- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ի ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է
Մայիս 21, 2019 | 16:01
Կրթություն
ԵՊՀ-Ի ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի չինագիտության կենտրոնում այսօր դասախոսություններով հանդես եկան Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գիտաշխատողներ Լի Սյան, Յույ Խունլյանը, Տան Չժի Ցաոն և Խուան Յունգուանը:
Միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ տեղի ունեցած դասախոսությունները կազմակերպվել էին ԵՊՀ-ի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև հաստատված փոխհամագործակցության շրջանակում: Հիշեցնենք, որ հենց այդ ակադեմիայի աջակցությամբ է ստեղծվել Չինագիտության կենտրոնը, որի հիմնական նպատակն է նպաստել հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանը:
Դասախոսությունների մեկնարկից առաջ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը փաստեց, որ կենտրոնում իրականացվում են ուսումնասիրություններ Չինաստանի պատմության և քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպվում գիտական քննարկումներ ու հանդիպումներ:
«Չինաստանից ժամանած մեր գործընկերներն այսօր կօգնեն բացահայտել Չինաստանի արտաքին քաղաքականությունը, հասկանալ ներքին իրադրությունները, պարզել իրավական համակարգի առանձնահատկությունները և առավել մանրամասն ծանոթանալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
«Չինական հակակոռուպցիոն մեխանիզմը», «Չինաստանի զարգացման պատմությունն արդիականացման ճանապարհին», «Չինաստանի ներքին քաղաքականությունը և նախաձեռնությունները. Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության հարցերը» խորագրերով դասախոսությունների ընթացքում ԵՊՀ իրավագիտության, միջազգային հարաբերությունների և արևելագիտության ֆակուլտետների ուսանողները հնարավորություն ունեցան ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Հիշեցնենք, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը Չինաստանի կողմից առաջադրված բաց և տնտեսական դիվանագիտության բարձր մակարդակի նախագիծ է, նոր դարաշրջանում համագործակցության զարգացմանն ու ընդհանուր բարգավաճմանն ուղղված չինական մոդել:
Չինական կառավարության առաջարկած համագործակցության այս մոդելը միտված է՝ խթանելու «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնության շրջանակում խաղաղությունն ու համագործակցությունը, հրապարակայնությունն ու հանդուրժողականությունը, փոխադարձ ուսուցումն ու փոխշահավետությունը: Այս նախաձեռնության ակտիվ գործընկերներից է նաև Հայաստանը:
Քնար Միսակյան