- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ 8-ՐԴ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ՀՆԷԱԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Հունիս 21, 2019 | 13:54
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ 8-ՐԴ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ՀՆԷԱԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ սև շենքի դահլիճում այսօր մեկնարկեց 8-րդ Ասպիրանտական հնէակենդանաբանության համաժողովը, որը տևելու է մինչև հուլիսի 23-ը ներառյալ:
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության, կենդանաբանության և Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտների ասպիրանտների ջանքերով: Միջոցառման կազմակերպմանն աջակցել են ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
Միջոցառման կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ասպիրանտ Մարիա Անտոնոսյանը նշեց, որ համաժողովին մասնակցում են աշխարհի 9 երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Թունիսից, Ավստրիայից, Հնդկաստանից, Լատվիայից, Սերբիայից ժամանած ասպիրանտներ: Հայաստանից մասնակցում է 10 ասպիրանտ:
Նրա խոսքով, այս համաժողովի նպատակն է զարգացնել հնէակենդանաբանության ճյուղը, քանի որ այն այդքան էլ զարգացած չէ Հայաստանում: «Բացի դրանից՝ այն կնպաստի երիտասարդ գիտնականների փորձի փոխանակմանը և նոր կապերի հաստատմանը»,- հավելեց ասպիրանտը:
Համաժողովի բացմանը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Թարվերդյանն իր ելույթում նշեց, որ այս համաժողովը կարևոր նշանակություն ունի Հայաստանում հնագիտության ենթաճյուղի՝ հնէակենդանաբանության զարգացման, ինչպես նաև մասնագետների կայացման համար:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, նմանօրինակ համաժողովները նպաստում են Հայաստանում գիտության զարգացմանը և առաջընթացին: «Այս համաժողովը ևս մեկ քայլ է՝ Հայաստանում նոր շունչ հաղորդելու հնէակենդանաբանության ճյուղի զարգացմանը»,- ասաց նա:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանն ասաց, որ այսօր շատ կարևոր են այն գիտակրթական ծրագրերը, որոնք միտված են զարգացնելու հնէակենդանաբանության ճյուղը: «Ես շատ բարձր եմ գնահատում այն երիտասարդներին, որոնք զբաղվում են գիտությամբ: Այս համաժողովն իր բացառիկ նշանակությունը կունենա հնագիտության ոլորտում, քանի որ զեկուցողները ներկայացնելու են իրենց երկրում, ինչպես նաև մեր երկրում իրենց իսկ կողմից իրականացրած հետազոտությունները»,- ասաց նա:
Մարիա Անտոնոսյանը նշեց, որ ասպիրանտական հնէակենդանաբանության համաժողովն առաջին անգամ է տեղի ունենում Հայաստանում, այն միշտ կազմակերպվել է Եվրոպայի տարբեր քաղաքներում: «Անցած տարի այն անցկացվել է Իտալիայի Պալերմո քաղաքում, որտեղ ես առաջարկել եմ 2019 թվականի համաժողովն անցկացնել Հայաստանում»,- ասաց նա:
Նադեժդա Տեր-Աբրահամյան