- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ուսանողների այցը Ահվազ․ ապագա իրանագետները բացահայտեցին մասնագիտական աճի, լեզվական ու մշակութային նոր հորիզոններ
Ապրիլ 09, 2025 | 14:20
Գիտություն
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ուսանողների այցը Ահվազ․ ապագա իրանագետները բացահայտեցին մասնագիտական աճի, լեզվական ու մշակութային նոր հորիզոններ
Երևանի պետական համալսարանի և Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազի Շահիդ Չամրան համալսարանի համագործակցության շրջանակում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի բակալավրիատի (3-րդ, 4-րդ կուրսեր) և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու «Պարսից լեզվի կատարելագործման» երկշաբաթյա ծրագրին։

Այս այցելությունն ուսանողների համար վերածվեց ոչ միայն լեզվաբանական գիտելիքների խորացման, այլև մշակութային բացահայտումների, ճանաչողական այցերի ու պրոֆեսիոնալ աճի ճանապարհորդության։ Նրանք ոչ միայն ներկա գտնվեցին մասնագիտական դասընթացներին, այլև շփվեցին տեղացիների հետ, ընկղմվեցին իրանական առօրյայի մեջ՝ ապրելով լեզվակիր միջավայրում, զգալով մշակույթը։ Ծրագրի ընթացքում ուսանողներին ուղեկցում էր ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Գարիկ Միսակյանը։

Իրականությունը՝ սպասելիքներից ավելին
Ուսանողները պատմում են իրենց տպավորությունների մասին՝ կարևորելով ծրագրի նշանակությունը․
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի բակալավրի 4-րդ կուրսի ուսանող Սոնա Պետրոսյան. «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ ուսանողները միայն տեսական գիտելիքներով չսահմանափակվեն։ Այս ծրագիրն այն եզակի հնարավորություններից էր, երբ մենք կարողացանք գործնականում կիրառել կուտակած գիտելիքները»։
Նույն կուրսի ուսանող Տիգրան Գրիգորյան. «Իրանում ապրելով՝ զգում ես, թե մասնագիտական ոլորտում որտեղ ունես բացեր։ Այդ բացահայտումն ինքնին մեծ ձեռքբերում է։ Այժմ նպատակ ունեմ լրացնելու դրանք ու ավելի խորացնելու մասնագիտական հմտություններս»։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի մագիստրոսական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Միլենա Դանիելյան. «Սպասում էինք շատի, բայց ստացանք կրկնակի ավելին։ Մասնագիտական տեսանկյունից սա, իսկապես, արգասաբեր ծրագիր էր։ Մշակութային մասով էլ՝ այցերն Աբադան, Շուշթար, Խորամշահր անմոռանալի էին»։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի բակալավրի 3-րդ կուրսի ուսանող Մարիամ Գրիգորյան. «Սկզբում ծրագրեր չունեի, որպեսզի հիասթափություն չապրեի։ Բայց ամեն ինչ գերազանցեց սպասելիքներս։ Երբ Իրանում ես, լեզուն այլևս դասագրքային չէ, այն ապրում ես»։
Խոսակցական պարսկերեն՝ գրքից դեպի իրականություն
Ծրագրի ընթացքում ուսանողները լեզվակիր միջավայրում զգացին գրքային պարսկերենի և խոսակցականի տարբերություններն ու ընդհանրությունները։

Մարիամը նշում է. «Խոսակցական պարսկերենն ավելի դժվար էր թվում, բայց Իրանում գտնվելու ընթացքում աստիճանաբար մտանք այդ լեզվամշակութային միջավայրն ու սկսեցինք ազատ հաղորդակցվել»։
Սոնան հավելում է. «Ի տարբերություն լսարանային դասերի՝ այնտեղ ամբողջ օրը ապրում ես պարսկերենում՝ շփվելով տեղացիների, ուսանողների հետ։ Չհասկացար՝ գնում ես, փնտրում ես, սովորում ես։ Մոտիվացիան էլ հենց դա է»։
Միլենան ընդգծում է նաև, որ իրենց լեզվական գիտելիքները միանգամից ուշադրության էին արժանանում. «Դասախոսները նշում էին, որ ԵՊՀ-ի ուսանողները առանձնանում էին մյուս երկրների ներկայացուցիչներից, հատկապես՝ գիտելիքների մակարդակով»։

Իսկ Տիգրանը հիշում է զվարճալի մի դրվագ. «Շատ հաճախ մեզ հարցնում էին՝ Իրանի որ շրջանից ենք։ Երբ ասում էինք՝ Հայաստանից ենք, զարմանքը մեծ էր լինում, որովհետև լեզվին բավականին լավ էինք տիրապեում»։
Մշակութային ընդհանրություններ, ձևավորված բարեկամություն
Ուսանողները առանձնացնում են Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր գծերը, հատկապես՝ հյուրընկալության մշակույթը։
Միլենան ասում է. «Եթե գումար չունենաս անգամ, Իրանում անօթևան չես մնա։ Նման հյուրընկալություն քիչ տեղ կգտնես»։
Նրանց զարմացրել է նաև լեզվական հետաքրքիր ընդհանրությունը, հատկապես՝ «կամաց-կամաց» արտահայտությունը և մի շարք այլ բառեր պարսկերենում, որոնք առկա են նաև հայերենում։
Մասնագիտական աճ և նոր հեռանկարներ
Սոնան նշում է. «Երբ օրը սկսում ու ավարտում ես պարսկերենով՝ շփվելով լեզվակիրների հետ, սկսում ես ուրիշ աչքով նայել մասնագիտությանդ։ Այդ մոտիկությունը շարժիչ ուժ է դառնում»։

Մարիամն ընդգծում է․ «Այսպիսի ծրագրերը նաև եզակի հնարավորություն են ուսումնասիրելու իրանական այլ լեզուներ՝ թալիշերեն, քրդերեն, թաթերեն և այլն։ Իրանցի ուսանողներն իսկապես զարմացած էին մեր կրթական ծրագրերի ընդգրկունությունից»։
Միլենան էլ ամփոփում է. «Իրանից վերադառնալուց հետո ինձ ասացին՝ լեզվական գիտելիքներս զարգացել են։ Սա լավագույն գնահատականն է, որ կարող էի ստանալ»։
Այս փորձառությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ուսուցման գործընթացում արդյունավետություն ապահովելու համար լեզուն պետք է ոչ միայն ուսումնասիրվի դասագրքային մակարդակում, այլ նաև կիրառվի լեզվակիր միջավայրում։ «Պարսից լեզվի կատարելագործման» երկշաբաթյա ծրագիրը ուսանողների համար դարձավ մասնագիտական զարգացման կարևոր հիմք՝ հնարավորություն ընձեռելով տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու և կատարելագործելու։