- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ «DASSAULT SYSTEMES» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Մայիս 10, 2019 | 17:46
Գիտություն
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ «DASSAULT SYSTEMES» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիպում «Dassault systemes» ( https://www.3ds.com/ru/) ընկերության ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը ներկա էին «Dassault systemes ընկերության փոխնախագահ Քրիստիան Նարդին և ակադեմիական ծրագրերի ավագ տնօրեն Խավիեր Ֆուժեն, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը, ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Ղազարյանը, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի վարիչ Հովհաննես Հարոյանը, Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ Յուրի Հակոբյանը և Ֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Մարտին Գրիգորյանը:
Հանդիպման սկզբում ԵՊՀ պրոռեկտորներն ու դասախոսական կազմը ողջունեցին հյուրերին ու ներկայացրին իրենց ուսումնասիրության ոլորտները։
«Dassault systemes» ընկերության ներկայացուցիչները խոսեցին իրենց ընկերության մասին ու ասացին, որ այն զբաղվում է գիտության, կրթության և տեխնիկայի նորարարական լուծումների ստեղծմամբ և պատրաստ է համագործակցել ԵՊՀ-ի հետ այս ոլորտներում։
«Գիտությունը, կրթությունն ու տեխնիկան հիմա ամենաարագ զարգացող ոլորտներն են, և արդյունավետ կլիներ դրանք արդյունաբերությանը ծառայեցնելը ևս»,- նշեց Խավիեր Ֆուժեն:
Հանդիպման ընթացքում «Dassault systemes» ընկերության ներկայացուցիչները ծանոթացան հանդիպմանը ներկա ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին, նրանց գործունեությանը և ուսումնասիրվող ոլորտներին։
Նշենք, որ այցը կրում էր ճանաչողական բնույթ։ Ընկերության ներկայացուցիչներն ու համալսարանականները համաձայնության եկան իրենց ընդհանուր հետաքրքրությունների շրջանակը հանդիպումից հետո ավելի լավ ուսումնասիրելու և փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու շուրջ։
Մարինե Առաքելյան