումը ոլորտի հետազոտությունների առաջխաղացման գործում:
Քննարկումներին հաջորդեց հարցուպատասխանի փուլը, որը հնարավորություն տվեց մասնակիցներին անմիջականորեն շփվելու բանախոսների հետ և առավել խորությամբ ուսումնասիրելու թեման:
Միջոցառմանը ներկա էին նաև «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի խորհրդի անդամները՝ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, դատավոր Արմենուհի Աշվանյանը, դոկտոր Հարություն Յաղսեզյանը, Հայկ Նազարյանը, Սիլվանա Վարդանյանը և Վահե Սարգսյանը, որոնց ներկայությունն ընդգծեց ֆորումի կարևորությունը:
Ընդհանուր առմամբ, միջոցառումը մեծ հաջողություն ունեցավ՝ ստեղծելով արհեստական բանականության զարգացող դերի շուրջ իմաստալից երկխոսություն ակադեմիական և մասնագիտական ոլորտներում, մասնավորապես ԵՊՀ ներդրումների համատեքստում: