- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ԻՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ. ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Նոյեմբեր 26, 2018 | 17:21
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ԻՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ. ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պատվերով ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար իրականացնում է քաղաքացիական կողմնորոշման դասընթաց:
Հաշվի առնելով Հայաստան մտնող իմիգրացիոն հոսքերի աճի միտումը՝ ՀՀ կառավարության կողմից դեռևս 2016 թվականին մշակվել է Հայաստանում իմիգրանտների տարբեր խմբերի ինտեգրման խնդիրների լուծման նպատակ հետապնդող հայեցակարգ:
Ըստ այդ հայեցակարգի՝ իմիգրանտ են համարվում ՀՀ-ում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, իսկ «ինտեգրում» եզրույթն ընկալվում է իբրև օտարերկրացիներին ընդունող երկրի հասարակությունում բնակվելու համար հարմարավետ պայմաններ ստեղծելու և սոցիալական կապեր ձևավորելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների, հասարակության լայն շերտերի համակարգված գործունեություն:
Այդ գործունեության շրջանակում ԵՊՀ-ն նույնպես նպաստում է ինտեգրման գործընթացին՝ ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած,
ինչպես նաև երկարաժամկետ իմիգրանտների համար կազմակերպելով քաղաքացիական կողմնորոշման դասընթաց:
Այն անցկացվել է նոյեմբերի 20-23-ը: Դասընթացի շրջանակում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, իմիգրանտների իրավունքները սոցիալական ապահովության և զբաղվածության ոլորտում, ինչպես նաև նրանց առողջապահական, կրթական իրավունքները:
Դասընթացի մասնակիցներին ներկայացվել են պատմամշակութային ընդհանուր տեղեկություններ Հայաստանի մասին և խոսել աշխարհի քարտեզում Հայաստանի տեղի ու դերի մասին:
Ի դեպ, ի թիվս ԵՊՀ դասախոսների՝ դասընթացի մասնակիցներին դասավանդում է նաև տասնամյակներ առաջ Իրաքից Հայաստան տեղափոխված Երվանդ Մինասյանը՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, որը հայրենիքում ինտեգրվելու իր փորձն է հաղորդում հայրենակիցներին:
Պատրաստեց Քնար Միսակյանը