- Գլխավոր
- Նորություններ
- ԸՍՏ ՉԻՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ՝ 2019 Թ. ԴԵՂԻՆ ԽՈԶԻ ՏԱՐԻ Է. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ
Դեկտեմբեր 28, 2018 | 10:58
Հասարակություն
ԸՍՏ ՉԻՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ՝ 2019 Թ. ԴԵՂԻՆ ԽՈԶԻ ՏԱՐԻ Է. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ
Աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների տոմարական համակարգերն իրենց համապատասխանություններն ունեն կենդանակերպի հետ, ուստի և ամսանունները համապատասխանում են կենդանակերպի նշանների անվանումներին։ Իրենց յուրահատկությամբ առանձնանում են չինական և հնդեվրոպական աստղաբաշխական համակարգերը:
Ըստ այդմ՝ արևելյան կենդանակերպում 2019 թ. Դեղին խոզի տարի է, իսկ հնդեվրոպական կենդանակերպի հաշվարկումների համաձայն՝ տարին Ջրհոսինն է:
Մեզ հետ զրույցում տարվա խորհրդանշաններին անդրադարձան ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, տոմարագետ Գայանե Սիմոնյանը, Չինարենի և չինական մշակույթի կենտրոնի տնօրեն Արթուր Իսրայելյանը և Կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը:
Գայանե Սիմոնյանի փաստարկմամբ, կենդանակերպի նշանները խորհրդանշող գծապատկերները մարդկությանը հայտնի են նախնադարից. դրանց մասին վկայում են ինչպես ժայռապատկերները, այնպես էլ քարանձավային նմուշները:
«Դիտելով աստղային երկինքը՝ մարդը ստեղծել է տիեզերքի քարտեզներ, որոնք, անկասկած, հնագույն տիեզերագիտության դրսևորումներից են»,- ասաց Գ. Սիմոնյանը։
Վերջինս նաև վկայեց, որ կենդանակերպի համաստեղություններն ամենևին պատահական չեն նմանեցվել որոշակի կենդանիների կամ մարդկանց. «Մեծ էր դրանց ինչպես ճանաչողական, այնպես էլ խորհրդաբանական նշանակությունը»:
Յուրաքանչյուր տարի տիեզերքում իշխում է 12 կենդանակերպի նշաններից մեկը: Եվ քանի որ 2019 թ. հնդեվրոպական աղբյուրներում վկայակոչվում է ջրհոսի տարի, տիեզերքում «տանուտեր» ու «թագաժառանգ» է դառնում Ջրհոսը:
«Ջրհոսը ձեռքին սկիհ ¥արծաթյա թաս¤ ունի բռնած. այն խորհրդանշում է առատությունը, սերը, պտղաբերությունը, բերքն ու բարիքը»,- ամփոփեց Գ. Սիմոնյանը:
Արևելյան կենդանակերպում պատկերն այլ է:
Արթուր Իսրայելյանի հավաստմամբ, արևելյան կենդանակերպում Դեղին խոզին օժտել են դրական հատկանիշներով. «Խոզի տարում ծնվածների հաջողության թվերն են 2-ը, 5-ը, 8-ը, բարեհաջող գույներն են դեղինը, մոխրագույնը, սրճագույնն ու ոսկեգույնը, ծաղիկներից նախընտրելի է երիցուկը, իսկ հուսալի ուղղություններից՝ արևելքը և հարավ-արևմուտքը»,- ընդգծեց Իսրայելյանը:
Դեղին խոզն առանձնանում է նաև աշխատասիրությամբ, ինչն էլ հաջողության հասնելու գրավականներից մեկն է: «Այն ուսանողները, որոնք իրենց ուսումնառության ընթացքում կդրսևորեն առավելագույն աշխատանք, կհասնեն ցանկալի արդյունքի»,- ասաց Ա. Իսրայելյանը:
Իսրայելյանի համոզմամբ, այս տարի պետք է լինել ֆիզիկապես ակտիվ, վերջ դնել նստակեցությանը, ինչպես նաև զերծ մնալ ալկոհոլից և ծխախոտից:
Արթուր Իսրայելյանը փաստեց, որ հաջողությունը նկատելի կլինի բժշկության մեջ. «Նկատելի աճ կգրանցվի բժշկության և անասնաբուժության մեջ»:
Տարին բարենպաստ կլինի նաև դիզայներների համար, շրջադարձային՝ առևտրով և բիզնեսով զբաղվողների համար. «Այդուհանդերձ, հաջողությունը կժպտա բոլոր նրանց, ովքեր կցուցաբերեն քրտնաջան աշխատասիրություն»,- նկատեց պարոն Իսրայելյանը:
Իսկ ինչ վերաբերում է 2019 թ. խորհրդանշող կենդանուն, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը նշեց, որ Խոզին բնորոշ են խելքն ու աշխատասիրությունը. «Խոզերի մոտ լավ զարգացած են հոտառությունը և լսողությունը, որոնք էլ նպաստում են ամենակերությամբ տարվելուն»:
Առաքելյանը փաստեց, որ համաձայն գիտնականների հետազոտությունների՝ մարդիկ վարակվում են մի շարք հիվանդություններով, որոնցով վարակվում են խոզերը:
Եվրոպական շատ երկրներում խոզին պահում են տանը՝ իբրև ընտանի կենդանի: «Պահում են տնային պայմաններում, քանի որ շատ խելացի կենդանիներ են»,- մեկնաբանեց ամբիոնի վարիչը:
Եթե անդրադառնանք գունային նշանակությանը, ապա հարկ է նշել, որ դեղինը խթանում է ուղեղի և նյարդային համակարգերի աշխատանքը: Ի վերջո, դեղինն ուրախություն է, ջերմություն և հավատ ամենալավի հանդեպ:
Անգին Խաչատրյան