- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԳՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐՎԱՆ
Մայիս 24, 2022 | 14:39
Կրթություն
Հասարակություն
ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԳՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐՎԱՆ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողներն այցելեցին Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղ՝ ծանոթանալու Հայաստանում մոլոկան համայնքի ներկայացուցիչների կյանքին ու մշակույթին, ինչպես նաև տեղում ուսումնասիրելու նրանց բարբառի արդի լեզվավիճակը։
Միջոցառման շրջանակում ուսանողներն այցելեցին գյուղի դպրոց, որտեղ ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոս Աննա Խիզանցյանն աշակերտներին ներկայացրեց Երևանի պետական համալսարանի պատմությունը, բուհի կառուցվածքը, ռուս բանասիրության ֆակուլտետի գործունեությունն ու կրթական ծրագրերը։
Ուսանողները խոսեցին արտալսարանային կյանքի մասին, այնուհետև պատասխանեցին դպրոցականների հարցերին՝ կապված իրենց ֆակուլտետի, այնտեղ տրվող կրթության և հնարավոր հեռանկարների հետ։
Դպրոցի տնօրեն Արամ Ղազարյանը հանդիպման ընթացքում խոսեց վերջին տարիներին դպրոցում տեղի ունեցած բարեփոխումների՝ նոր դասագրքերի, համակարգչային դասարանի բացման և ցուցահանդեսների անցկացման մասին, իսկ ռուսաց լեզվի ուսուցչուհի Շուշան Կոցինյանը ծանոթացրեց դպրոցի գրադարանին և պատմեց, թե ինչ գրքեր են սիրում կարդալ աշակերտները։
Հյուրերին ողջունելու էին եկել նաև դպրոցականները։ Նրանք մեծ ոգևորությամբ պատմեցին իրենց ծեսերի ու սովորույթների, տոների, ավանդական տարազների ու ուտեստների մասին։ Այնուհետև ուսուցիչն ու դպրոցականները ներկայացրին իրենց բարբառին բնորոշ բառեր ու արտահայտություններ։
Միջոցառման համակազմակերպիչ, Երևանում գտնվող Ռուսական տան ներկայացուցիչ Սոնա Սարանջյանն իր հերթին խոսեց «Россотрудничество» կազմակերպության գործունեության, ռուսական բուհերում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունների մասին և հուշանվերներ ընծայեց դպրոցին ու աշակերտներին։
Ֆիոլետովոյում գտնվող 150-ամյա խրճիթում Մայր բուհի ներկայացուցիչներին պատմեցին գյուղի բնակիչների կյանքի, սոցիալ-կենցաղային հարաբերությունների մասին, ցույց տվեցին նաև մոլոկանների կենցաղային որոշ իրեր։
Այցն ավարտվեց կեչու պուրակ այցելությամբ: Երկուստեք կարևոր հանդիպումից հետո ուսանողները վերադարձան Երևան վառ տպավորություններով ու նոր գիտելիքներով, իսկ աշակերտները շնորհակալություն հայտնեցին բովանդակալից զրույցի ու հետաքրքիր հանդիպման համար։