- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Մայիս 26, 2022 | 18:46
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ-ում կայացավ միջազգային հոբելյանական գիտաժողով՝ «ՀԱՊԿ ներկան և ապագան. հավաքական անվտանգության մասին պայմանագրի 30 և կազմակերպության 20-ամյակը» խորագրով։ Այն անցկացվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակում: Միջազգային գիտաժողովին ներկա էին ճանաչված գիտնականներ ու փորձագետներ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներից:
Գիտաժողովի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Դմիտրի Պանտելինը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական քաղաքականության վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդուարդ Երիցյանը, Հայաստանում Բելառուսի դեսպանության խորհրդական Գրիգորի Ակսյոնովը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գիտաժողովի ընթացքում հիմնականում քննարկվելու են ՀԱՊԿ-ի զարգացման խնդիրներն ու կազմակերպության ունեցած դերը, ինչպես նաև զարգացմանը վերաբերող այլ հարցեր:
«Այս մասշտաբի միջազգային գիտաժողով առաջին անգամ էինք կազմակերպում: Հույս ունենք, որ ամեն տարի կկարողանանք ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի տարածաշրջանի երկրների առաջատար մասնագետներին հյուրընկալել ԵՊՀ-ում, ինչպես նաև խնդրից խորապես տեղեկացված մեր մասնագետները կգնան արտերկիր՝ մեր երկիրը ներկայացնելու»,- նշեց Ա. Սաֆարյանը:
Գիտաժողովի ընթացքում զեկուցմամբ հանդես եկան Մայր բուհի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պ.գ.թ., դոցենտ Ժակ Մանուկյանը, պ.գ.թ., դոցենտ Ռոման Կարապետյանը, Բելառուսի Հանրապետությունը ներկայացնող հրապարակախոս և հասարակական գործիչ Ալեքսեյ Ձերմանտը, Ղրղզստանի Հանրապետության ներկայացուցիչ, պահեստի գնդապետ Նուռլան Դոսալիևը, Տաջիկստանի Հանրապետությունից քաղաքական գիտությունների թեկնածու Շերալի Ռիզոյոնը և ՌԴ-ից Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի ներկայացուցիչ Պիտեր Կորտունովը:
Գիտաժողովին ներկա էին նաև հասարակական գործիչներ, այլ գիտնականներ ու փորձագետներ:
Հրապարակախոս և հասարակական գործիչ Ալեքսեյ Ձերմանտը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ վստահ է՝ ժամանակի ընթացքում այս կազմակերպության դերը կաճի, նոր գործառույթներ կավելանան:
«Յուրաքանչյուր երկիր աշխարհաքաղաքական ուրույն իրավիճակում է գտնվում: Վստահ եմ՝ մենք համաձայնության կգանք այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքիր են յուրաքանչյուրիս»,- նշեց Ա. Ձերմանտը:
«ՀԱՊԿ ներկան և ապագան. hավաքական անվտանգության մասին պայմանագրի 30 և կազմակերպության 20-ամյակը» խորագրով միջազգային գիտաժողովն ավարտվեց հարցուպատասխանով, ծավալվեց աշխույժ քննարկում:
Նշենք, որ Մայր բուհում կայացած միջազգային գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի և Եվրասիական փորձագիտական ակումբի համատեղ ջանքերով:
Արտասահմանից ժամանած մասնակիցների համար կկազմակերպվեն առանձին հանդիպումներ ՀՀ-ի հասարակական-քաղաքական գործիչների հետ: