- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-Ն ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԻ ՄՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՏՔԻ, ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԳԵՆԵՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԸ ԵՎ ՀԱՐԹԱԿԸ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Սեպտեմբեր 27, 2019 | 21:37
Հասարակություն
«ԵՊՀ-Ն ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԻ ՄՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՏՔԻ, ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԳԵՆԵՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԸ ԵՎ ՀԱՐԹԱԿԸ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ 100-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսություն, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով:
Նիկոլ Փաշինյանը, դիմելով ԵՊՀ դասախոսներին, շրջանավարտներին, ուսանողներին, ԿԳՄՍ նախարարին, Կառավարության անդամներին, ԱԺ պատգամավորներին և հյուրերին, ասաց, որ 1919 թ. մայիսի 16-ին Հայաստանում կառավարությունն ընդունեց Հայաստանի պետական համալսարան հիմնելու մասին որոշումը, որը դարձավ մեր կարճակյաց Առաջին հանրապետության կյանքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձություններից մեկը. «Իրադարձություն, որը մեր ժողովրդի հետագա կյանքում պետք է ունենար հսկայական նշանակություն»:
ՀՀ վարչապետի փաստմամբ, այն, որ համալսարանը ստեղծվեց Պատմաբանասիրական ֆակուլտետի հենքի վրա, ցույց է տալիս գործնական և պետական նշանակությունը, որ մեր կյանքում պետք է ունենար կրթական, գիտական այդ կառույցը:
«Ըստ էության՝ խնդիր էր դրված ձևակերպելու մեր պետական նոր ինքնությունը, որովհետև մենք հարյուրամյակների դադարից հետո ահա դառնում էինք պետական ազգ, պետական ժողովուրդ, և նոր պայմաններում մեր նոր ինքնությունը ձևակերպելու, մեր ժառանգությունն ուսումնասիրելու և դասակարգելու խնդիր կար: Եվ այդ խնդիրը հաջողությամբ լուծեց Երևանի պետական համալսարանը՝ ըստ էության ձևակերպելով մեր անցած պատմության, ընթացիկ պատմության կարևորագույն արժեքները և դրանք դնելով մեր նոր պետական ինքնության հիմքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա հավաստմամբ, երբ թվարկում ենք, թե ինչ անուններ են գործ ունեցել ԵՊՀ-ի հետ, կամ, ավելի ճիշտ, ինչ անուններ են կերտել այս համալսարանը, նրա պատմությունը մեր իրականության համար ավելի արժեքավոր է դառնում՝ Հակոբ Մանանդյան, Ստեփանոս Մալխասյանց, Մանուկ Աբեղյան, Գրիգոր Ղափանցյան և այսպես շարունակ:
«Երևանի պետական համալսարանում, ի վերջո, կանոնակարգվեց մեր մշակութային այն ժառանգությունը, որը նույնպես պետք է դրվեր մեր նոր պետական ինքնության հիմքում: Եվ այս ամենի արդյունքն ի վերջո ի ցույց դրվեց 1965 թ. մեր ազգային զարթոնքի միջոցով, որը նաև հետագայում դարձավ մի նոր մշակութային վերածննդի հիմք և պատճառ: Այս ամենի արդյունքում է, որ 1988 թ. մեր ժողովուրդն ապրեց մի նոր վերածնունդ, որով ինքը՝ որպես նոր ժառանգ, պետք է տեր կանգներ իր նոր պետական ինքնությանը»,- նշեց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի փաստմամբ, մեր ժողովրդի՝ 20-րդ դարի պատմության մեջ ԵՊՀ-ն ունեցավ իսկապես անկյունաքարային և շրջադարձային նշանակություն. «Իհարկե, նոր պայմաններն իրենց հետ բերեցին ցնցումներ մեր հանրության բոլոր ոլորտներում:
Մենք վերապրեցինք երկրաշարժ, մենք վերապրեցինք պատերազմ, մենք վերապրեցինք նոր պետություն կերտելու անհրաժեշտություն, և այս ամենի մեջ մենք ունեցանք բազմաթիվ կորուստներ, նաև բազմաթիվ նվաճումներ, բայց, մեծ հաշվով, մենք կարող ենք ասել՝ կրթական համակարգում ավելի շատ բարդությունների հանդիպեցինք, քան կարողացանք այդ բարդությունները լուծել»:
ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ նոր ժամանակները նաև ԵՊՀ-ի վերածննդի ժամանակներն են. «ԵՊՀ-ն ինչպես եղել է, այնպես էլ պետք է շարունակի մնալ Հայաստանում մտքի, գաղափարների գեներացման հիմնական տեղը և հարթակը, որովհետև նոր ժամանակներում ազատությունը, ստեղծագործականությունը, արդարությունը և ազգի մրցակցությունը, մտքի զարգացումը նույնքան պահանջված են, ինչքան պահանջված էին մեր ժողովրդի՝ 20-րդ դարի կյանքի ընթացքում»:
«Եվ ես ուզում եմ տոնական այս օրը բոլորիս մաղթել, որ մենք համատեղ աշխատանքի միջոցով ի վիճակի լինենք վերականգնելու ԵՊՀ-ի երբեմնի փառքը, վերականգնելու ԵՊՀ-ի երբեմնի մեծությունը: Ընդ որում՝ սա պետք է արտահայտվի կոնկրետ արդյունքներով: Ես ասել եմ և էլի ուզում եմ կրկնել. ինչպես բուհական համակարգն ընդհանրապես, այնպես էլ ԵՊՀ-ն մասնավորապես պետք է դառնա Հայաստանի բոլոր կառավարությունների ամենակարևոր փորձագիտական հենարանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ձևակերպեց ԵՊՀ-ի միջազգայնացման խնդիրը, որի լուծմամբ համալսարանը պետք է դառնա այնպիսի մի բուհ, որն աշխարհին ունի առաջարկելու շատ բան, և բաց է աշխարհից վերցնելու նորարական գաղափարներ և, այդ գաղափարների վրա հիմնվելով, ապահովել մեր կրթական համակարգի հետագա զարգացումը:
«Ես ուզում եմ ձևակերպել կոնկրետ խնդիր: Ես կարծում եմ, որ ԵՊՀ-ն առաջիկա տասը տարվա ընթացքում պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն համալսարանների վարկանիշային աղյուսակի առաջին 500 հորիզոնականում: Եվ սա մի խնդիր է, որի լուծման համար մենք՝ բոլորս, պետք է մեկտեղենք, համատեղենք մեր ուժերը և ԵՊՀ-ն վերստին դարձնենք Հայաստանում մտքերի, գաղափարների, ստեղծագործականության առաջատար, հիմնական ուժ»:
Եվս մեկ անգամ ԵՊՀ 100-ամյակի առիթով շնորհավորելով բոլորին՝ Նիկոլ Փաշինյանը մաղթեց, որ առաջիկա 100 տարին համալսարանի համար լինի վերելքների, ուժեղացման, գիտական մտքի հաղթանակների շարունակական մի ժամանակաշրջան. «Իսկ շարունակությունը թող ձևակերպեն արդեն հարյուր տարի հետո այս ամբիոնից խոսողները և այս դահլիճում նստողները: Շնորհակալ եմ»:
Քնար Միսակյան